Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ծխախոտը՝ հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկը

Ծխախոտը՝ հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկը

Յուրաքանչյուր տարի աշխարհը նշում է Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն այս տարի մայիսի 31-ն է:

«Երիտասարդնե՛ր, միջամտե՛ք և կարծիք հայտնե՛ք» այս տարվա կարգախոսով ամբողջ աշխարհի երիտասարդները կոչ են անում կառավարություններին պաշտպանել իրենց ծխախոտի շուկայավարման գիշատիչ մարտավարությունից: Ծխախոտի արդյունաբերությունը նպատակ ունի ամբողջ կյանքի ընթացքում շահույթ ստանալ՝ ստեղծելով կախվածության նոր ալիք` հատկապես երիտասարդների շրջանում: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ շատ երկրներում երեխաներն ավելի հաճախ են օգտագործում էլեկտրոնային ծխախոտ, քան մեծահասակները, և գնահատված է, որ աշխարհում ծխախոտ են օգտագործում 13-15 տարեկան 37 միլիոն դեռահասներ:

Ըստ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների՝ ծխող տղամարդկանց թիվը թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-34 տարիքային խմբին անցումով՝ 14.7%-ից մինչև 60.6%: Ամեն օր ծխողների 96.5%-ն օգտագործում է ֆիլտրով սիգարետներ։ Նրանք օրական միջին հաշվով ծխում են 24.6 սիգարետ։ Էլեկտրոնային ծխախոտ օգտագործում է ամեն օր ծխողների 3.3%-ը՝ օրական ծխելով միջին հաշվով 9․7 սիգարետ, իսկ տաքացվող ծխախոտ օգտագործում է ամեն օր ծխողների 3.0%-ը՝ օրական օգտագործելով 12.7 սիգարետ:

Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային և տաքացվող սիգարետներ ծխել սկսելու տարիքը համապատասխանաբար 22.0 և 24,0 տարեկանն է, ինչը կարող է պայմանավորված լինել այս ապրանքատեսակների համեմատաբար ավելի բարձր արժեքով, որն ունի կարևոր կանխարգելիչ նշանակություն:

Ծխախոտը հանդիսանում է մահացության, հիվանդությունների և աղքատացման հիմնական պատճառ:

Ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է, որին երբևէ բախվել է աշխարհը, և ամեն տարի այն խլում է ավելի քան 8 միլիոն մարդու կյանք ամբողջ աշխարհում: Այս մահերից շուրջ 7 միլիոնը ծխախոտի անմիջական օգտագործման արդյունք է, մինչդեռ մոտ 1.3 միլիոնը չծխողների վրա երկրորդային ծխի ազդեցության հետևանք է:

Ծխախոտի օգտագործման բոլոր ձևերը վնասակար են: Ծխախոտը օգտագործվող ծխախոտային արտադրատեսակներից ամենատարածվածն է ամբողջ աշխարհում: Այլ արտադրատեսակներից են նարգիլեն, սիգարը, սիգարիլլան, էլեկտրոնային ծխախոտը, խողովակային ծխախոտը, բիդը և կրետեկները, ծխախոտի անծուխ, համային հավելումներով արտադրանքները` վեյփերը և այլն:

Աշխարհում 1.3 միլիարդ ծխախոտ օգտագործողների մոտ 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների և մահացության բեռն ամենածանրն է: Ծխախոտի օգտագործումը նպաստում է աղքատության աճին՝ տնային տնտեսությունների ծախսերը շեղելով հիմնական կարիքներից, ինչպիսիք են սնունդը և բնակարանները: Այս ծախսատար վարքագիծը դժվար է զսպել, քանի որ ծխախոտը խիստ կախվածություն է առաջացնում:

Երկրորդային ծուխը այն ծուխն է, որը լցվում է ռեստորաններում, գրասենյակներում, տներում կամ այլ փակ տարածքներում, երբ մարդիկ ծխում են այդ տարածքներում: Երկրորդային ծխի ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի: Երկրորդային ծուխը հիմնական ռիսկի գործոն է սրտանոթային և շնչառական լուրջ հիվանդությունների դեպքում, ներառյալ սրտի իշեմիկ հիվանդությունը և թոքերի քաղցկեղը, և տարեկան հանգեցնում է մոտ 1.3 միլիոն մարդու վաղաժամ մահվան:

Մի քանի վիճակագրական տվյալ ծխախոտի օգտագործման և դրա հետևանքների մասին.

  • Ըստ վիճակագրության՝ ծխախոտի օգտագործման հետևանքով զարգացած հիվանդություններից մահանում է ծխողների գրեթե կեսը, ովքեր կտրականապես չեն թողնում ծխելը:
  • Տարեկան ավելի քան 8 միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործման արդյունքում զարգացած հիվանդություններից, ներառյալ 1,3 միլիոն չծխողները կամ, այսպես կոչված, պասիվ ծխողները, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի:
  • Աշխարհում 1,3 միլիարդ ծխախոտ օգտագործողների մոտ 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
  • 2020 թվականին ծխախոտ է օգտագործել մոլորակի բնակչության 22,3%-ը, տղամարդկանց` 36,7%-ը, և կանանց` 7,8%-ը:
  • Ծխախոտային համաճարակի դեմ պայքարի նպատակով ԱՀԿ անդամ պետությունները 2003 թվականին ընդունել են ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան: Ներկայումս այդ պայմանագրի մասնակից է 182 երկիր (195-ից)։
  • Կոնվենցիայի շրջանակներում ԱՀԿ միջոցառումների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվում և նվազում են ծխելու պատճառով առաջացող առողջապահական ծախսերը:

Ծխախոտային արտադրանքի նկատմամբ հարկերի բարձրացումը ծխախոտի սպառումը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, հատկապես երիտասարդների և ցածր եկամուտ ունեցող խմբերի շրջանում: Այդպիսի հարկերի բարձրացումը հանգեցնում է ծխախոտի գների 10% աճի, նվազեցնում է ծխախոտի օգտագործումը բարձր եկամուտ ունեցող երկրներում մոտ 4%-ով, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ մոտ 5%-ով:

Չնայած դրան, ծխախոտային արտադրանքի նկատմամբ բարձր հարկերը հազվադեպ են ներդրվում։ Միայն 41 երկիր, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 12%-ը, ծխախոտի արտադրանքի վրա հարկեր է սահմանել այնպես, որ մանրածախ գնի առնվազն 75%-ը հարկ է:

Ծխախոտի ապօրինի վաճառքը լուրջ խնդիրներ է առաջացնում ամբողջ աշխարհում առողջապահության, տնտեսության և անվտանգության համար: Աշխարհում սպառված յուրաքանչյուր 10 ծխախոտից 1-ը համարվում է անօրինական:

Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ ապօրինի առևտրի դեմ կարելի է հաջողությամբ պայքարել նույնիսկ հարկերի և ծխախոտի գների բարձրացման դեպքում, ինչը հանգեցնում է հարկային եկամուտների ավելացման և ծխախոտի օգտագործման կրճատման:

Աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդը, որն ապրում է 74 երկրներում, պաշտպանված է ծխելու արգելքի մասին համապարփակ ազգային օրենքներով:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ում 2020թ.-ի մարտի 21-ից ուժի մեջ է մտել 13.02.2020թ.-ի փետրվարի 13-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի կողմից վավերացված ՀՕ-92-Ն օերնքը, որի Հոդված 6-ի 1-ին կետի «ը» և «թ» ենթակետերի համաձայն ՀՀ-ում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը հետևյալ վայրերում,

ը) հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

թ) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ),

2) աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,

3) առևտրի կենտրոններում,

4) ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները: