Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2021 թվականին ենթակառուցվածքային հավատարմագրումն անցնելուց հետո նախաձեռնեց ծրագրային հավատարմագրման գործընթաց։
2021 թվականի սեպտեմբերին համալսարանի Գիտական խորհուրդը կայացրեց որոշում «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը սկսելու վերաբերյալ։ Որոշման հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ միջազգային հավատարագրման դեպքում մեր շրջանավարտները հնարավորություն կունենան այլևս կրթությունը շարունակելու ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում (օրինակ՝ ԱՄՆ), որտեղ կրթական ծրագրի միջազգային հավատարմագրումը 2024 թվականից պարտադիր պայման է դառնում կրթության շարունակության համար։ Սակայն մենք այս ճանապարհին առավել կարևորում ենք կրթական ծրագրի համապատասխանեցումը միջազգային գործող ստանդարտներին, ինչը միանշանակ կբերի ծրագրի բարելավմանը։
2021 թվականի դեկտեմբերից սկսվեցին հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները։
«Փորձեցինք կապ հաստատել միջազգային հավատարմագրման փորձ ունեցող փորձագետների հետ, որովհետև անհրաժեշտ էր շատ մանրամասն ուսումնասիրել այն բոլոր չափանիշների պահանջները, համաձայն որոնց՝ պետք է գրվեր ծրագրի իրականացման մասին ինքնավերլուծության զեկույցը», – նշեց բժշկական բուհի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։ Կազմվեց հավատարմագրման գործընթացի ճանապարհային քարտեզ, և ձևավորվեց ինքնավերլուծությունը կազմող մեծ խումբ, որը 1 տարվա ընթացքում ակտիվ համագործակցեց ներքին շահակիցների և արտաքին 3 միջազգային փորձագետների հետ։ «Գործընթացի առաջին փուլում աշխատանքային խումբը մանրամասնորեն ծանոթացավ միջազգային այն 5 չափանիշի պահանջներին, որոնց համաձայն ՝ պետք է գրվեր ինքնավերլուծության զեկույցը։ Նշեմ, որ դրանք վերաբերում են կրթական ծրագրի նպատակներին, ուսումնառության արդյունքներին, դրանց գնահատման մեխանիզմներին, ծրագրի կառուցվածքին, բովանդակությանը, դասավանդման մեթոդներին, ուսանողների ձեռքբերումներին, մարդկային և ենթակառուցվածքային ռեսուրսներին և որակի ներքին ու արտաքին գնահատմանը: Յուրաքանչյուր 5 չափանիշ կազմված է չափորոշիչներից, որտեղ հստակ ընդգծված է, թե որ հիմնական հարցերին պետք է ուշադրություն դարձնել և ներկայացնել զեկույցը գրելիս։ Չափորոշիչներից բխող հարցերին պատասխանելու համար մենք սկսեցինք իրականացնել 5 տարվա արդյունքների հավաքագրում․ սկսվեց համապատասխան փաստաթղթային փաթեթի հավաքագրման գործընթաց։ Ցանկացած գրված նախադասության տակ պետք է դրվեր համապատասխան փաստաթուղթը՝ բոլոր թվերով, փաստերով և հավաստիացումներով», – շեշտեց պրոռեկտորը՝ հայտնելով, որ 1,5 տարվա աշխատանքների արդյունքում գրվեց ինքնավերլուծության զեկույցը։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով «Բուժական գործ» կրթական ծրագրի համար գրվեց ինքնավերլուծության 3 զեկույց և առանձնացվեցին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները։
Ինքնավերլուծությունը ներառում է ինչպես բուհի 5 տարվա հաջողությունները, այնպես էլ առկա մարտահրավերները, դրանց բարելավման ուղիները և գործիքները։
Միջազգային փորձագետներն, ըստ պրոռեկտորի, աշխատել են ներքին և արտաքին շահակիցների հետ, ուսումնասիրվել է համալսարանի ենթակառուցվածքը և մարդկային ռեսուրսները, այսինքն՝ այն ամենն, ինչն ապահովում է կրթական ծրագրի իրականացումը։ «Սակայն ամենակարևորը կրթական ծրագիրն էր։ 1,5 տարի նրանց հետ աշխատելու ընթացքում մենք լուրջ փոփոխություններ իրականացրինք կրթական ծրագրի դասավանդման և գնահատման ձևաչափերում։ Եթե մինչև հիմա մենք հիմնականում աշխատում էինք հորիզոնական ձևաչափով, ապա այս տարվա սեպտեմբերից մենք սկսում ենք ներդնել մոդուլային ձևաչափը», – փաստեց Լարիսա Ավետիսյանը՝ շեշտելով, որ փոփոխությունների իրականացմանը մասնակցել են բոլորը՝ կրթական ծրագրի ղեկավարը, ամբիոնների վարիչները, դասախոսական կազմը, Կրթական ծրագրերի բաժինը և այլն։
Հավատարմագրման գործընթացի ներկա փուլը
Ինքնավերլուծության զեկույցի վերջնական տարբերակը և պահանջվող բոլոր փաստաթղթերը 2023թ. հուլիս ամսին ուղարկվել են միջազգային հավատարմագրման NCEQE կառույցին։
Հոկտեմբերի 16-21-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է միջազգային փորձագիտական խմբի այցը բժշկական համալսարան։ «3-4 օրվա ընթացքում փորձագիտական խմբի անդամները հանդիպելու են տարբեր խմբերի հետ․ խոսքը և՛ արտաքին, և՛ ներքին շահակիցներին է վերաբերում՝ համալսարանի ամբողջ ղեկավար կազմին, ամբիոնների վարիչներին, դասախոսներին, ուսանողներին, շրջանավարտներին, գործատուներին։ Նրանք տեղում հավաստիանալու են այն ամբողջ գործընթացին, որի մասին մենք գրել ենք զեկույցում, և լսելու են նաև ներքին ու արտաքին շահակիցների կարծիքները», – տեղեկացրեց Լարիսա Ավետիսյանը՝ հավելելով, որ նրանք լինելու են նաև համալսարանական կլինիկաներից որևէ մեկում, այցելելու են այն 28 կլինիկաներից մեկը, որոնք համալսարանական չեն, բայց նրանց հետ բուհը կնքել է պայմանագրեր։ Փորձագետները կլինեն նաև ամբիոններում, լաբորատորիաներում, Սիմուլյացիոն կենտրոնում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում, որտեղ այս տարի առաջին անգամ պետական ամփոփիչ ավարտական քննության գործնական հմտությունների փուլն իրականացվեց միջազգային OSCE ձևաչափի կիրառմամբ։
Ցանկացած միջազգային հավատարմագրում, պրոռեկտորի համոզմամբ, միտված է բարեփոխումների, օգնում է, որպեսզի լավարկումներն իրականացվեն շատ ավելի կարճ ժամանակահատվածում։
«Անշուշտ, մենք ինքներս գիտենք մեր ուժեղ և թույլ կողմերը, որովհետև ինքնավերլուծության զեկույցի յուրաքանչյուր չափորոշիչն ավարտվում է SWOT վերլուծությամբ, բայց երբ աշխատում ես միջազգային փորձագետների հետ, որոնք ունենք երկար տարիների աշխատանքային փորձ՝ լինելով բժշկական կրթական դաշտի լուրջ մասնագետներ, կոնկրետ են նշվում այն գործիքները, որոնց օգտագործումը հաջողություններ կբերի ավելի կարճ ժամանակահատվածում», – ամփոփեց բժշկական բուհի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը։