ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը հանդիպեցին այն կլինիկական օրդինատորների, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք գործուն մասնակցություն ունեցան Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով ՀՀ ԱՆ համակարգմամբ տեղահանված վիրավորներին տեղափոխելու և տուժածներին բժշկական որակյալ օգնություն տրամադրելու աշխատանքներում:
«Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում բոլորին բժշկական համալսարանում նման վարքագիծ և մարդկային տեսակ ձևավորելու համար»,- կլինիկական օրդինատորներին, սովորողներին բուհի ղեկավարության անունից երախտիքի խոսք հղեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ ուսանողության համար այս երիտասարդների օրինակը պետք է տեսանելի լինի:
Հանդիպման մասնակիցները ներկայացան, խոսեցին կատարած աշխատանքի, ներկայիս իրենց զբաղվածության մասին:
Բուհի ղեկավարը, լսելով նրանցից յուրաքանչյուրի կարծիքը հետագա ուսումնառության վերաբերյալ, պատրաստակամություն հայտնեց քննարկել նրանց ներգրավումը համալսարանական մեծ ընտանիքի մեջ:
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ արդեն իսկ պրոֆեսիոնալիզմ դրևորած հերացիականների հետագա մասնագիտական ուղին ևս պետք է հիմնված լինի ծայրահեղ բարձր արհեստավարժության վրա:
Տեղահանված վիրավորներին տեղափոխելու և տուժածներին բժշկական որակյալ օգնություն տրամադրելու աշխատանքներում ներգրավված սովորողների մեծ մասն աշխատում էր շտապօգնության ծառայությունում:
Նրանց մի մասը բարձրաձայնեց աղետների բժշկությանն ուղղված վերապատրաստման դասընթացների, այս ոլորտում մասնագիտացման կարևորության մասին։ Այս առումով ռեկտորը նկատեց, որ Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնում նախատեսվում են ծրագրային բարեփոխումներ և հաշվի կառնվեն հնչած առաջարկները:
Ընդհանուր բժշկական գործունեություն ծրագրի ինտերն Ադելինա Վարդանյանը երկու տարի է մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունում է աշխատում: Սեպտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում երկու անգամ մեկնել է Ստեփանակերտ` տարհանված վիրավորներին տեղափոխելու նպատակով:
2020 թվականին նա ևս կամավորագրվել էր «Հերացի» համալսարանական հիվանդանոցի աշխատանքներում, սակայն այս անգամ, նրա խոսքով, մասնագիտական գործունեությունն իրականացնելիս զգացողությունները, ապրումներն այլ էին:
44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ռազմական գործողությունների մասնակից Հենրուշ Զոհրաբյանը՝ պրոֆեսոր Իրինա Մալխասյանի ղեկավարությամբ, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի 3-րդ տարվա կլինիկական օրդինատոր է: Սանավիացիայի միջոցով մեկնել էր Սիսիան` կրկին տեղահանված վիրավորներին տեղափոխելու նպատակով: Վիրավորներին բուժօգնություն տրամադրելը կլինիկական օրդինատորի առաջին փորձառությունը չէր։
Հանդիպման ընթացքում քսանից ավելի մասնակիցներից յուրաքանչյուրը՝ որպես երիտասարդ, սկսնակ բուժաշխատող, կարևոր նպաստ է բերել առողջապահական համակարգին երկրի առաջ ծառացած դժվարին այս իրավիճակում:
Նրանց կրթության մատչելիության, աշխատանքով ապահովման հարցերը երախտագիտության բարձր զգացումով կլինեն բուհի ղեկավարության օրակարգում: