Արդեն 23 տարի յուրաքանչյուր աշնան սկզբին Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար մասնագիտական ձեռքբերումները ներկայացնելու և անելիքներն ուրվագծելու լավագույն հարթակը տարեկան համագումարն է: ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարանում այսօր մեկնարկեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 23-րդ տարեկան համագումարը, որը համալսարանական հարկի տակ էր համախմբել արտերկրի անվանի մասնագետների, հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների ուրոլոգիական ծառայությունների ղեկավարների, բժիշկների, կլինիկական օրդինատորների:
Նիստը մեկնարկեց ԵՊԲՀ ռեկտոր, Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր նախագահ Արմեն Մուրադյանի և Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կորյուն Միրզոյանի համահեղինակած «Շագանակագեղձի քաղցկեղ․անցյալը, ներկան, ապագան» ծավալուն զեկույցի ներկայացմամբ:
Բժիշկ Միրզոյանը թվային տվյալներով՝ վիճակագրությամբ, խոսեց հիվանդության տարածվածության, պատմության մեջ հայտնի առաջին նկարագրությունների, կլինիկական ներկայացվածության մասին, ինչպես նաև անդրադարձավ ախտորոշման մեթոդների զարգացմանը, բուժման, վիրահատման մեթոդների էվոլյուցիային:
«Սա ուրոլոգիական ամենամեծ ստուգատեսն է Հայաստանում: Մենք ի մի ենք բերում անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախագծում ենք ուրոլոգիայի զարգացումը ապագայում մեր երկրում: Մենք դա անում ենք ինչպես ներքին ուժերով, այնպես էլ արտաքին` հրավիրված: Միշտ աշխատում ենք կապ ունենալ դրսի մասնագիտական ասոցիացիաների հետ, դա կլինի ամերիկյան, եվրոպական և այլն: Միշտ հրավիրում ենք կարկառուն ուրոլոգների, որպեսզի նրանք մեզ փոխանցեն իրենց փորձը, որքան էլ մենք այստեղ կարողանանք լավ աշխատել, այնուհանդերձ, մեր երկիրը փոքր է, որպեսզի ստեղծենք ուրոլոգիական ուղեցույցներ: Ուղղություներն էլ մեր մասնագիտության մեջ չենք սահմանափակում, ամեն ինչ ներառված է: Այս տարի ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ավելի ենք լայնացրել մեր հետաքրքրությունների շրջանակը», – մանրամասնեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը:
Շրջանակի ընդլայնումը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ միջոցառմանը հրավիրված է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով ներկայացրեց «Մխիթար Հերացի. Մեծ բժշկապետը և մարդը» զեկույցը:
Ռուբեն Հովհաննիսյանի գնահատմամբ` արհեստական ինտելեկտը սրընթաց զարգացում է ապրում, այդ թվում՝ բժշկության մեջ, և պատահական չէ, որ գիտական ծրագում ներառված էր դասախոսություն նաև այդ թեմայով.
«Մենք պետք է ոչ միայն իմանանք ուրոլոգիայի զարգացման ուղղությունները, վերջին նորությունները, այլև, եթե ուզում ես լինել լավ ուրոլոգ, լավ մասնագետ, պետք է տիրապետես այն ամենին, ինչը ստեղծվել է աշխարհում առ այսօր»:
Այդ պատճառով համագումարին հրավիրել էր ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ARICE ծրագրի փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, Պաթոմորֆոլոգիայի և համակարգչային կենսաբժշկության ամբիոնների պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ով ԱՄՆ-ից տեսաձայնագրված կներկայացնի «Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը կենսաբժշկական հետազոտություններում և կիրառական բժշկության մեջ․ կիրառումն ուրոլոգիայում» զեկույցը:
Աշխարհի տասը երկրից, այդ թվում՝ Կատարից, Իսրայելից, ՌԴ–ից հրավիրված բժիշկ–գիտնականները կներկայացնեն իրենց փորձը, կունկնդրեն հայ գործընկերներին` թեմատիկ լայն ընդգրկմամբ, կփոխանակվեն փորձով և կընդլայնեն գործակցությունը:
Բանախոսների և մոդերատորների թվում են ինչպես համալսարանական մասնագետներ, այնպես էլ այլ բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ, արտերկրից բժիշկներ, նրանց թվում են Վրեժ Շահրամանյանը, Գևորգ Գրիգորյանը, Վարուժան Շահսուվարյանը, Սերգեյ Ֆանարջյանը, Արթուր Գրաբսկին, Ալեքսանդր Բեռնիկովը, Նաիրի Մելքոնյանը, Կարեն Ծառուկյանը, Արման Ծառուկյանը, Գարեգին Խաչատրյանը, Համլետ Դվոյանը, Գոռ Շադյանը, Արամ Ադամյանը, Արմեն Ավոյանը, Դավիթ Ֆանարջյանը, Հովհաննես Մանվելյանը, Լուսինե Մարդանյանը, Մհեր Ջավախյանը, Սերգեյ Բաբլոյանը, Հայկ Պետրոսյանը, Արտյոմ Կելնը, Արտյոմ Ստեփանյանը, այլք:
ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ ուրոլոգիայի գծով խորհրդատու Արթուր Գրաբսկին նշեց, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան համագումարներն ավանդական են դարձել:
«23 տարին արդեն բավականին մեծ ճանապարհ է, որ անցել ենք, և երբ սկսում էինք դեռևս 1999 թվականից մեր գործունեությունը, այն եզակի մասնագիտական միավորումներից էինք Հայաստանում, որ համախմբված, կազմակերպված մեր հիմնադրի` Իվան Աղաջանյանի ձևակերպմամբ ասած, «պրոտոկոլային» ժողովներ էինք անում, որովհետև միշտ հիմնվել ենք դեռևս այդ ժամանակներում մեզ համար նորույթ հանդիսացող ուղեցույցների թարգմանությունների վրա: Այս ժողովն էլ սկսած ճանապարհի շարունակությունն է», – ասաց Արթուր Գրաբսկին, ով տարիներ առաջ նախագահել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիան` հավելելով, որ պատմական մեջբերումներից մինչև նորագույն տեխնոլոգիաներ, ռոբոտիկ վիրաբուժություն հագեցած է լինելու այս տարվա հավաքի օրակարգը:
«Տարեկան այս համագումարը, որպես կանոն, երկու հիմնական նպատակ ունի՝ ուսուցողական և, երկրորդը, մասնագիտական շփումներն են, որոնք նպաստում են մեր երկրում ոլորտի պատկերը, զարգացումները, կարիքները հասկանալուն: Զուգահեռաբար մեր օրդինատորները, երիտասարդ բժիշկները մեծ ինֆորմացիա և գիտելիք են ստանում: Տարին մեկ անգամ մենք կազմակերպում ենք նաև Եվրոպական ուրոլոգիական դպրոցը, երբ եվրոպայից եկող մասնագետները զեկույցներ են կարդում, թրեյնինգներ են անցկացնում, ինչը երիտասարդների համար լուրջ առաջընթաց է», – նշեց «Հերացի 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ուրոլոգ Արմեն Ավոյանը:
Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանի խոսքով` ասոցիացիաների կարևորությունն այն է, որ ներկայացված փորձը, նորարարությունները փոխանցվում են դեպի ուսումնական գործընթաց:
«Երիտասարդների համար ուրոլոգիան գրավիչ մասնագիտացում է, սակայն շատ կցանկանայի, որպեսզի այս ուղղությունն ընտրած երիտասարդ մասնագետներն ավելի խորացված և բազմակողմանիորեն ուսումնասիրեն մասնագիտությունը և, ամենակարևորը, լինեն բազմակողմանի զարգացած, հատկապես օտար լեզուների իմացությունը կարևոր է ոլորտի զարգացումներին հետևելու, իրազեկ լինելու և դրանք կիրառելու տեսակետից», – շեշտեց պրոֆեսոր Ֆանարջյանը:
Նշենք, որ այս տարին հոբելյանական է ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի համար, լրանում է ամբիոնի 20 տարին, սակայն, պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, ամենամյա ուրոլոգիական այս երկօրյա հավաքը չի ունենա հանդիսավոր մաս, այլ հագեցած կլինի բացառապես գիտական, ուսումնական, կլինիկական տեղեկատվությամբ և նյութերով:
Երիտասարդ և արդեն կայացած ուրոլոգների մասնակցությամբ մասնագիտական միջոցառումը բժշկական բուհում ամփոփվելու է ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Ռուբեն Հովհաննիսյանի «Բիոցենտրիզմ: Մոլորությու՞ն, թե՞ ուղի դեպի ճշմարտություն» խորագրով ելույթով: