Բժշկական համալսարանում մեկնարկեց «Վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելում» թեմայով կրեդիտավորված երկօրյա դասընթացը, որի ընթացքում մասնագետների կողմից անդրադարձ կատարվեց մի շարք խնդիրների, որոնք իրենց արդիականությունը շարունակում են պահպանել:
Դասընթացի ընթացքում զեկուցումներով հանդես եկան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը և Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Նաիրա Մելքոնյանը: Դասընթացի հիմնական նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների տեղեկացվածությունը վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելման վերաբերյալ:
Կարմրուկ, ջրծաղիկ, մենինգակոկային վարակ, կապույտ հազ, դիֆթերիա, հեմոֆիլուսային Բ վարակ. այս հիվանդությունները դասընթացի առաջին օրը վիրաբույժների, վնասվածքաբանների, գինեկոլոգների, համաճարակաբանների, վարակաբանների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, միջին բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում էին:
Հռիփսիմե Ապրեսյանը, ներկայացնելով զեկուցման առաջին թեման, շեշտեց կարմրուկի ընդհանուր դրույթները, կլինիկական պատկերը, վարակելիությունը, ախտանշանները:
«Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային եղանակով, ունի չափազանց բարձր վարակելիություն: Հիմնական ախտանշաններն են տենդ, ցավ, հարբուխ, հաչոցանման, չոր, կպչուն հազ, շճային կամ շճաթարախային արտադրություն: Պարտադիր ախտանշան է համարվում կոնյունկտիվիտը», – ընդգծեց Հռիփսիմե Ապրեսյանը՝ խոսելով նաև բարդությունների և բուժման առանձնահատկությունների մասին:
Շարունակելով խոսել կարմրուկի համաճարակաբանական առանձնահատկությունների և աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի մասին՝ Նաիրա Մելքոնյանն ընդգծեց. «Վերջին տարիներին կարմրուկի համաճարակաբանական իրավիճակը բավականին լարված է: Համաճարակաբանական առանձնահատկություններից կարելի է առանձնացնել վիրուսի բարձր վերարտադրողական ցուցանիշը, որը կազմում է 16, սա երկրորդային դեպքերի թիվն է, այսինքն՝ 1 մարդը կարող է վարակել 16 անձի: Ռիսկի խմբում են մինչև 5 տարեկան երեխաները, հղիները և ընկճված իմունիտետով անձինք»:
Դասընթացի երկորդ թեման ջրծաղիկն էր, որը հանգամանալից ներկայացրեց Հռիփսիմե Ապրեսյանը: «Մենք գիտենք, որ նույն վիրուսը՝ VZV, կարող է հարուցել երկու հիվանդություն՝ ջրծաղիկ և գոտևորող որքին: Այս հիվանդները նույնքան վարակիչ են, որքան ջրծաղիկ ունեցողները, ուստի մեկուսացումը պահպանվում է: Վիրուսի ամենամեծ քանակությունն առկա է բշտիկի պարունակության մեջ: Հիվանդությունը սկսվում է սուր, ցավային համախտանիշով, ցանավորմամբ, ամենահաճախ ախտահարվող նյարդերը միջկողային նյարդերն են», -նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոսը՝ ներկայացնելով կլինիկական դեպքեր:
Նաիրա Մելքոնյանը խոսեց Հայաստանում ջրծաղիկի դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ 2008-2022 թվականներին գրանցված, անդրադարձավ կանխարգելմանը՝ շեշտելով, որ իրականացվում են կանխարգելման պլանային և համաճարակաբանական ցուցումով պատվաստումները, ինչն անչափ կարևոր է:
Հագեցած օրվա հաջորդ թեման դիֆթերիան էր: «Դիֆթերիայի վարակի աղբյուրը կարող է լինել թե՛ հիվանդը, թե՛ կրողը, պատվաստումը չի կանխում կրությունը, այսինքն՝ մարդիկ, եթե պատվաստված են, կարող են լինել կրողներ: Բկանցքի դիֆթերիան սկսվում է բկանցքի ցավով, բայց դիֆթերիայի առանձնահատկությունն այն է, որ ինչքան խորանում է պրոցեսը, այնքան ցավային զգացողությունը նվազում է: Ախտանշաններից են դժվարացած կլման ակտը, ջերմությունը, բկանցքում փառը, բնորոշ է նաև ճարպաբջջանքի այտուցը պարանոցի շրջանում, ունենում ենք ավշահանգույցների մեծացում», – նշեց Հռիփսիմե Ապրեսյանը՝ խոսելով նաև մաշկի, քթի և այլ դիֆթերիայի մասին:
Զեկուցողները ներկայացրին կապույտ հազի վարակելիության և վիճակագրության մանրամասները՝ խոսելով հիվանդության առանձնահատկությունների մասին:
«Կապույտ հազը երկարատև հիվանդություն է՝ ի տարբերություն մյուս վարակների, որոնք մեկ-երկու շաբաթ են տևում, այս վարակի ժամանակ հիվանդությունը երկարատև է, կարող է տևել երեք ամիս: Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է վաղ մանկական հասակում, սակայն կարող է վարակվել ցանկացած տարիքային խումբ: Հիմնական բնութագրական ախտանիշը սպազմատիկ նոպայաձև հազն է, որը որպես կանոն ավարտվում է ռեպրեզիվով, փսխմամբ», – ընդգծեց Հռիփսիմե Ապրեսյանը՝ հավելելով, որ վարակի աղբյուր են հանդիսանում արդեն վարակված մարդիկ և ատիպիկ ընթացքով, չախտորոշված, սակայն վարակակիր անձինք, որոնք հասարակության մեջ պտտվում են և չունեն որևէ լուրջ ախտանիշ:
Հաջորդիվ ներկայացվեցին այլ վարակիչ հիվանդություններ, կլինիկական դեպքեր, խոսվեց կանխարգելման կարևորության մասին: Աղիքային որոշ վարակներ քննարկվեցին «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի և Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանի կողմից:
Հավելենք, որ վաղը՝ դասընթացի երկրորդ օրը, կրկին հագեցած կլինի կարևոր թեմաներով: