Օրեր առաջ ԵՊԲՀ Գիտական խորհրդի նիստում Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնի (նախքան այս բուհում գործել է Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի խումբ) վարիչի պաշտոնում ընտրվեց Նունե Տեր-Մարգարյանը:
Նունե Տեր-Մարգարյանը 2020 թվականից առ այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի վարիչն է, 1999-2020թթ. եղել է նույն ինստիտուտի Սպորտային բժշկության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ, ապա Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի դոցենտ, 2013թ. առ այսօր ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խմբի ղեկավարն է:
Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնի նորընտիր վարիչի հետ զրուցել ենք ամբիոնի առաջիկա գործունեության, ծրագրերի, անելիքների մասին:
Խոսելով ամբիոնի տեսլականի մասին, Նունե Տեր-Մարգարյանը նշում է, որ ռեաբիլիտացիա մասնագիտության շրջանակում տեսական և գործնական բազմակողմանի գիտելիքներով և հատուկ մասնագիտական հմտություններով օժտված, ապացուցողական բժշկության սկզբունքներով առաջնորդվող միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանող ապագա բժիշկների և նեղ մասնագետների պատրաստումն առաջնայինն է։
«Ամբիոնի ռազմավարական նպատակները և խնդիրները որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն իրականացնելն է, ուսանողին ապահովել համապատասխան գիտելիքներով, հետազոտական հմտություններով, որոնք անհրաժեշտ են ուսանողին՝ հետագա մասնագիտական գործունեությունը շարունակելու համար»,-նշում է համալսարանականը:
Նրա խոսքով՝ առաջնային է նաև ուսումնական գործընթացում ժամանակակից տեխնիկական միջոցների և ռեսուրսների ներդրումը, որոնց կիրառումը կնպաստի ռեաբիլիտացիա ոլորտի մասնագետի անհրաժեշտ հմտությունների ձևավորմանը:
Կրթական ծրագրերի մասին խոսելով, դոցենտը նշում է, որ ամբիոնում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմումը կարևոր նշանակություն ունի, ամբիոնի դասախոսների կողմից տպագրությունները միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում կընդլայնվի:
Ամբիոնի նորընտիր վարիչը լիահույս է, որ առաջիկա գործունեության ընթացքում կարդիականացվեն կլինիկական օրդինատուրայի՝ սպորտային բժշկության, վերականգնողական բժշկության, ռեֆլեքսոթերապիայի, ֆիզիոթերապիայի և կինեզոթերապիայի ծրագրերը, կիրականացվեն կրեդիտավորվմամբ (ՇՄԶ) լրացուցիչ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես բժիշկների, այնպես էլ կրտսեր բուժանձնակազմի (բուժքույրեր) համար։