Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը  հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:

Մալարիան կյանքին սպառնացող հիվանդություն է, որը տարածվում է մարդկանց շրջանում մոծակների որոշ տեսակների միջոցով: Այն հիմնականում հանդիպում է արևադարձային երկրներում և այն կանխարգելելի ու բուժելի է։ 

Ախտանիշները կարող են լինել թեթևից մինչև կյանքին սպառնացող: Մեղմ ախտանշաններն են՝ ջերմությունը, դողը և գլխացավը։ Լուրջ ախտանշաններն են հոգնածությունը, շփոթվածության զգացումը, նոպաները և շնչառության դժվարությունը: Նորածինները, մինչև 5 տարեկան երեխաները, հղի կանայք և ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում և ավելի ծանր են տանում վարակը:   

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մալարիայի վերաբերյալ վերջին զեկույցի՝ 2021թ.-ին գրանցվել է մալարիայի 247 միլիոն դեպք՝ 2020թ.-ի 245 միլիոն դեպքի համեմատ: 2021թ.-ին մալարիայից մահացածների թիվը կազմել է 619.000՝ 2020 թվականի 625.000-ի համեմատ: Համաճարակի 2 տարիների ընթացքում (2020-2021) COVID-ի հետ կապված խափանումները հանգեցրել են մոտ 13 միլիոն մալարիայի ավելի շատ դեպքերի և 63.000-ով ավելի մալարիայից մահվան դեպքերի:

ԱՀԿ-ի Աֆրիկյան տարածաշրջանը շարունակում է կրել մալարիայի համաշխարհային բեռի անհամաչափ բարձր բաժինը: 2021թ.-ին տարածաշրջանում գրանցվել է մալարիայի բոլոր դեպքերի մոտ 95%-ը և մահերի 96%-ը: Տարածաշրջանում մալարիայից մահացածների մոտ 80%-ը բաժին է ընկնում մինչև 5 տարեկան երեխաներին: Աֆրիկյան 4 երկրներին բաժին է ընկել աշխարհում մալարիայից մահացածների կեսից մի փոքր ավելին՝ Նիգերիային (31,3%), Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությանը (12,6%), Տանզանիայի Միացյալ Հանրապետությանը (4,1%) և Նիգերին (3,9%):

Ինչպես այլ վարակիչ հիվանդությունների, այնպես էլ մալարիայի դեպքում պայքարի լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութը, որը ստացել է RTS,S/AS01 անվանումը` համարվելով անվտանգ և արդյունավետ մահերի և հիվանդության ծանր ընթացքի նվազեցման համար, 2019 թվականից ի վեր Գանայում, Քենիայում և Մալավիում 1.7 միլիոն երեխայի արդեն հասանելի է դարձել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հայտարարել է, որ մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կդառնա Աֆրիկյան ևս 12 երկրում առաջիկա 2 տարվա ընթացքում, ինչը, հնարավոր է,  կփրկի տասնյակ հազարավոր կյանքեր: Այժմ այն կտրվի Բենինին, Բուրկինա Ֆասոյին, Բուրունդիին, Կամերունին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Լիբերիային, Նիգերին, Սիերա Լեոնեին և Ուգանդային, որոնց պատվաստանյութի ամբողջական չափաբաժինները  կմատակարարվեն մինչև այս տարվա վերջ։

Ըստ Յունիսեֆի իմունիզացիայի գործադիր տնօրեն Է.Թ.Լեմանգոնի հայտնած կարծիքի՝ այս պատվաստանյութը կօգնի պայքարել մի հիվանդության դեմ, որն Աֆրիկայում ամեն տարի սպանում է գրեթե կես միլիոն 5 և ավելի փոքր տարիքի երեխաների:

«Մալարիայի դեմ աշխարհի առաջին պատվաստանյութի նախնական 18 միլիոն չափաբաժինները հատկացվել են այն երկրներին, որտեղ երեխաների հիվանդանալու և մալարիայից մահանալու ռիսկն ամենաբարձրն է եղել»,- ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ հայտարարության մեջ:

«Այս պատվաստանյութը կարող է շատ ազդեցիկ լինել մալարիայի դեմ պայքարում, և երբ լայնորեն կիրառվի այլ միջամտությունների հետ զուգահեռ, այն կարող է ամեն տարի կանխել տասնյակ հազարավոր մահեր»- նշված է հայտարարոթւյան մեջ:

Հայաստանում 2006թ.-ից մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք: Այնուամենայնիվ, ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են բերովի դեպքեր, մասնավորապես` 2020-2022թթ.-ին արձանագրվել է մալարիայի 6 բերովի դեպք:

Հարկ է նշել, որ ներկայում ընթացող գլոբալ կլիմայական փոփոխությունները, որոնց «Հերացի» վերլուծականը մի քանի անգամ անդրադարձել է, կարող են հանգեցնել մալարիայի տարածման աշխարհագրության փոփոխությանը, այդ իսկ պատճառով պետությունների հանրային առողջության համար պատասխանատու կառույցները պետք է մշտապես պահպանեն զգոնությունը: