Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մինչև 2030թ. աշխարհում 6-ից 1-ը կլինի 60 և ավելի տարեկան․ Հայաստանը ծերացած բնակչություն ունեցող երկրների շարքում

Մինչև 2030թ. աշխարհում 6-ից 1-ը կլինի 60 և ավելի տարեկան․ Հայաստանը ծերացած բնակչություն ունեցող երկրների շարքում

Բնակչության ծերացումը ժողովրդագրական հիմնական խնդիրներից է ամբողջ աշխարհում, որը պահանջում է առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգերի աշխատանքի վերագնահատում՝ ավելացած ծանրաբեռնվածության պայմաններում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2015-2050թթ. 60 տարեկանից բարձր աշխարհի բնակչության համամասնությունը գրեթե կկրկնապատկվի 12%-ից մինչև 22%, իսկ արդեն 2020թ.-ին 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է 5 տարեկանից փոքր երեխաների թվին։

Ըստ մասնագետների՝ բնակչության ծերացման գործընթացները արագացել են:  Մինչև 2030թ. աշխարհում 6-ից 1-ը կլինի 60 և ավելի տարեկան, ընդհանուր առմամբ կազմելով 1,4 միլիարդ մարդ։ Կանխատեսվում է նաև, որ 80 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը 2020-2050թթ. կեռապատկվի՝ հասնելով 426 միլիոնի:

Թեև երկրի բնակչության բաշխման տարիքային այս տեղաշարժը, որը հայտնի է որպես բնակչության ծերացում, մեկնարկել է բարձր եկամուտ ունեցող երկրներում (օրինակ՝ Ճապոնիայում բնակչության 30%-ն արդեն 60 տարեկանից բարձր է), ներկայում այն տարածված է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվին է դասվում նաև Հայաստանը: Փորձագետների գնահատմամբ՝ մինչև 2050թ. 60 տարեկանից բարձր բնակչության 2/3-ը կապրի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:             

«Հերացի-վերլուծական» կենտրոնի դիտարկմամբ՝ տարիքի ավելացումը փոխկապակցված է հիվանդությունների թվի աճի և բնույթի և բարդությունների փոփոխության հետ: Մասնավորապես՝ լսողության և տեսողության վատթարացումը կամ կորուստը, տեղաշարժվելու հետ կապված խնդիրները, մեջքի և պարանոցի ցավերը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, շաքարային դիաբետը, ահա այն ոչ ամբողջական ցանկը, որը կորելացվում է մարդու տարիքի հետ:

Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, Հայաստանում 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը 2022թ. կազմել է 10.5%, որը համարվում է բարձր ցուցանիշ և վկայում է բնակչության ծերացման մասին: Տարեցների խնամառության գործակիցը, որը ցույց է տալիս 63 ու բարձր տարիքի բնակչության հարաբերակցությունն է 16-62 տարեկան 100 բնակչի հաշվով 16,8%-ից 2010թ.-ին հասել է 24,5-ի 2021թ.-ին, ինչը նշանակում է աշխատունակ տարիքի մարդկանց տեսակարար կշիռը զգալի նվազել է: Համապատասխանաբար նույն ժամանակահատվածում շուրջ 2,9 տարով ավելացել է բնակչության միջին տարիքը հասնելով 37,2-ի:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ ավելի երկար կյանքն իր հետ բերում է նաև հնարավորություններ ինչպես տարեց մարդկանց ու նրանց ընտանիքների, այնպես էլ հասարակությունների համար: Լրացուցիչ տարիները հնարավորություն են տալիս զբաղվելու նոր գործունեությամբ, ինչպիսիք են փորձի փոխանցումը, որոշակի աշխատանքներում ներգրավվածությունը: Տարեցները նաև շատ առումներով աջակցում են իրենց ընտանիքներին և համայնքներին: Այնուամենայնիվ, այս հնարավորությունների և ներդրումների չափը մեծապես կախված է մեկ գործոնից՝ առողջությունից:

Մասնագետները հիշեցնում են, որ կյանքի ընթացքում առողջ վարքագծի պահպանումը, այդ թվում հավասարակշռված սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և ծխախոտի օգտագործումից հրաժարվելը նպաստում են հիվանդությունների ռիսկի նվազեցմանը, ֆիզիկական և մտավոր կարողությունների բարելավմանը և խնամքից կախվածության հետաձգելուն:

Մեր երկրում արված հետազոտությունները վկայում են, որ ցավոք որոշ դեպքերում տարեցներին դիտարկում են, որպես թույլ և կախվածության մեջ գտնվող մարդկանց, որոնք բեռ են հանդիսանում հասարակության համար:

Հետևաբար հանրային առողջության ծրագրեր մշակելիս պետք է ներդնել այնպիսի մոտեցումներ, որոնք կբացառեն խտրականությունը, դրական անդրադառնալով առողջ ծերացման հնարավորությունների վրա: