Բժշկական մայր բուհում Decoding Mind’s Chemical Symphony («Միասին վերծանենք մտքի քիմիական սիմֆոնիան») խորագրի ներքո մեկնարկեց ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության թիմի կողմից կազմակերպված «Ուղեղի ճանաչման շաբաթ» ինֆորմատիվ միջոցառումների շարքը, որը անցկացվելու է մինչև մարտի 15-ը:
Միջոցառումը հնարավորություն է ընձեռում նեյրոգիտությամբ հետաքրքրված ուսանողներին ծանոթանալ նեյրոտրանսմիտերներին և նրանց գործող մեխանիզմների: Համալսարանական մասնագետների դասախոսությունների շնորհիվ մասնակիցները կծանոթանան ուղեղին, նաև վիրտուալ իրականության (VR-ի) միջոցով կկարողանան խորասուզվել ուղեղի մեջ, մասնակցել ինտելեկտուալ խաղերի և շահել մրցանակներ:
Միջոցառումների մեկնարկն ազդարարեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ ողջունելով և հաջողություններ մաղթելով ներկաներին:
«Սա հերթական առիթն է մեզ՝ որպես համալսարան, որպես այս ոլորտի մասնագետներ, ձեզ՝ որպես ուսանողական հանրույթ, աշխարհին ներկայանալու պատկառելի տեսքով: Սա բոլորիս ձեռքբերումն է: Շատ ուրախ եմ, որ մենք ունենք ավելի լայն հարթակներ և տարեցտարի հուսով եմ, որ կունենանք գիտության շուրջ ձևավորվող թե՛ ֆունդամենտալ, թե՛ կլինիկական ավելի լայն հնարավորություններ: Դուք պետք է ինքնուրույն կողմորոշվեք, և կձևավորվեն ճիշտ նպատակի, խնդիրները տեսնելու և դրանց հաղթահարելու ուղիները, այնուհետև կհասնեք հաջողության»,-ընդգծեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ այժմ երիտասարդ հետազոտողների, գիտնականների գործունեության կիզակետում ոչ միայն դպրոցներն են, այլև մանկապարտեզները:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին անդրադարձավ Պարկինսոնի հիվանդությանը:
«Մենք սկսելու ենք քննարկել նեյրոտրանսմիտերների և դրանց կլինիկական դրսևորումներին՝ հասկանալու համար, թե ինչքանով եք հիշում նեյրոտրանսմիտերները, կպատկերացնեք՝ ինչ դրսևորումներ կունենան դրանց խանգարումները»:
Մասնագետը տրամաբանական հարցուպատասխանով ներկաների հետ քննարկեց տարբեր մասնագիտական դեպքեր և հասկանալ, թե ինչպես պետք է պայքարել դրանց դեմ:
Այնուհետև Նյարդաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Մարինե Մխիթարյանն անդրադարձավ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզին՝ հետաքրքիր դեպքեր ներկայացնելով:
Հարցուպատասխանի ավարտին լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին գրքեր հանձնվեցին:
«Ուղեղի ճանաչման շաբաթը» միջազգային արշավ է, որն իրականացվում է 1996 թվականից՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհում նպաստել ուղեղի հետազոտության ոլորտում առաջընթացի և բացահայտումների մասին հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։