ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ուսումնական և գիտական աշխատանքների վերաբերյալ ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Հակոբյանն այսօր ամբիոնի դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց 2017-2018թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը: Ամբիոնի վարիչը հանգամանորեն անդրադարձավ կատարված աշխատանքներին, մասնավորապես, կարևորելով ուսումնական աշխատանքները՝ ուսումանական գրականության հրատարակումը, ուսումնական ծրագրերի կազմումը և այլն:
Գագիկ Հակոբյանը նշեց, որ իր խմբագրությամբ լույս է տեսել «Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության» ուսումնական ձեռնարկը, որը կարևոր նշանակություն կունենա կրթական գործընթացի կազմակերպման ընթացքում: Նա անդրադարձավ նաև Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի բացմանը՝ նշելով, որ այն կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ստոմատոլոգիայի բնագավառում: «Այս տարի տպագրվել է 3 հոդված, օտարերկրյա այլ հրապարակումներում ունեցել ենք 7 և ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված պարբերականներում 12 հոդված»,- ընդգծեց ամբիոնի վարիչը՝ այս տարվա ընթացքում 22 հոդվածի տպագրումը համարելով կարևոր ձեռքբերում: Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ուսումնական և գիտական աշխատանքների վերաբերյալ այս ուսումնական տարվա հաշվետվությունից հետո դիմածնոտային վիրաբույժ Լուսինե Ալեքսանյանն ամբիոնական նիստին ներկայացրեց «Միջծնոտային սևեռման նոր մեթոդ՝ ստորին ծնոտի կոտրվածքների ժամանակ» ատենախոսության պլան անոտացիան, որը հաստատվեց ամբիոնական նիստով: Դրան հաջորդեց կլինիկական օրդինատոր Գրիգոր Գրիգորյանի՝ «Ճակատային ծոցի օստեոմայի հեռացումից հետո հետվիրահատական դեֆեկտի փակման եղանակ՝ քսենոգեն ներծծվող թաղանթով (կլինիկական դեպք)» զեկույցի ներկայացումը:
Քննարկվեցին մասնագիտական մի շարք այլ հարցեր: