Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ընդունելությունից մինչև ուսանողական առօրյա. ԵՊԲՀ քոլեջի վերջին տարիների փոփոխությունները

ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում: Այստեղ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման:  

Բուհի քոլեջում դիմում-հայտերի ընդունումն այս տարի կմեկնարկի հուլիսի 15-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, դիմում-հայտերի լրացումը կատարվում է առցանց: Քննությունը լինում է  «Կենսաբանություն» առարկայից և իր մեջ ներառում է դպրոցական ծրագիրը: Քննություները գրավոր են, որոնց գնահատականին ավելանում է դպրոցի ավարտական ատեստատի միջին և «Քիմիա», «Հայոց լեզու» առարկաների գնահատականները:

Վերջին երեք տարվա ընթացքում ԵՊԲՀ քոլեջի ուսանողների թվաքանակը 150-ից դարձել է 691:

Շրջանավարտները ստանում են միջին բժշկական մասնագետի՝ պետական նմուշի դիպլոմ, աշխատանքի իրավունք ունենալով և՛ հանրապետությունում, և՛ արտերկրի բժշկական կազմակերպություններում։ Դասընթացներն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:

Վերջին տարիների ընթացքում քոլեջում կատարված փոփոխությունների, ծրագրերի մասին է մանրամասնել քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը:

«2021թ. փոփոխել ենք մեր ուսումնական ծրագրերը, քույրական գործ և դեղագիտություն մասնագիտությունները համապատասխանեցրել ենք ԵՊԲՀ առաջին կուրսի ծրագրին, որպեսզի մեր ուսանողները ավարտելուց հետո հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակել բժշկական համալսարանում երկրորդ կուրսից, այսինքն՝ առանց քննության կարողանան ընդունվել երկրորդ կուրս, բայց սա վերաբերվում է միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Հայաստանում բուժական գործ մասնագիտությունը գործում է միայն մեզ մոտ, քանի որ դա վերաբերվում է նաև տղաներին,  ՊՆ պատվերով մենք տարեկան 15 բուժակ ենք կրթում, որոնք հետագայում իրենց ուսումը շարունակում են զորամասներում: 2021թ. ներդրել ենք նաև պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ մասնագիտությունը, որը նախքան այս չկար մեր երկրում: Այս մասնագիտությունը սովորում և հմտություններին ծանոթանում էին արտերկրում կամ վերապատրաստվումներ անցնում, իսկ այժմ խորը կրթություն ստանալու հնարավորություն կա: Այս տարի առաջին անգամ ունեցանք այս մասնագիտությամբ շրջանավատներ, որոնք իրենց ավանդը կունենան հայրենիքում»,-նշում է քոլեջի տնօրենը:

ԵՊԲՀ քոլեջի ուսանողները դասերից հետո հնարավորություն ունեն մասնակցելու մասնագիտական տարբեր քննարկումների, կազմակերպելու ուսանողական միջոցառումներ:

Հերացիականները մասնակցում են «Լանցետ» ծրագրին, փորձարարարական վիրահատարանում բարձր կուրսի ուսանողներին օգնելով և դիտելով նրանց աշխատանքը կատարելագործում են իրենց գիտելիքները:

Ալեքսան Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊԲՀ քոլեջի առավելություններից մեկն այն է, որ ուսանողները հնարավորություն ունեն ուսուցանել համալսարանական կլինիկական բազաներում։

«Ծանոթանալով բուհի  կարգուկանոնին՝ քոլեջի ուսանողները թրծվում են բժշկական մայր բուհի պատերի ներքո որպես բուժաշխատող: Նրանցից շատերը կամավոր հիմունքներով հերթապահում են համալսարանական հիվանդանոցներում՝ փորձելով օգնել բուժանձնակազմին և սովորել նրանցից»,-ընդգծում է քոլեջի տնօրենը:

Նշենք, որ ԵՊԲՀ քոլեջի մասնագիտություննեն են «Քույրական գործ», «Բուժական գործ», «Լաբորատոր ախտորոշում», «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն», իսկ 2021-2022 ուսումնական տարում ավելացավ ևս մեկը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությունը։

Կրթական այս հաստատություն կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման: