Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման համակարգի առաքելությունը համալսարանում որակի ներքին ապահովման մեխանիզմների ներդրումն է բոլոր մակարդակներում և կրթության որակի շարունակական բարելավման խթանումը:
ԵՊԲՀ կրթության որակի գնահատման կենտրոնը հիմնվել է 2011թ-ին: ԵՊԲՀ ՈԱ կենտրոնի և հանձնաժողովների աշխատակիցները միջազգային մի շարք ծրագրերի շրջանակներում (DIUSAS, PICQA, GOVERN, ARQATA, VERITAS) անցել են վերապատրաստումներ Եվրոպական առաջատար համալսարաններում: Ձեռք բերված փորձի հիման վրա մշակվել և ներդրվել են որակի ներքին ապահովման մի շարք գործիքակազմեր ու ընթացակարգեր, ՈԱ կենտրոնը անմիջական մասնակցություն է ունեցել բուհի ենթակառուցվածքային հավատարմագրման նպատակով կատարվող ինքնավերլուծական աշխատանքներին:
ԵՊԲՀ կրթության որակի ապահովման համակարգը բաղկացած է որակի ապահովման կենտրոնական, ֆակուլտետային հանձնաժողովներից և կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնից:
Գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի գործառույթները
• Հանձնաժողովը հանդես է գալիս որպես փորձագիտական և վերահսկողական մարմին, գնահատում է որակի ապահովման ընթացակարգերի ու չափանիշների համապատասխանությունը ընդունված չափորոշիչներին:
• Նախապատրաստում և գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում որակի ապահովման վերաբերյալ կանոնակարգային, ընթացակարգային ու չափորոշիչ փաստաթղթերը:
• Մշակում է որակի ապահովման ընթացակարգեր` կրթական ծրագրերի հաստատման, ընթացիկ հսկողության գործընթացների համար, հետևում և աջակցում է դրանց իրականացմանը բուհի ստորաբաժանումներում:
• Պատասխանատու է ուսումնառության և դասավանդման որակի գնահատմանն առնչվող գործընթացների համակարգման համար:
• Պատասխանատու է դասավանդման և ուսումնառության որակի չափման գործիքակազմի ու համակարգված մոտեցումների մշակման համար:
ԵՊԲՀ-ի ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնի գործառույթները
• Գործում է գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին կից ու իր աշխատակազմով ընդգրկված է այդ հանձնաժողովում:
• Հաշվետու է գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին:
• Մշակում է ուսման որակի ապահովման գործիքակազմ, ընթացակարգեր և գործընթացներ:
• Ապահովում է վերը նշված ընթացակարգերի ներդրումը ուսումնական համակարգում:
• Պատասխանատու է որակի գնահատման և ապահովման գործընթացների, գիտական խորհրդում ընդունված որոշումների կատարման համար:
• Վերահսկում է ֆակուլտետային հանձնաժողովների կողմից համապատասխան գործառույթների իրականացումը:
• Ապահովում է ֆակուլտետային հանձնաժողովների ու գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի միջև կապը:
Որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովների գործառույթները
• Վերահսկում են ֆակուլտետներում կրթական ծրագրերի պլանավորման, մշակման, փոփոխման և դրանց որակի ապահովման գործընթացների իրականացումը:
• Վերահսկում են ծրագրերի` մեթոդական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով պատշաճ ապահովվածությունը:
• Մասնակցում են բուհի որակի ապահովման քաղաքականության, գործիքակազմի, գործընթացների մշակման աշխատանքներին:
• Պատասխանատու են ֆակուլտետներում ուսման որակի ապահովման և ներքին վերահսկման, ինչպես նաև բուհի մակարդակով ընդունվող որոշումների հետևողական իրագործման հսկողության համար:
• Հաշվետու են գիտական խորհրդի որակի գնահատման և ապահովման հանձնաժողովին, ինչպես նաև ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնին: Կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում վերջիններիս:
ԵՊԲՀ ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավարն է Արամ Հայրապետյանը։