ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ
(1885-1949թթ.)
Հայաստանի թերապևտների ավագ սերնդի ներկայացուցիչ, բժշկական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ Ա. Մելիք-Ադամյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Շուլավեր գյուղում: Նախնական կրթությունը ստանալով ծննդավայրում՝ 1896 թվականին մեկնել է Թիֆլիս, որտեղ արական գիմնազիան ավարտելուց հետո՝ 1906 թվականին ընդունվում է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1911 թվականից իր բժշկական գործունեությունը սկսում է ֆակուլտետային թերապևտիկ կլինիկայում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նշանակվում է զինվորական հոսպիտալի բաժնի վարիչ, այնուհետև ղեկավարում է նահանգային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը:
1921 թվականին Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետում զբաղեցնում է ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի կլինիկայի ամբիոնի ասիստենտի պաշտոնը, ապա նշանակվում նույն կլինիկայի ավագ ասիստենտ: Համատեղության կարգով աշխատելով նաև որպես առբաժնի բուժական բաժնի վարիչ, Ուկրաինայի կուրորտային վարչության խորհրդատու, պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտի ստացիոնար բաժնի վարիչ:
1925 թվականին Արտաշես Մելիք-Ադամյանը հրավիրվում է Երևան և զբաղեցնում պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, որով էլ սկսվում է Հայաստանում նրա գործունեության բուռն շրջանը: Արտաշես Մելիք-Ադամյանը Հայաստան եկավ այն ժամանակ, երբ հանրապետությունում մոլեգնում էր մալարիան, և դրված էր մալարիայի դեմ լայն ճակատով պայքարին բժիշկների ակտիվ մասնակցության հարցը:
1928 թվականին Ա. Մելիք-Ադամյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում, և հնարավորություն է տրվում գիտական գործուղման մեկնել արտասահման: Ֆրանսիայում գտնվելու ընթացքում նա եղավ բժշկագիտության հանրահայտ կենտրոններում, ծանոթացավ գիտության նոր ուղղություններին, շփվեց ֆրանսիական բժշկագիտությանը, որին ծանոթ էր հեռակա կարգով: Գիտական գործուղման ողջ ընթացքում նա իր ուշադրությունը սևեռեց սրտի գործունեության ուսումնասիրության նորահայտ մեթոդի՝ սրտագրության վրա, որը դեռևս անծանոթ էր Հայաստանի բժիշկներին:
1930 թվականին Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ կազմվում է գիտափորձնական հատուկ արշավախումբ, որը ուսումնասիրում է ջերմուկ հանքային ջրի բուժիչ ազդեցությունը որոշ հիվանդությունների ժամանակ՝ իր վրա վերցնելով Ջերմուկի հանքային աղբյուրների ջրաբուժական ազդեցության հսկողության գործը: 1932 թվականին Արտաշես Մելիք-Ադամյանը Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայում հանդես եկավ զեկուցմամբ, որը նշում էր բացառիկ արժեք ունեցող հանքային ջրերը ժողովրդական առողջապահությանը ծառայեցնելու կարևորությունը, որի արդյունքում ակտիվ մասնակցություն է ունենում Երևանում կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրմանը:
1933 թվականին Ա. Մելիք-Ադամյանը գործուղվում է Մոսկվա՝ պետպլանով Հայաստանի բուժավայրերի զարգացման հարցերի լուծման նպատակով, իսկ դրանից մի քանի ամիս անց ԽՍՀՄ պետպլանի առողջապահության սեկտորում տեղի է ունենում Հայաստանի առողջարաբուժավայրային գործին նվիրված խորհրդակցություն, որի նախապատրաստական ողջ աշխատանքների կատարման արդյունքում 1934 թվականին Ջերմուկ այցելեց Խորհրդային երկրի անվանի կուրորտաբանների հատուկ հանձնաժողովը, որի ստեղծած գիտական արշավախումբը շուրջ մեկ ու կես ամիս աշխատեց Ջերմուկում:
1935 թվականին սկսեց գործել Ջերմուկի առողջարանը, որի ստեղծման գործում անգնահատելի է Արտաշես Մելիք-Ադամյանի ավանդը:
Անդրադառնալով Սևանի և Սևանի ավազանի կլիմային և կլիմայաբուժական արժանիքներին՝ նշում էր, որ ոչ Խորհրդային Միությունում, ոչ էլ Եվրոպայում գոյություն չունի այնպիսի բուժիչ գործոնների համակցում, ինչպիսիք են լեռնային դիրքը՝ իր չոր և արևային կլիմայով և ջրային ծավալուն մակերեսը: Նա առաջինն էր, որ ուսումնասիրեց Սևանի ավազանը և գիտականորեն հիմնավորեց լճի շրջակայքում առողջարանային հիմնարկների զարգացման անհրաժեշտությունը:
1936 թվականին Արտաշես Մելիք-Ադամյանը զբաղեցրել է բժշկական ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը՝ 1937 թվականի մայիսին նշանակվելով ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Նա մինչև հուլիսի վերջը ղեկավարում է բուհի գործունեությունը՝ հավատարիմ մնալով նրա լավագույն ավանդույթներին: 1938 թվականին նա նշանակվում է հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, իսկ 1944 թվականին ստեղծվեց հանրապետության առողջապահության նախարարության գիտական բժշկական խորհուրդը՝ նրա նախագահությամբ: 1945 թվականի աշնանը կայացած Անդրկովկասյան հանրապետությունների բժշկական գիտական խորհուրդների առաջին խորհրդակցությունում ունեցած ելույթում նա առաջ քաշեց նաև հայկական կավի, տորֆի, ցեխերի բուժիչ հատկությունների մասին հարցը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով հանրապետությունում ունենալ բավարար քանակի շշով հանքային ջրեր, որոնք հնարավորություն կտան ազգաբնակչությանը ոչ թե հասնել հանքային ջրի աղբյուրի մոտ, այլ ցանկացած պահին օգտագործել այդ ջուրը:
Անուրանալի են Արտաշես Մելիք-Ադամյանի ջանքերը հանրապետության բժշկական ընկերության ստեղծման ուղղությամբ: Որպես գիտաբժշկական խորհրդի նախագահ՝ նրա նախաձեռնությամբ գիտական ընկերության կազմում աստիճանաբար ստեղծվեցին մասնագիտական բաժանմունքներ և դրանց հիման վրա տարբեր մասնագիտությունների գծով գիտական ընկերություններ:
Վաստակաշատ գիտնականը, շուրջ քառորդ դար ղեկավարելով պետական համալսարանի, այնուհետև բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնը, բացառիկ տեղ տալով դասախոսի կենդանի խոսքին, ըստ արժանվույն է գնահատում նաև դասագրքի դերը: Պատահական չէր, որ նրա խմբագրությամբ հայերեն լեզվով հրատարակվեցին մեծ արժեք ունեցող դասագրքեր: Իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում ակտիվորեն մասնակցելով Հայաստանի թերապևտների գիտական դպրոցի հիմնադրմանը՝ նա նպաստեց թերապիայի զարգացմանը և մնայուն հետք թողեց Հայաստանում թերապիայի պատմության մեջ: Մեծ ծրագրեր ու մտահղացումներ ունեցող գիտնականը բանակցություններ էր վարում Անդրկովկասի թերապևտների առաջին համագումար հրավիրելու մասին, սակայն անժամանակ մահը խանգարեց իրագործել այս ծրագիրը: Արտաշես Մելիք-Ադամյանը հանկարծամահ եղավ 64 տարեկան հասակում և տեղ գտավ Երևանի քաղաքային պանթեոնում՝ հայոց մեծերի կողքին: Հաշվի առնելով անվանի գիտնականի բացառիկ ծառայությունները, գիտամանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությունը՝ հանրապետության կառավարությունը նրա անունով կոչեց Երևանի կենտրոնական փողոցներից մեկը: Հետագայում նրա անունով կոչվեց նաև այն կլինիկան, որը շուրջ քառորդ դար ղեկավարել էր գիտնականը, իսկ բժշկական համալսարանում սահմանվեց Արտաշես Մելիք-Ադամյանի անվան կրթաթոշակ: