Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գոհար Պետրոսի Քյալյան

(1961թ.)

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Քյալյանը ծնվել է Երևանում:

1977 թվականին ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը, որն ավարտել է 1983 թվականին՝ 1984 թվականից աշխատանքի անցնելով բժշկական ինստիտուտի նորմալ անատոմիայի ամբիոնում, իսկ 1994 թվականին հասնելով մինչև ամբիոնի վարիչի պաշտոնի:

1989 թվականին նա պաշտպանել է թեկնածուական, իսկ 1993 թվականին՝ դոկտորական ատենախոսություն: Նրա գիտական գործունեության ոլորտը միկրոշրջանառության հունի մորֆոֆունկցիոնալ առանձնահատկությունների ուսումնասիրությունն է:

Պրոֆեսոր Գ. Քյալյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 6 ատենախոսություն: Նա եղել է Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիայի փոխնախագահը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կլինիկական անատոմների ասոցիացիաների իսկական անդամ: Ավելի քան 50 գիտական հրապարակումների և բազմաթիվ մեթոդական աշխատությունների, այդ թվում՝ «Մարդու անատոմիա» և «Անատոմիա» հայերեն դասագրքերի, ինչպես նաև անգլերեն լեզվով 4 հատորից բաղկացած «Human Anatomy» ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

2006 թվականի մարտին Գ.Պ. Քյալյանը ընտրվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ում գործունեությունը սկսվեց բժշկական համալսարանի ռազմավարական ծրագրի (2006-2010թթ.) ընդունումով, անհատական ուսուցման ծրագրի, եռափուլ քննաշրջանի՝ (գործնական քնությունների ատեստավորում, թեստային ատեստավորում և բանավոր քննություն) ներդրմամբ:

Գ. Քյալյանի ռեկտորության տարիներին մշակվեց և ներդրվեց ԵՊԲՀ զարգացման և բարեփոխման հայեցակարգը, որի նպատակը ԵՊԲՀ հեռանկարային զարգացման հիմնական խնդիրն էր, կուտակված ձեռքբերումները ներդաշնակ համատեղելը եվրոպական կրթական տարածք աստիճանաբար ինտեգրվելու գործընթացի հետ: Գործընթացի հիմքերն էին Լիսաբոնի կոնվենցիան, Բոլոնիայի հռչակագիրը:

Նրա ակտիվ ջանքերով ամբիոնների մեծամասնությունում արդեն իսկ կիրառություն ստացած տեսախցիկ-տեսամագնիտոֆոն-հեռուստացույց դասավանդման համակարգը պարզ ու տեսանելի դարձրեց դասավանդման այն տարբերակը, երբ վիրահատական և նման միջամտությունների ցուցադրությամբ ուսանում էր մի ամբողջ լսարան:

Առաջնությունը տալով գիտական մասի վերակառուցմանը՝ նրա ղեկավարությամբ հստակեցվել էին համալսարանի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընդհանուր մոտեցումները, մշակվել և ստեղծվել գիտահետազոտական կենտրոնի, գիտակոորդինացիոն խորհրդի, էթիկայի կոմիտեի և այլ կառուցվածքային միավորների գործունեության կանոնակարգերը, գիտակազմակերպչական մասը, գիտակոորդինացիոն խորհուրդը դուրս բերվեց ԳՀԿ-ի կազմից:

Գիտակցելով խնդրի կարևորությունը՝ Գ. Քյալյանը նախաձեռնել էր հիմնարկի գիտական անձնագրի ստեղծման գործը:

Բարձրագույն բժշկական կրթության բարեփոխման շրջանակներում ներդրվեց գիտելիքների գնահատման (ատեստավորան)միասնական թեստային (հարցում, քննություն), ռոտացիոն համակարգերը:

Գիտական խորհուրդը հաստատեց պրոֆեսոր Գ. Քյալյանի ներկայացրած «ԵՊԲՀ ռազմավարական ծրագիրը 2006-2010 թվականների համար», որը ներառում էր համալսարանի առաքելությունը, նրա հեռանկարները, մնայուն արժեքները, ռազմավարության նպատակները, խնդիրները, դրանց իրագործման ուղիները:

Բոլոնիայի հռչակագրի իրագործումը համարելով բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ձևավորման գլխավոր ծրագիր՝ նա ուսումնական գործընթացում ներդնում էր այն դրույթները, որոնք հնարավորություն կտային, որպեսզի ուսանողները դառնային բարձրագույն կրթության գործընթացի լիիրավ անդամներ:

Չափազանց մեծ կարևորություն տալով կրթության որակի փոխադարձ միջազգային ճանաչման համակարգին՝ նա անում էր ամեն ինչ, որպեսզի առավել դյուրին դառնա ուսանողների մուտքը եվրոպական աշխատանքային շուկա, ինչպես նաև միանման կրեդիտային համակարգի և դիպլոմի հավելվածի օգտագործումը նպաստի այս ուղղությամբ տարբեր երկրների ուսումնական հաստատություներում կատարվող զարգացումներին:

Նրա տնօրինման տարիներին բժշկական համալսարանում աննախադեպ թափ ստացան վերանորոգման և շինարարական աշխատանքները, բարեկարգվեցին, կանաչապատվեցին և կառուցապատվեցին համալսարանի և համալսարանական կլինիկաների բակերն ու շրջակայքը:

2008 թվականի հոկտեմբերին՝ հիմնավերանորոգումից հետո, վերաբացվեցին ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցը և նույնանուն պոլիկլինիկան:

2010 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ-ի ռադիոլոգիայի և ինտերվենցիոն նևրոլոգիայի կենտրոնի բացումը, որին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Շահագործման հանձնվեց ջերմամատակարարման կենտրոնը, ինչի առիթով 2007 թվականի նոյեմբերի 2-ին ԵՊԲՀ այցելած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Տեղեկություններ ունեի, որ բժշկական համալսարանում լավ բաներ են կատարվում բոլոր առումներով, որոնցից ամենատպավորիչը, թերևս, ջերմամատակարարման նոր համակարգն էր, ինչն իր հնարավորություններով եզակի է ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում»: Էներգակենտրոնի գործարկումը վերապահվեց ՀՀ նախագահին:

Մեծ էին նրա ջանքերը անհատական ուսուցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշման՝ 2007 թվականին հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, ըստ որի ասպիրանտուրա դիմողը (ավարտական կուրսի ուսանողը կամ կլինիկական օրդինատորը) ավարտական տարվա ընթացքում մինչև ասպիրանտուրա ընդունելության հայտարարությունը պետք է հանձնի օտար լեզվի և ինֆորմատիկայի ստուգարքներ:

Ամռան ամիսներին համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն ունեին աննախադեպ ցածր գներով իրենց հանգիստը կազմակերպել Դիլիջանի և Շորժայի (Սևանի ափին) ուսումնամարզական բազաներում:

Գ. Քյալյանի ռեկտորության տարիները հատկապես աչքի ընկան մեծաթիվ նորույթներով և ուսումնական գործընթացում կատարվող բարեփոխումներով, այդ թվում՝ արտասահմանցի ուսանողների համար բժշկական ապահովագրության համակարգի ներդրումով, ընտանեկան բժիշկների պատրաստման ծրագրի իրականացումով:

Բեռլինի Շարիտե կլինիկայի հետ ստորագրվեց բազմաճյուղ համագործակցության համաձայնագիր:

Առաջին անգամ համալսարանի պատմության մեջ առաջին կուրսեցիներին անվճար բաժանվեց բժշկական համազգեստ՝ խալաթներ՝ դեկանի ուղեգրի ներկայացման դեպքում:

Նրա ղեկավարության առաջին իսկ ամիսներին համալսարանում աշխատող 2.300 դասախոսներից 638-ը ազատվեցին աշխատանքից, 675-ը՝ ընդունվեցին, որի արդյունքում փոխվեց աշխատակիցների 1/3-րդը՝ տարիքային ցենզը իջեցնելով 56-ից 46-ի:

2010 թվականի հոկտեմբերի 6-10-ը մեծ շուքով նշվեց ԵՊԲՀ-ի 90-ամյակը:

Առաջին անգամ նրա նախաձեռնությամբ համալսարանի ղեկավար անձնակազմը շրջանավարտների հրաժեշտի երեկոյին և առաջին կուրսեցիների դիմավորման հավաքին մասնակցեց աշխարհում ընդունված ուսանողական համազգեստով և գլխարկով:

Նրա նախաձեռնությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մերձակա հրապարակում բացվեց Մխիթար Հերացու կիսանդրին, որն, ի դեպ, միակն է Երևանում, սահմանվեցին համալսարանի ոսկե և արծաթե շքանշանները և կրծքանշանները: