(1952թ.)
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, առողջապահության կազմակերպիչ Մ. Նարիմանյանը ծնվել է Երևանում: 1959-1969 թվականներին սովորել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։
1969 թվականին ընդունվել և 1975 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
1976-1979 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Նույն թվականին արժանացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչման։
1997-2010 թվականներին վերապատրաստվել է Էստոնիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և Չեխիայում։
2000 թվականին արժանացել է բժշկական գիտությունների դոկտորի, 2001 թվականին՝ պրոֆեսորի կոչումների։ 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, 5 կլինիկական ձեռնարկների համահեղինակ և խմբագիր։
1979-1981 թվականներին նա եղել է բժշկական ինստիտուտի ՄՍՍ-թերապիայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր, իսկ 1981-1988 թվականներին՝ ավագ գիտաշխատող։
1988-1993 թվականներին բժշկական ինստիտուտի թերապիայի թիվ 3 ամբիոնի ասիստենտ էր, իսկ 1993-1997 թվականներին՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 3 ամբիոնի դոցենտը։
1997-2011 թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչն էր։
1998-2001 թվականներին Մ. Նարիմանյանը եղել է ՀՀ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության և թոքաբանության (պուլմոնոլոգիայի) գլխավոր մասնագետը, 2003-2004 թվականներին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտն էր, 2004-2006 թվականներին՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման, 2006-2011 թվականներին՝ ռեֆորմների և ինտեգրացիայի, 2011 թվականին՝ կլինիկական աշխատանքների, 2011-2012 թվականներին՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը։
2011 թվականին Մ. Նարիմանյանը եղել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսորը։
2012 թվականի դեկտեմբերին պրոֆեսոր Մ. Նարիմանյանը ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով, իսկ 2015 թվականի հունիսի 25-ին ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում:
Մ.Զ. Նարիմանյանը 2006 թվականից «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահն է, 2008 թվականից՝ «Հայ թերապևտների ասոցիացիա» կազմակերպության նախագահը։
Մեծ է նրա ավանդը ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թվականին մեր բուհի հովանավորությանը հանձնված Երևանի թիվ 30 ավագ դպրոցի վերակառուցման գործում, որն անվանակոչվել էր ԵՊԲՀ «Հերացի» դպրոց, հատկապես կենսաքիմիական հոսքի աշակերտների հետ տարվող աշխատանքները պահելով ուշադրության կենտրոնում:
Նրա ռեկտորության տարիներին ընդլայնվեցին միջազգային համագործակցության կապերը, բժշկական համալսարանը միջազգային պաշտոնական ճանաչում ձեռք բերեց մի շարք բժշկական խորհուրդների կողմից:
Ընտանեկան բժշկության կայացման կարևորության գիտակցմամբ ընտանեկան բժշկության ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Մ.Զ. Նարիմանյանը կազմակերպեց ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը, որի մասնակիցների թվում էին առաջատար մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից:
Նրա ռեկտորության ընթացքում բժշկական համալսարանում 2013-14 ուսումնական տարում բացվեց ատամնատեխնիկական քոլեջը:
2000 և 2010 թվականներին Մ. Նարիմանյանն արժանացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալների, 2001 թվականին՝ ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրի, 2010 թվականին՝ ՀՀ վարչապետի պատվոգրի։
Նրա ղեկավարության տարիներին համալսարանը գտնվում էր իր զարգացման կարևորագույն փուլերից մեկում՝ հավատարմագրման գործընթացում:
Քանի որ 2014-16 թվականներին ԵՄ Տեմպուսի Վերիտաս ծրագրի համակարգողը ԵՊԲՀ-ն էր, այս առիթով էր Տեմպուս ծրագրի գործընկերների այցը բժշկական համալսարան:
2014 թվականը՝ «Հերացի» հիվանդանոցի մեկդարյա տարին, համալսարանում նշվեց մեծ հանդիսավորությամբ: Կարևոր միջոցառումների թվին կարելի է դասել նաև սիմուլյացիոն կենտրոնի բացումը:
ԵՊԲՀ-ի և Օքսֆորդի կրթության և զարգացման ակադեմիայի առաջիկա համագործակցութան առիթով էր Օքսֆորդի կրթության և զարգացման ակադեմիայի նախագահի այցը ԵՊԲՀ, որը մեկշաբաթյա արդյունավետ աշխատանքի հիմք հանդիսացավ:
Պրոֆեսոր Մ. Նարիմանյանի ռեկտորության տարիներին տեղի ունեցավ բժշկական համալսարանում կայացած կարևորագույն միջոցառումներից մեկը, որը կրում էր «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» նշանաբանը: Համալսարանում հյուրընկալվեցին Նոբելյան հինգ մրցանակակիրներ՝ Ահարոն Չիհանովերը, Դան Շեխտմանը, Էյ Իչի Նեգիշին, Ադա Յոնաթը, Ջոն Ռոբին Ուորենը:
Կարևոր միջացառում էր նաև Թոմաս Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար , ԱՄՆ-ի առաջատար ռադիոլոգ, պրոֆեսոր Լևոն Նազարյանի և նրա ընտանիքի նախաձեռնությամբ ԵՊԲՀ ուլտրաձայնային ուսուցողական կենտրոնի բացումը: