Հայաստանի առողջապահության և բարձրագույն բժշկական կրթության գործիչ, վաստակաշատ բժիշկ Ե. Հարությունյանը ծնվել է Սիսիանի շրջանի Լեռնաշեն գյուղում, սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Բաքվում, որտեղ գիմնազիայում սովորելու տարիներին ամենայն ակտիվությամբ մասնակցել է հեղափոխական շարժումներին՝ հանդես գալով որպես Ստեփան Շահումյանի նախաձեռնությամբ կազմակերպած դպրոցականների դասադուլի ղեկավար:
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա դառնում է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող: Համալսարանում ուսանելու տարիներին, շարունակելով ընդհատակյա քաղաքական աշխատանքը, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կազմակերպության առաջադրանքով մեկնում է Զանգեզուր՝ մասնակցելու խորհրդային կարգերի հաստատման համար տեղի ունեցող կռիվներին:
1922 թվականին վերադառնում է Բաքու, շարունակում կրթությունը, 1925 թվականին տեղափոխվում է Մոսկվա, ուսումը շարունակում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում և 1928 թվականին ստանում է բժշկի որակավորում: Շուրջ մեկ տարի աշխատելով Մոսկվայի հանրահայտ հիվանդանոցներից մեկում՝ Ս. Պ. Բոտկինի անվան հանրահայտ կլինիկական հիվանդանոցում, գործուղվում է Հայաստան:
1929 թվականից Եգոր Հարությունյանը ղեկավարում է առողջապահության ժողովրդական կոմիսարիատի կադրերի բաժինը, միաժամանակ առաջին կլինիկական ինստիտուտում աշխատում է որպես տնօրեն, որով սկսվում է նրա՝ որպես առողջապահության կազմակերպչի գործունեությունը:
1932 թվականին Եգոր Հարությունյանը նշանակվում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի կադրերի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնում, ապա՝ առժողկոմատի կուրորտային վարչությունում՝ որպես վարչության պետ՝ շարունակելով հանրապետությունում սկսված կուրորտային շինարարությունը: Զգալի են նրա ծառայությունները առողջարաններում մահճակալների ֆոնդի ընդլայնման և բուժվող հիվանդների թվի մեծացման գործում:
1935 թվականին նա նշանակվում է հանրապետության բուժաշխատողների արհմիության կենտկոմի նախագահ: Այս պաշտոնում զգալի է նրա կատարածը՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության և նրանց հանգստի կազմակերպման հարցերում:
1937 թվականին Եգոր Հարությունյանը, նշանակվելով բուհի տնօրեն և այդ պաշտոնը վարելով մինչև 1938 թվականի հունիս ամիսը, իրեն հատուկ սկզբունքայնությամբ և լավատեսությամբ ձեռնարկում է մի շարք կարևոր միջոցառումներ՝ օժանդակելով ինստիտուտում տարվող ուսումնական գործընթացի և գիտական գործունեության որոշակի աշխուժացման: Նրա ուշադրության կենտրոնում էին ոչ միայն ամբիոնում ուսանողների հետ տարվող աշխատանքները, այլև ուսանողների կենցաղի, հանրակացարանի սանիտարական վիճակի, կարգ ու կանոնի, ճաշարանի գործունեության և ճաշերի որակի հարցերը: Նրա տնօրինության ժամանակաշրջանում որոշակի աշխուժացում է նկատվում նաև գիտամանկավարժական կադրերի գիտելիքների աճի բնագավառում. դասախոսներից գործուղվում են Խորհրդային Միության բժշկական կենտրոններ՝ ոչ միայն մասնակցելու գիտական համաժողովների, այլև պաշտպանելու ատենախոսություններ: Առողջապահության մարմիններին նրա օգնությունն ավելի ծավալուն բնույթ կրեց, երբ ստեղծվեց բժիշկների կատարելագործման ֆակուլտետը, որի հիմնադրումից անմիջապես հետո բժշկական ինստիտուտում սկսեցին վերապատրաստման դասընթացներ անցնել բազմաթիվ բժիշկներ:
Ալավերդու կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում ընտրվելուց հետո Եգոր Հարությունյանը ազատվում է բժշկական ինստիտուտի տնօրենի պաշտոնից, իսկ 1940 թվականին վերադառնում է Երևան՝ նորից ընտրվելով կուրորտային վարչության պետ, հանրապետության առողջապահության ժողովրդական կոմիսարի տեղակալ:
1941 թվականին սկսված պատերազմի ընթացքում նա նշանակվում է էվակոհոսպիտալի պետ: Հոսպիտալին օգնում էին նաև բժշկական ինստիտուտի դասախոսները՝ որպես խորհրդատուներ, առաջատար մասնագետներ:
1951 թվականին նա նշանակվում է Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ այդ պաշտոնը վարելով շուրջ 20 տարի: Նրա երկարամյա և անբասիր գործունեության արդյունք կարելի է համարել Խորհրդային Միության ամենահեղինակավոր պարգևներից մեկը՝ «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանը և բազմաթիվ մեդալներ: