Գիտության, առողջապահության և բժշկական բարձրագույն կրթության ականավոր կազմակերպիչ, հանրապետության ԳԱԱ փոխնախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը ծնվել է Աշտարակում:
Նա նույնպես շատերի նման մանկական տարիներին տառապել է «ժողովրդի թշնամու որդի» պիտակի պատճառով: Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցն ավարտելուց հետո Է. Գաբրիելյանն ընդունվում է բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ: Դեռևս ուսանողական տարիներին ի հայտ են գալիս ապագա գիտնականի մեծ հետաքրքրությունները և 3-րդ կուրսից սկսած նա մասնակցում է դեղաբանության ամբիոնի ուսանողական գիտական խմբակի աշխատանքներին:
Ուսանողական գիտական կոնֆերանսներում՝ Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Լենինգրադում նրա կարդացած զեկուցումները արժանանում են բարձր գնահատականի՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության պատվոգրի, Վրաստանի և Հայաստանի կոմերիտմիության կենտկոմների պատվոգրերի:
Ուսանողական տարիներին 5 տարի անընդմեջ նա ղեկավարել է բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կոմերիտական կազմակերպությունը, իսկ 1953-1954թթ. եղել է ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախագահի տեղակալ:
1954 թվականը նրա կյանքում նշանավորվեց երկու կարևոր իրադարձություններով՝ ավարտեց ինստիտուտը և «անմեղ մեղավորների» շարքում աքսորից վերադարձավ հայրը՝ հետևում թողնելով տանջալի ապրումների 17 երկար ու ծանր տարիները: Նորավարտ բժիշկը գործուղվեց Արթիկ՝ որպես շրջանային բուժմիավորման վիրաբույժ և դատաբժշկական փորձագետ, իսկ 1955 թվականից սկսած՝ բուժմիավորման գլխավոր բժիշկ և վիրաբույժ:
1959 թվականին շրջանում 5 տարի աշխատելուց հետո՝ Է. Գաբրիելյանը վերադառնում է Երևան և գործուղվում ինստիտուտի դեղաբանության ամբիոն: 1967 թվականին արժանանալով դեղաբանության ամբիոնի դոցենտի կոչման՝ նա 6 ամսով գործուղվում է Մեծ Բրիտանիա՝ վերապատրաստման: Արտասահմանյան գործուղման հաջորդ հասցեն Շվեդիան էր:
1969 թվականին Է. Գաբրիելյանը նշանակվում է բժշկական ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և մինչև 1971 թվականը հաջողությամբ ղեկավարում է այդ բնագավառը: Ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նվիրված էին ուղեղային արյան շրջանառության վրա խոլինոլիտիկ միջոցների ազդեցությանը՝ 1971 թվականին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդում պաշտպանում է ատենախոսություն՝ արժանանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի: Նույն թվականին նա նշանակվում է բժշկական ինստիտուտի ռեկտոր:
Ձգտելով պահպանել և ամրապնդել լավագույն ավանդույթները՝ միաժամանակ հնարավորության սահմաններում բարձրացնել բուհի հեղինակությունը՝ նա ուշադրության կենտրոնում է պահում ինստիտուտում տարվող գիտական ու մանկավարժական աշխատանքները՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց մակարդակը, երկրին տալ բարձրորակ բժիշկներ՝ նպաստելով հայրենական բժշկագիտության տարբեր բնագավառների զարգացմանը և գիտության նորագույն նվաճումները գործնական առողջապահության մեջ ներդնելուն:
Նրա հիմնական պահանջներից մեկը վերաբերում էր կադրերի պատրաստման կարևոր հարցին: Նա խիստ դատապարտում էր այն ամբիոններին, որոնք ունենալով մանկավարժական և գիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ, չեն մտածում վաղվա հերթափոխի պատրաստման մասին: Նա դեմ էր արատավոր այն սկզբունքին, որը արմատավորվել էր որոշ ամբիոններում, երբ գիտական կոչման էին ներկայացնում՝ առաջին հերթին հաշվի առնելով տվյալ դասախոսի աշխատանքային ստաժը՝ սահմանելով որոշակի հերթ: Գիտամանկավարժական և գիտական կադրերի պատրաստման գործում բացառիկ դեր հատկացնելով ասպիրանտուրային՝ նա միաժամանակ քննադատում էր առողջապահության նախարարության և ասպիրանտուրայի վերաբերյալ վերադաս մարմինների կողմից կիրառվող քաղաքականությունը՝ նշելով, որ վերջին տարիներին աստիճանաբար կրճատվում է ասպիրանտների թիվը, քանի որ այն կանխորոշվում է տվյալ մասնագիտությունների գծով միայն բուհի պահանջներից ելնելով: Նա գտնում էր, որ ժամանակն է ուղղել սխալը՝ նկատի ունենալով, որ ինստիտուտը պետք է գիտական կադրեր պատրաստի նաև հանրապետության առողջապահության այլ մարմինների և բժշկական հիմնարկների համար:
Գիտահետազոտական աշխատանքների ծավալման և արդյունավետության բարձրացման գործում զգալի դեր հատկացնելով գիտական տեղեկատվությանը նա 1972 թվականին ինստիտուտում հիմնադրեց գիտաբժշկական տեղեկատվության բաժին, որն առաջինն էր հանրապետության բուհերում:
Էմիլ Գաբրիելյանին հուզող հարցերի թվում հատուկ տեղ էին զբաղեցնում տեսական ամբիոններում գիտամանկավարժական աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուսումնական գործընթացի մակարդակն ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցը: Նա ջանք ու միջոց չէր խնայում, որ ընդարձակվի ինստիտուտի ուսումնական բազան, արագացվեցին նորակառույց բազմահարկ շենքի նախագծման և շինարարությունը սկսելու աշխատանքները:
Նրա նախաձեռնությամբ ինստիտուտի բակում կանգնեցված պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը դարձել է յուրօրինակ ուխտատեղի: Մեծ են Է. Գաբրիելյանի ծառայությունները դեղագիտական և հասարակական մասնագիտությունների ֆակուլտետների, ինչպես նաև նախապատրաստական բաժանմունքի ստեղծման և դրանք անհրաժեշտ մասնագետներով ու բազաներով ապահովելու գործում:
Նրա խնդրանքով անվանի նկարիչ Ռուդոլֆ Գարգալոյանը նկարազարդեց գլխավոր մասնաշենքի ճեմասրահի առաստաղը, որը առ այսօր զարդարում է բժշկական համալսարանի հին ՝ սև շենքի ճեմասրահը:
1975 թվականին նրա առջև բացվում են գործունեության ավելի լայն հնարավորություններ, երբ Է. Գաբրիելյանը նշանակվում է հանրապետության առողջապահության նախարար՝ միաժամանակ զբաղեցնելով ինստիտուտի դեղաբանության ամբիոնի պրոֆեսորի և ուղեղի արյան շրջանառության դեղաբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնները:
Որպես առողջապահության նախարար իր բազմաթիվ ծրագրերից մեկը նա նվիրել էր գյուղական վայրերի բժշկական հիմնարկները կադրերով ապահովելուն, որոնք իրականացնելու համար ամեն տարի շրջաններ էր գործուղում ավելի քան 250 նորավարտ բժիշկներ, ովքեր կազմում էին բժշկական ինստիտուտի տվյալ տարվա շրջանավարտների գերակշիռ մասը:
1988 թվականից Է. Գաբրիելյանը համատեղության կարգով ղեկավարել է բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնը, երկար տարիներ եղել է ԽՍՀՄ դեղաբանների միության վարչության նախագահութան անդամ, ԽՍՀՄ բժշկական մեծ հանրագիտարանի դեղաբանության գծով խմբագիր, առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի գործող ծրագրի ղեկավար, դրա խորհրդատվական կոմիտեի 25 անդամներից մեկը:
Մինչև 1989 թվականը Է. Գաբրիելյանը ՀՀ առողջապահության նախարարն էր: Շուրջ 14 տարի հանրապետության առողջապահության նախարարության գործունեությունը ղեկավարելուց հետո առողջապահության անվանի կազմակերպիչը շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը, իսկ դեղաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը՝ մինչև 1994 թվականը:
1992 թվականին նա ձեռնամուխ եղավ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության ստեղծման աշխատանքներին: Նրա ջանքերով ստեղծվեց և ձևավորվեց մի կազմակերպություն՝ հզոր կադրային և նյութատեխնիկական ներուժով, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ժամանակին գնահատվում էր որպես ԱՊՀ երկրների ամենաառաջատար կազմակերպություններից մեկը:
Ընտրվելով հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ՝ նա աշխատանքի անցավ ակադեմիայի համակարգում: Էմիլ Գաբրիելյանի գործունեությունը, մենագրությունները բարձր են գնահատվել աշխարհի նշանավոր գիտնականների կողմից:
Իր գիտական աշխատանքների արդյունքների մասին անվանի գիտնականը բազմիցս հանդես է եկել միջազգային տասնյակ գիտաժողովներում: Նա հեղինակ է 10 հայտնագործության, ընդգրկվել է միջազգային 10 հանրագիտարաններում, արժանացել բազմաթիվ մրցանակների, պարգևների, շնորհների: Ակադեմիկոս Է. Գաբրիելյանն առաջին հայ գիտնականն է, ով արժանացել է Միավորված Ազգերի կազմակերպության, գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության /ՅՈւՆԵՍԿՕ/ միջազգային Կալինգայի մրցանակի: