Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյան

Հայաստանում բժշկական բարձրագույն կրթության կազմակերպիչների և նյարդավիրաբուժության հիմնադիրների շարքում իր պատվավոր տեղն ունի վաստակաշատ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանը:

Նա ծնվել է Օրդուբադի շրջանի Բիստ գյուղում (Ադրբեջան): Նախնական կրթությունը ստացել է Նախիջևանի ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժնում, որտեղ 7-րդ դասարանն ավարտելուց հետո, եկել է Երևան և ընդունվել բժշկական տեխնիկում:

1937 թվականին տեխնիկումը հաջողությամբ ավարտելուց հետո Ս. Հովհաննիսյանն ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի առաջին կուրս: Ուսանողական տարիներին՝ հատկապես վերջին կուրսերում, հանգստանալու փոխարեն նա մեկնում էր գյուղական վայրեր, որտեղ կատարում էր գյուղական տեղամասային բժշկի պարտականություններ:

1941 թվականին Երևանի բժշկական ինստիտուտը ստիպված էր կրճատել ուսանողների ուսումնառության ժամկետը և տալ շրջանավարտներ: Նախատեսված ժամկետից շուտ գերազանց գնահատականներով ինստիտուտն ավարտեց նաև Ս. Հովհաննիսյանը: Կատարելով պրոպեդևտիկ վիրաբուժական կլինիկայի օրդինատորի պարտականությունները՝ նա միաժամանակ դասավանդում էր Երևանի որոշ ինստիտուտների ուսանողուհիներին՝ բուժքույրերի պատրաստման համար նախատեսված ծրագրով:

1941 թվականին Ս. Հովհաննիսյանը զորակոչվում է բանակ և պատերազմի ծանրագույն օրերին հայտնվում Կովկասի ռազմաճակատում: Ստանձնելով վիրաբուժական դաշտային շարժական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պատասխանատու պաշտոնը՝ ընդամենը 24-ամյա երիտասարդ մասնագետին բանակի բժշկական ծառայության ղեկավարությունը վստահում էր՝ հաշվի առնելով նրա անձնական հատկանիշները՝ վիրաբույժ-մասնագետի խոր գիտելիքները և կոլեկտիվ ղեկավարելու ձիրքը:

1946 թվականին ավարտելով ռազմաբժշկական երեքուկեսամյա գործունեությունը՝ նա վերադառնում է Երևան՝ որպես Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր:

1947 թվականից սկսած Սոկրատ Հովհաննիսյանը կատարում է նաև բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտի պարտականությունները, իսկ 1949 թվականին գործուղվում է Կիև: Մասնագիտական և կատարելագործման երկարատև դասընթացներ անցնելով Մոսկվայում և Կիևում, 1951 թվականին ամփոփելով իր հետազոտությունների արդյունքները, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ երիտասարդ գիտնականն իրեն հատուկ ջանասիրությամբ մինչև 1952 թվականը շարունակում է իր վիրաբուժական գործունեությունը Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցում՝ միաժամանակ կատարելով բժշկական ինստիտուտի ասիստենտի պարտականությունները:

Հաշվի առնելով առողջապահության և գիտության կազմակերպչի նրա ունակությունները՝ կառավարությունը նրան է վստահում Երևանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրինությունը: Ինստիտուտի տնօրեն լինելուց բացի՝ Սոկրատ Հովհաննիսյանը նաև բարձրակարգ նյարդավիրաբույժ էր, և 1952 թվականին նրա ջանքերով Հայաստանում բացվեց առաջին նյարդավիրաբուժական բաժանմունքը:

1957 թվականին իր դիմումի համաձայն նա ազատվում է ինստիտուտի տնօրենի պաշտոնից՝ շարունակելով ղեկավարել նյարդային վիրաբուժության բաժանմունքը: 1958 թվականին երկար ժամանակով նորից գործուղվում է Մոսկվա, իսկ 1960 թվականին՝ Կիև:

1961 թվականին նյարդավիրաբուժության մեջ կատարելագործվելու նպատակով 4-ամսյա ժամկետով Ս. Հովհաննիսյանը գործուղվում է Անգլիա: Վերադառնալով Երևան՝ հիշյալ բնագավառներում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները սկսում է հաջողությամբ կիրառել հանրապետությունում:

1962 թվականին նա նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր: Ստանձնելով ինստիտուտի ղեկավարի պաշտոնը և հավատարիմ մնալով բուհի լավագույն ավանդույթներին՝ նա ձգտում է պահպանել բժիշկների պատրաստման բարձր մակարդակը, վերացնել այդ գործը խոչընդոտող սխալներն ու թերությունները, պայմաններ ստեղծել ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման համար: Նրա պաշտոնավարման ընթացքում ստեղծվում են նոր ամբիոններ: «Երքիմշին» տրեստի հանրակացարանում նրա ջանքերով ստեղծվում և գործում է ուսանողական պոլիկլինիկա, որտեղ բժշկական ինստիտուտի բարձր կուրսերի ուսանողները սպասարկում էին բանվորներին՝ իրենց փորձառու դասախոս-բժիշկների հսկողությամբ և ղեկավարությամբ:

Մինչև Խորհրդային Միության բժշկական ինստիտուտների ծրագրերի և ուսումնական պլանների մեջ նյարդավիրաբուժական դասընթաց մտցնելը Ս. Հովհաննիսյանը անձնական նախաձեռնությամբ դասավանդեց «Նյարդավիրաբուժություն» առարկան:

Որպես ռեկտոր մեծ էին նրա ջանքերը ինստիտուտի միջազգային կապերի առավել ամրապնդման ուղղությամբ: 1963 թվականին նա Երևանում կազմակերպում է համամիութենական կոնֆերանս, որի աշխատանքներին Խորհրդային Միության գիտական բազմաթիվ կենտրոնների անվանի մասնագետներ էին մասնակցում:

1965-1966թթ. Սոկրատ Հովհաննիսյանը ղեկավարում է Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից Երևանի բժշկական ինստիտուտում անցկացվող գիտաժողովի աշխատանքները:

1966 թվականին ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո նա ինստիտուտում հիմնադրում և անձամբ ղեկավարում է իր տեսակի մեջ յուրահատուկ կլինիկական ամբիոն, որը կոչվում էր վնասվածքաբանության, ռազմադաշտային և նյարդավիրաբուժության ամբիոն, որտեղ առաջին անգամ կազմակերպում է նաև անզգայացման և վերակենդանացման դասավանդումը: Անվանի գիտնականի ծառայությունները բարձր են գնահատվել, որի արդյունքում նա արժանացել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Կարմիր աստղի» շքանշանների, մեդալների և հանրապետության վաստակավոր բժշկի կոչման: