GOVERN
ԵՄ Տեմպուսի GOVERN ծրագիրը («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ազգային ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը:
GOVERN Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման բարձրագույն և միջին օղակի համար կարողությունների ստեղծումը Բոլոնիայի գործողությունների պլանն իրականացնելուն ունակ լինելու համար, կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների և չափանիշների և ուսանողների շարժունության իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:
Ակադեմիական ծրագրերի ցուցիչներն ու չափանիշները և ուսանողների շարժունակությունը հանդիսանում են Ծրագրի բաղադրիչ կարևորագույն մասերից մեկը:
2014 թվականի հունվարի 15-16-ը Հայաստանի Ազգային Պատկերասրահի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի (ԵԳՊԱ) ներկայացրած ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի մեկնարկը։
Երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին 22 գործընկեր հաստատությունների ներդրումները ծրագրին, քննարկվեցին ծրագրի մեթոդաբանությունը, առաջիկա գործողությունները, ինչպես նաև կառավարման խնդիրները։
Գործընկեր բուհեր և հաստատություններ
- Լոյվենի համալսարան, Բելգիա
- Հայաստանի գործատուների հանրապետական միություն
- Համալսարանների համաշխարհային ծառայություն, Ավստրիա
- Բեթ Սփա համալսարան, Միացյալ թագավորություն
- Կոբլենցի համալսարան, Գերմանիա
- Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստան
- Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
- Հայսատանի ազգային ագրարային համալսարան, Հայաստան
- Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
- Հյուսիսային համալսարան, Հայաստան
- Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստան
- Գավառի պետական համալսարան, Հայաստան
- Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն, Հայաստան
- Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիա
- Հայաստանում ամերիկյան համալսարան, Հայաստան
- Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոն, Իտալիա
Tempus-ի Govern ծրագրի շրջանակներում Բելգիայում Լյուվենի համալսարանում 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ը անցկացվեց թրեյնինգ, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր բուհերի վարչական աշխատողներ: Մեր բուհից մասնակցում էին ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Ն.Բ.Շահվերդյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լ.Կ.Եսայանը և դեղագիտական ֆակուլտետի փոխդեկան Շ.Գ.Աֆրիկյանը:
Թրեյնինգի առաջին օրը քննարկվեց մագիստրոսական կրթական ծրագրերի կազմման գործընթացը: Ողջ ծրագիրը պետք է հիմնված լինի մոդուլների դասավանդման վրա և ավարտվի մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Սկզբունքային տարբերությունն այն է, որ ներկայացված մագիստրոսական կրթական ծրագրերը նախատեսված են հետդիպլոմային ուսուցման համար, մինչդեռ մեր բուհում դա իրականացվում է նախադիպլոմային փուլում: Մասնակիցների խնդրանքով թրեյնինգի կազմակերպիչները կրկին անդրադարձան կրեդիտների ձևավորմանը: Մեր ուշադրությունը սևեռվեց այն հանգամանքի վրա, որ մոդուլի /առարկայի/ ուսուցման տևողությունը պետք է լինի առնվազն 3 կրեդիտ:
Թրեյնինգի 2-րդ օրը քննարկվեց «ուսանողի ձեռնարկի» կազմման գործընթացը: Այդ ձեռնարկը պետք է կազմվի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար և տրվի յուրաքանչյուր ուսանողին հենց առաջին օրվանից: Ձեռնարկում պետք է ամփոփ ներկայացվի ոչ միայն ուսումնական ծրագիրը և պլանը, այլև ուսանողի իրավունքներն ու պարտականությունները: Մասնակիցներին ներկայացվեց օրինակելի «ուսանողի ձեռնարկի» 1 օրինակ և հանձնարարվեց մինչև դեկտեմբեր ամիսը նույն սկզբունքով կազմել ու ներկայացնել յուրաքանչյուր բուհի 1 կրթական ծրագրի համանման ձեռնարկ:
Թրեյնինգի երրորդ օրը կազմակերպվեց այցելություն Լյուվենի համալսարանի «AGORA» ուսուցման կենտրոն, որտեղ ներկայացվեց ուսանողակենտրոն ծրագրի դիզայնը:
Եռօրյա թրեյնինգը կազմակերպված էր ինտերակտիվ, ուղեկցվում էր բուռն քննարկումներով, հագեցած էր կարևոր լրատվությամբ և գոհացրեց բոլոր մասնակիցներին:
Նոյեմբերի 13-15-ը Իտալիայի Պալերմո քաղաքում Tempus-ի “GOVERN” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մասնակիցների հերթական հանդիպումը, որը նվիրված էր «Համալսարանների կառավարման համակարգեր և ռազմավարություն», «ECTS-ի տեղն ու դերը ծրագրերի կառուցվածքում», «Որակի ապահովման ցուցանիշներ», «Ուսանողների աջակցման ծրագրեր», «Ուսանողակենտրոն մոտեցում» թեմաներին: