Ղեկավար՝ Սուրեն Ստեփանի Հովհաննիսյան, բ.գ.դ.:
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում և 2013թ. սեպտեմբերին ԵՊԲՀ-ի և Կրթական ծրագրերի կենտրոնի միջև ստորագրված դրամաշնորհային պայմանագրի շնորհիվ սկիզբ դրվեց գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ստեղծմանը:
2014թ. դեկտեմբերի 22-ին ԵՊԲՀ-ում հիմնադրվեց Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող էր: Սիմուլյացիոն կենտրոնի միջոցով մեր բուհի կրթական համակարգում ներդրվել է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:
Այս պահին Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը գտնվում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում (հասցե՝ Եզրաս Հասրաթյան 9)։ Կենտրոնի տարածքը կազմում է 1500 քառակուսի մետր։
Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է վեց հիմնական կլինիկական ուղղություններ` վերակենդանացում, վիրաբուժություն, թերապիա, մանկաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա: Կենտրոնի 16 սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:
Վերջին մի քանի տարվա ընթացքում բժշկական բուհը տարեկան խոշոր գումար է հատկացնում կենտրոնի հետագա հագեցման և մասնագետների ուսումնառության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Մի քանի օր առաջ կենտրոնում բացվեց լապարոսկոպիայի և վիրտուալ պացիենտի սենյակ, որը կոչվում է «Ակադեմիքս»։
Սիմուլյացիոն կենտրոնում վերապատրաստվում են բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողները, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ կուրսերի ուսանողները:
Այսօր ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնի հագեցվածությունն ամբողջովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, ինչը հատկապես արդիական է համավարակի պայմաններում, քանի որ բոլոր շփումները նվազագույնի են հասցված, իսկ վերապատրաստման մեկնել արտասահմանյան առաջատար բժշկական կենտրոններ դեռևս անհնար է:
Սիմուլյացիոն ուսուցումը ԵՊԲՀ-ում լիարժեք ներդրվեց 2015թ. փետրվարից: Բժշկության և բժշկական կրթության ոլորտում սիմուլյացիոն թրեյնինգի մեթոդի կիրառումը պայմանավորված է դրա բարձր տեխնոլոգիական նկարագրով, աշխատաշուկայի կողմից պահանջվող հմտությունների ցանկի ընդլայնմամբ:
Բժիշկների գործնական հմտությունների ձևավորման համար արևմտյան երկրներում ներդրված են ոչ միայն ԵՊԲՀ-ում ավանդաբար կիրառվող մուլյաժներ, անատոմիական մոդելներ, օրգանների և օրգան-համակարգերի ֆանտոմներ (իրականության 1-2 մակարդակներ), այլև իրականության 3-4-րդ մակարդակների տուփային և տեսավարժասարքեր, վիրտուալ և հիբրիդային սիմուլյատորներ, ինտերակտիվ էլեկտրոնային ձեռնարկներ և այլն: Ընդ որում՝ 3-րդ մակարդակի ֆանտոմներն ու մանեկենները համալրված են ինքնագնահատող համակարգով (էլեկտրոնային մանեկեն), իսկ 4-րդը՝ նաև ավտոմատացված ստանդարտ ռեակցիաների հնարավորությունով՝ տեսասարքավորումների կիրառմամբ (համակարգչային մանեկեն):
Բժշկության և բժշկական կրթության ոլորտում սիմուլյացիոն թրեյնինգի մեթոդի ներդրման արդյունքում հիմնված նոր համահամալսարանական սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի հեղինակները նպատակ ունեն նորարարական ծրագիրն առաջին հերթին ուղղել բժշկական կրթության որակի և արդյունավետության բարելավմանը:
Սիմուլիացիոն կենտրոնը վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, վիրաբուժության, ընդհանուր կլինիկական հմտությունների ուղղությամբ մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն բժշկական սիմուլյացիոն կրթական համալիր է, որը ներառում է հատուկ ծրագրային ապահովմամբ համակարգչայնացված ռոբոտներ, համակարգչային և հարակից տեխնիկա, համապատասխան կահույք, ինչպես նաև սիմուլյացիոն բժշկական կրթությանը վերաբերող մասնագիտական գրականություն:
Պատահական չէ, որ կենտրոնը որդեգրել է «Սովորեցնելով սովորում են» կարգախոսը: Բժշկական այս նոր ուղղությունը հնարավորություն է տալիս բարձր կուրսերի ուսանողներին, կլինիկական օրդինատորներին առաջին կուրսեցիներին փոխանցել իրենց արդեն ստացած գիտելիքները, ինչպես նաև դասախոսել:
Կենտրոնում կիրառվում են ուսանողների գործնական հմտությունները ստուգելու քննական նորարար մեխանիզմներ:
Նշենք, որ սիմուլյացիոն կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են արտերկրի հեղինակավոր ուսումնական կենտրոններում: Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով ԵՊԲՀ-ի սիմուլյացիոն կենտրոնի և կլինիկական ամբիոնների դասախոսների, օրդինատորների համար ևս պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպում են մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ: Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում նաև բժիշկների և բուժքույրերի համար:
Վերապատրաստվելու համար ցանկացողները կարող են դիմել Սիմուլյացիոն ուսումնական կենտրոն:
Արդեն շուրջ 30.000 այցելու ունեցած կենտրոնում առաջիկայում ծրագրվում է ընդլայնել վերապատրաստման դասընթացների թիվը՝ ընդգրկելով նաև ուժային կառույցների և ԱԻՆ-ի աշխատակիցներին: Այս քայլն, առաջին հերթին, կբարձրացնի բնակչության անվտանգության մակարդակն արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև կմեծացնի մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը:
Վերակենդանացում և թերապիա
Կենտրոնի կարևոր ձեռքբերումը «Heisten» բարձրորակ սիմուլյատորն էր, որն օգտագործվում էր վերակենդանացման և թերապիայի հմտությունների զարգացման, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման համար։
Վիրաբուժություն
Ուսանողները սովորում և ծանոթանում են վիրաբուժության նրբությունների հետ: Տեսական գիտելիքները փոխարինվում է գործնականի. Սովորում են կարեր դնել և հեռացնել, տեղադրել երակային և միզուղիների կաթետերներ, կատարել պլևրալ պունկցիա, տեղադրել նազոգաստրային խողովակ և մի շարք այլ գործնական հմտություններ:
Լապարոսկոպիա
Սիմուլյացիոն կենտրոնում վերջերս բացվել է լապարոսկոպիայի սենյակը: Սա արագ զարգացող վիրաբուժական մեթոդ է, որի ժամանակ հատուկ գործիքների և տեսախցիկների օգտագործումը թույլ է տալիս վիրահատություններ կատարել ծակոցների և միկրո-կտրվածքների միջոցով, այսինքն` վիրաբուժական առաջադրանքները կատարվում են հիվանդի՝ վնասվածք ստանալու և վիրահատության ծանրության աստիճանի զգալի նվազեցմամբ:
Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում բարձրակարգ տեխնոլոգիայով օժտված «Noelle» սիմուլյատորի օգնությամբ հնարավոր է նախաձեռնել ծննդաբերության գործընթաց, բազմաթիվ այլ սիմուլյատորների օգնությամբ՝ լսել պտղի սրտի բաբախյունը, ինչպես նաև անցկացնել ընդհանուր գինեկոլոգիական հետազոտություններ։
Մանկաբուժություն
Մանկաբուժական բաժանմունքում մուլյաժները, մասնավորապես, «Vertu Baby»-ն, հնարավորություն է տալիս զարգացնել BLS /basic life support/ և PALS /Pеdiatric advansed life support/ հմտությունները։
Այս տարիներին համալսարանական հիվանդանոցների առավել քան 500 բուժքույր է վերապատրաստվել կենտրոնում, իսկ վերջին դժվարին տարվանից հետո մեկնարկել է առաջին բուժօգնության դասընթաց բոլոր ցանկացողների համար: