Կենտրոնում իրագործվում է՝
ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով:
Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով,ժամանակակից վարժասարքերով,անհրաժեշտ ստոմատոլոգիական գործիքներով,սարքերով և նյութերով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ստոմատոլոգիայի բնագավառում:
Կենտրոնը նպաստում է ստոմատոլոգիական բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող է:
Ուսումնական նշանակության կենտրոնն իր աշխատանքներն իրականացնում է ԵՊԲՀ-ի միջազգայնացման քաղաքականությանը համահունչ: Օրական կենտրոնը հնարավորթյուն ունի սպասարկելու շուրջ 200 սովորողի:
Կրթական կարևոր այս ծրագրի ներդրումն ունի նաև հոգեբանական բաղադրիչ: Այն թույլ է տալիս ապագա մասնագետներին զարգացնել գործնական հմտությունները նախակլինիկական փուլում, նախքան կլինիկաներում աշխատելը: Նրա գնահատմամբ՝ այսպիսի նորարարական հմտությունների ներմուծումը ստոմատոլոգիական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:
Ստեղծված կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծումը:
Իրականացվել է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում և տպագրում: Տպագրված 5 ձեռնարկները, ի տարբերություն բուհում մինչ այս առկա հատվածային գրականության, լիարժեք ներառում և մեկտեղում են անհրաժեշտ մասնագիտական նյութը՝ միասնական մեթոդաբանության և պահանջների շրջանակում՝ հանդիսանալով կոլեկտիվ աշխատանքի արդյունք:
Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով կենտրոնում արդեն իրականացվում են ապագա և գործող բժիշկների վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և ԵՊԲՀ-ի լավագույն պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, կազմակերպվում են մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ, միջազգային օլիմպիադաներ,վարպետաց դասեր:
Նշենք, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի բացման արարողության ընթացքում, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովին ԱՄՆ-ից ժամանած մասնակիցներ Նիռաջ Խաննան, Վահիկ Պոլ Մեզերխանին և Ռուսաստանից Սամվել Ապրեսյանն արժանացան համալսարանի այցելու պրոֆեսորի կոչման: Իսկ Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլին հանձնվեց ԵՊԲՀ ոսկե մեդալ, նույն ֆեդերացիայի ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռն էլ արժանացավ բուհի պատվավոր դոկտորի կոչման: Պետք է նշել, որ 2018-2022 թ կենտրոնը ընդունել է բազմաթիվ հյուրերի արտերկրից, ինչպես նաև կենտրոն են այցելել ՀՀ բարձրաստիճան այրեր, ՀՀ տարբեր մարզերից դպրոցականներ, Հերացու անվան դպրոցի աշակերտներ և այլն:
- Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները ձեռք են բերում հիմնական գործնական հմտություններ հետևյալ մասնագիտություններով՝ թերապևտիկ,օրթոպեդիկ,վիրաբուժական,մանկական ստոմատոլոգիա և օրթոդոնտիա:
- Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորները այցելելով կենտրոն հնարավորություն են ստանում կատարելագործվել, ժամանակակից ստոմատոլոգիայում կիրառվող բազմազան գործնական հմտություններում հետևյալ մասնագիտություններով՝ թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական,մանկական ստոմատոլոգիա և օրթոդոնտիա:
- Կենտրոնում կազմակերպվում են տարբեր ծրագրերով ապագա և գործող բժիշկների (ՇՄԶ կրեդիտավորմամբ) վերապատրաստման դասընթացներ հետևյալ մասնագիտություններով՝ թերապևտիկ,օրթոպեդիկ,վիրաբուժական ստոմատոլոգիա և օրթոդոնտիա: Վերապատրաստման դասընթացների տեսակները ընթացքում ավելանում են: