«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի նպատակն է ստեղծել հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը, միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:
Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծումը կնպաստի գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը:
Լաբորատորիան, օգտագործելով կենտրոնի առկա կարողությունները, ձևավորելու է բժշկակենսաբանական ուղղության մեջ հավակնոտ հետազոտությունների և առաջադեմ գիտակրթական ծրագրերի համալիր կառույց:
Ծրագրի ղեկավար՝ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Բորիսի Ենկոյան
Իրականացման ժամկետներ՝ 01.06.2023 – 31.05.2025թթ.
Բյուջե՝ 247.024.465 ՀՀ դրամ
Ծրագրի գործընկեր հաստատություն՝ ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Ծրագրի իրականացման ավարտին կգրանցվեն մի շարք շոշափելի արդյունքներ.
- ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կստեղծվի 150-200 մ2 տարածքով լաբորատորիա՝ հետևյալ միավորներով՝
- Հյուսվածքների դասական օպտիկական և ֆլյուորեսցենտային գերբարձր վիզուալիզացիայի և անալիզի բլոկ.
- Բջիջների in vivo, դինամիկ լայն դաշտային և կոնֆոկալ պատկերավորման, միաժամանակյա հաշվարկի և վերլուծության բլոկ.
- in vivo օպտիկական տեսապատկերման բլոկ.
- Լրացված և վիրտուալ իրականության հիմնարար գիտական և կրթական բլոկ.
- Կոնֆերանսների / տեսակոնֆերանսների կազմակերպման սենյակ.
- Տվյալների վերլուծության բլոկ:
- «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում ներդրվելիք «Նեյրոգիտության հիմունքներ» առարկան կներառի թեմաներ, որոնք դասավանդվելու և ներդրվելու են ստեղծվելիք լաբորատորիայում.
- Ուսանողների և հետազոտողների համար կմշակվեն առարկայական դասընթացներ՝ ուղղված ուղեղի ճանաչման գործընթացում ուղեղի վիզուալիզացիայի, լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների դերին և կիրառությանը.
- Ուղեղի հետազոտությունների ոլորտում այժմ իրականացվող գիտական թեմաների շուրջ կստեղծվեն նոր հետազոտական նախագծեր, որոնք կդառնան առավել մրցունակ՝ ի հաշիվ ձեռքբերված սարքերի, նոր հետազոտական մեթոդների և կենտրոնի այլ կարողությունների.
- Այլ գիտակրթական ծրագրերի ռեսուրսների ներգրավմամբ կստեղծվի “PhD in Neuroscience” նոր ասպիրանտական ծրագիրը, որը հիմք կհանդիսանա նեյրոգիտության ոլորտում նոր միջազգային ասպիրանտական (PhD school) կամ աստիճանաշնորհման (graduate school) դպրոցի հիմնման համար.
- Կապահովվի միջազգային հեղինակություն ունեցող պարբերականներում հրապարակվող գիտական հոդվածների թվաքանակի աճ.
- Կոնսորցիումի անդամ հաստատության՝ ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ կնախագծվեն նոր համատեղ ծրագրեր: