Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆարմակոգնոզիայի ամբիոնի հետազոտական աշխատանքները ներկայացվել են միջազգային հարթակում

Ֆարմակոգնոզիայի ամբիոնի հետազոտական աշխատանքները ներկայացվել են միջազգային հարթակում

Հոկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ Functional Foods and Bioactive Compounds: Innovations in Health and Disease Prevention 35-րդ միջազգային կոնֆերանսը, որտեղ բանավոր և պաստառային զեկույցներում ներկայացվեցին ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի ամբիոնում պրոֆեսոր Նաիրա Չիչոյանի ղեկավարությամբ, դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտական աշխատանքները։

Ամբիոնի ասիստենտ, երիտասարդ գիտնական Արշալույս Ղազարյանը ներկայացրեց Բյուրականում աճող Ferula rigidula բուսատեսակի ֆիտոքիմիական և կենսաբանական ակտիվության ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն՝ նախնական ստանդարտավորման է ենթարկվել բուսատեսակը՝ ըստ ապրանքագիտական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական ակտիվության ցուցանիշների։

Հետազոտական աշխատանքներն իրականացվել են գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ (Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Ռուզաննա Պարոնիկյանի և Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ի լաբորատորիայի վարիչ Լուսինե Դանիելյանի ղեկավարությամբ)։

Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև օտարերկրացիների դեղագիտական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողներ Անի Պահլավունին և Ելենա Հարությունյանը, որոնք պաստառային քննարկման ժամանակ ներկայացրեցին ծառերի արտահոսուկների կենսաբանական ակտիվությանը վերաբերող գիտական աղբյուրների վերլուծությունը։

Պաստառային զեկուցման շրջանակներում ուսանողները հետաքրքրվողների ուշադրությանը ներկայացրեցին բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման գործընթացում ծիրանենու կամեդից ստացված նանոմասնիկների հնարավոր հակամանրէային ազդեցության ուսումնասիրության նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսվում է իրականացնել դրամաշնորհային ծրագրի կատարող՝ ԵՊԲՀ բժշկական մանրէաբանության ամբիոնի դոցենտ Գայանե Պողոսյանի պատասխանատվությամբ։

Ներկայացված հետազոտական աշխատանքները արժանացան ներկաների և գիտական համայնքի պատշաճ գնահատականին։