Ռեկտորատի նիստն այսօր անցկացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում: Քննարկվեցին ուսումնական գործընթացներին, կլինիկական, վարչական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարածի մասին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Նիստը «Միքայելյան»-ում նշանավորվեց նոր բաժանմունքի բացմամբ: Համալսարանականների դատին ներկայացվեց հերթական նախաձեռնությունը, որն ուղղված է, առաջին հերթին, որակի բարձրացմանը, պացիենտների հետվիրահատական կամ կոնսերվատիվ բժշկական օգնության կազմակերպմանը առավել հարմարավետ, նորագույն չափանիշներին համահունչ միջավայրում:
Հիվանդանոցի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմամբ՝ շինվերանորոգման վեց ամիս տևողությամբ ինտենսիվ աշխատանքներից հետո, նոր բաժանմունքը՝ ստանալով «Էլիտ» անվանումը, ներառում է 20 հիվանդասենյակ՝ հագեցած ժամանակակից հնարավորություններով և սննդի բոլոր պայմաններով։
Նոր բաժանմունքն առանձնանում է բարձր հարմարավետությամբ հիվանդասենյակներով, որոնք, արդեն գործող բաժանմունքներին զուգահեռ, կընդլայնեն հիվանդանոցային այս ժամանակակից ծառայությունը։
««Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը` այս պահին համալսարանական հիվանդանոցն ինձ համար առաջնահերթությունների շարքում է, մենք խորապես գիտակցում ենք, որ սա զուտ բժշկական համալսարանի սեփականությունը չէ, այլև մեր մասնագիտական պարտքն է վերակառուցել, վերականգնել այս բուժական կրթօջախը, որը հիմքն է եղել բժշկության 90-ականների վերջից և առաջատար դիրքեր է ունեցել»,-դիմելով ներկաներին ասաց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այստեղ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն իր համար նաև հուզական բաղկացուցիչ ունի, քանի որ երիտասարդության տարիներին աշխատել է վիրաբուժական ինստիտուտում:
«Շատ մեծ տեղ եմ հատկացնում հիվանդանոցի վերածննդին, վերազինմանը և այս բաժանմունքի վերաբացումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր բոլորի հաջողությունը, բոլորիս ուրախությունը, որ ուսանողները, ռեզիդենտները և առավել ևս պացիենտները վստահելու են հիվանդանոցին, կկարողանան մասնագիտացված բժշկական օգնություն ստանալ բացառիկ հարմարավետության, անվտանգության պայմաններում»,- ընդգծեց ռեկտորը` հատուկ շնորհակալություն հայտնելով հիվանդանոցի տնօրինությանը և զարգացման գծով տնօրեն Արմեն Հարությունյանին, ով ներդրումային ծրագիրն այնպես իրականացրեց, այնպիսի սրտացավությամբ, որ ոգևորեց անձնակազմին, բժիշկներին, բուժքույրերին:
«Համոզված եմ, որ ինչպես նախորդ ծրագրերը` սրտային վիրաբուժության, դիալիզի, էնդոսկոպիկ ծառայության, Comfort բաժնի այնպես էլ այս մեկը ուրույն տեղը կգտնի մեր զարգացման նախաձեռնություններում», -ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ «Միքայելյան»-ում գրեթե չկան չվերանորոգված տարածքներ:
Շուտով կբացվի նաև ամբողջությամբ վերակառուցված հանրակացարանային համալիրը, Պաթանոտամիայի բաժինը, բանակցություններ են վարվում Ռադիոլոգիայի կենտրոնի, բաց սրտային վիրաբուժության ծառայությունների ձևավորման և զարգացման ուղղությամբ: Նախկինում, տարիներ առաջ, այս հիվանդանոցային հատվածը, որտեղ բացվել է նոր բաժանմունքը գործել է ռեանիմացիան` վերակենդանացման բաժինը, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել, աշխատել են ականավոր մասնագետներ, բժիշկներ և այդ ավանդույթներն այսօր շարունակվում են:
«Պատվով պետք է շարունակենք այն գործը, որը ժամանակին ներդրել է ականավոր սրտային վիրաբույժ, բժիշկ-գիտնական Ալեքսանդր Միքայելյանը»,- շեշտեց բժշկական բուհի ղեկավարը:
Բացված նոր բաժանմունքի պահանջարկը, հիվանդանոցի զարգացման գծով տնօրեն Արմեն Հարությունյանի գնահատմամբ, իսկապես կար, քանի որ տարիների ընթացքում արձանագրել են հարմարավետությամբ ապահովված շատ սենյակների կարիքը, ինչն, անշուշտ, դարձավ այս նախաձեռնության առիթն ու ժամանակի թելադրանքը։
Տեղակայվելով ադմինիստրատիվ մասնաշենքի երրորդ հարկում՝ ընդհանուր վիրաբուժական կլինիկաների հարևանությամբ, նոր բաժանմունքը, կարճ ժամանակում կարևոր դերակատարում կունենա հիվանդանոցային գերհագեցած, ծանրաբեռնված առօրյայում:
Նշենք, որ 2018 թվականի սկզբից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։
Փաստացի այս տարեթիվը դարձավ վիրաբուժական դարբնոցի պատմության նոր էջերի կերտման սկիզբը՝ հստակ ազդարարելով մասշտաբային զարգացման ծրագրերի մեկնարկի մասին, որոնք տարիներ անց իրականություն դարձան։