Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների հաշվետվությունը` Գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի հաշվետվությամբ մեկնարկեց մայիսի 31-ի նիստը:

Պրոռեկտորը ոչ միայն անդրադարձավ 2022-2023թթ. հետբուհական կրթության հարցերին, այլև COVID-19 համավարակի և պատերազմի ընթացքում կատարած աշխատանքներին։ Նշված ժամանակահատվածում ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա ընդունվել է 880 սովորող:

Գառնիկ Ավետիսյանը խոսեց նաև ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշներից` ներկայացնելով 2016-2022թթ. համեմատական նկարագիրը։

Բուհում կրկնապատկվել է լրացուցիչ մասնագիտացումների և կատարելագործումների թիվը, ինչը, պրոռեկտորի գնահատմամբ, 2023թ. ներդրված բուժաշխատողների հավաստագրման հետ է պայմանավորված։

Նիստի հիմնական զեկուցողը շեշտադրեց, որ փոխվել է նաև հետբուհական ոլորտում նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակը` 2017-2020 և 2020-2023 թվականների համեմատ.

«Հուրախություն մեզ՝ վերջին երեք տարում անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա մասնագիտացումը դարձել է պահանջվածներից մեկը»:

Իր համակարգմամբ` 2019 և 2020 թվականների 1411 շրջանավարտի շրջանում կատարվել է հարցում։

«Որքա՞ն արդի եք գնահատում օրդինատուրան ԵՊԲՀ-ում հարցին՝ 86.67 տոկոսը պատասխանել է գերազանց և լավ»- մեջբերեց Ավետիսյանը։

Հարցման արդյունքները հետբուհական և շարունակական կրթության պատասխանատուները հաշվի կառնեն հետագա գործունեության մեջ:

Նրա խոսքով՝ 2020 թվականին, համավարակով պայմանավորված, հետբուհական կրթության ձևաչափը ևս վերաձևակերպել է աշխատանքը:

Համավարակի պայմաններում կարևորելով հանրության իրազեկվածության բարձրացմսն հարցը` Կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվել են տեսադասախոսություններ, ակնարկային և ծրագրային դասախոսություններ, կարճամետրաժ ֆիլմեր. ընդհանուր առմամբ` 308 տեսանյութ, 60 մասնագիտական քննարկում և 1 ուղիղ եթեր։

Կազմակերպվել է առաջին օգնության դասընթաց ոչ բժշկական կրթություն ունեցող 250 անձի համար։

Նիստի մասնակիցներին տեղեկացվեց նաև Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող մյուս ծրագրերի մասին, որոնք ինչպես շրջանավարտների հետ կապի, աշխատանքի ապահովմանն են  ուղղված, այնպես էլ սովորողներին և դիմորդներին։

Գիտական խորհուրդը հաստատեց Հետբուհական և շարունակական կրթության կատարելագործման դասընթացների հարցը` կրկին պրոռեկտոր Ավետիսյանի զեկուցմամբ:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի զեկուցմամբ հաստատվեց «Բուժական գործ կրթական ծրագրերի մոդուլային ձևաչափ» հարցը, որը լայնորեն քննարկվեց համալսարանականների կողմից` ինտերակտիվ հարցուպատասխանով։

Հաստատվեցին Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի և Միջազգային համագործակցության բաժնի կանոնակարգերը` Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, իսկ Հանրային առողջության ֆակուլտետի և «Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանության մասին» կանոնակարգերում փոփոխությունների հաստատման մասին` Մարինե Հովհաննիսյանի զեկուցմամբ:

Ակադեմիական և գիտական անձնակազմի պարտավորությունների բախման կանխարգելման մասին կանոնակարգի քննարկման հարցը նիստի անդամներին ներկայացվեց ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանի կողմից:

Հնչած հարցի շուրջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ այն պետք է դուրս լինի շահարկումից, խոսքը վերաբերում է համալսարանի աշխատակիցների պարտավորությունների բախման կանխարգելմանը։

Քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող ընթացիկ բազմաթիվ այլ հարցեր։