«Վատ ուսուցիչը ճշմարտությունն է ասում, լավ ուսուցիչը գտնելն է սովորեցնում». «Ուսուցչի օր»–ը կրթության ոլորտի մասնագիտական տոն է, որը նշվում է տարբեր երկրներում։
Ուսուցչի միջազգային օրը սահմանվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 5-ին։ Այն նպատակ ունի ընդգծելու ուսուցիչների դերը կրթության, զարգացման և հասարակության ապագայի կերտման գործում։ Հայաստանում ուսուցչի օրը նույնպես նշվում է հոկտեմբերի 5-ին՝ համահունչ միջազգային օրվան։ Սա ևս մեկ առիթ է գնահատելու դասավանդման, գիտելիքի տրամադրման, կրթման և դաստիարակության ոլորտում աշխատող մեր մասնագետներին:
«Ուսուցիչ» հասկացությունը պատմականորեն ձևավորվել է մարդկության մշակութային զարգացման ընթացքում և կապված է գիտելիքի, փորձի և արժեքների փոխանցման անհրաժեշտության հետ։
Նախնադարյան շրջանում Ուսուցիչ հասկացությունը դեռևս ձևավորված չէր, գիտելիքը փոխանցվում էր ցեղի ավագների, որսորդների, քրմերի միջոցով՝ անմիջապես գործնական փորձի հիման վրա, «Ուսուցիչը» նույնականացվում էր փորձառու մարդու հետ։ Հին քաղաքակրթություններում` Հին Եգիպտոսում, Միջագետքում և Չինաստանում հայտնվում են գրագիրներ ու գիտելիքի պահպանման հատուկ մարդիկ, Ուսուցիչն այստեղ պաշտոնական դեր է ստանում՝ որպես գրերի, մաթեմատիկայի, աստղագիտության ուսուցիչ։ Հին Հունաստանում և Հռոմում Պլատոնը, Արիստոտելը և Սոկրատը ձևավորեցին ուսուցչի որպես փիլիսոփա-ուսուցիչի կերպարը։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիք էր տալիս, այլև դաստիարակում էր քաղաքացուն՝ բարոյական և մտավոր առումներով։ Հռոմում ուսուցիչները (պեդագոգոսները) հաճախ ստրուկներ էին, սակայն բարձր էին գնահատվում։
Միջնադարում Քրիստոնեական Եվրոպայում ուսուցիչը հիմնականում եկեղեցու ներկայացուցիչն էր՝ մենաստանում կամ տաճարում։
Վերածննդի և Լուսավորության ժամանակաշրջանում ուսուցիչը դարձավ գիտելիքի համակարգված փոխանցող։ Ջ. Ա. Կոմենսկին առաջիններից էր, որ ուսուցչին դիտարկեց որպես մասնագիտություն, ուսուցիչը սկսեց կապվել պետական դպրոցական համակարգի հետ, իսկ XIX–XX դարերում ազգային պետությունների ձևավորմամբ ուսուցիչը դարձավ ազգային գաղափարախոսության և մշակույթի կրող։
XX դարում մանկավարժական տեսությունները (Դյուի, Մակարենկո, Վիգոտսկի) ընդլայնեցին ուսուցչի դերը՝ ընդգծելով նրա սոցիալական և հոգեբանական նշանակությունը։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիքի փոխանցող է, այլև սովորելու գործընթացի կազմակերպիչ, մենթոր, արժեքների հաղորդող։ Տեխնոլոգիաների դարաշրջանում ուսուցիչը հանդես է գալիս նաև որպես ուղղորդող՝ տեղեկատվության հոսքերի մեջ։
Հայաստանում «ուսուցիչ» հասկացության պատմական փորձը ունի յուրահատուկ զարգացում, քանի որ այն սերտորեն կապված է հայ ժողովրդի մշակույթի, եկեղեցու և պետականության հետ։ Նախաքրիստոնեական շրջանում գիտելիքի փոխանցումը կատարվում էր տոհմի ավագների, քրմերի, երգիչների (գուսանների) միջոցով։ «Ուսուցիչը» նույնքան դաստիարակ էր, որքան գիտելիքի փոխանցող, Քրիստոնեության ընդունման հետ (301 թ.) և միջնադարում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործունեությամբ ստեղծվեց հայոց այբուբենը, բացվեցին առաջին դպրոցները՝ Վաղարշապատում, Տարոնում, Ուտիքում, ուսուցիչը նույնականացվում էր եկեղեցու գործչի հետ՝ քահանայի կամ վարդապետի։ Նոր դարաշրջանում (XVII–XVIII դդ.) Սփյուռքում՝ հատկապես Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, ուսուցչությունը ստացավ եվրոպական համակարգված դպրոցական բնույթ։ Մխիթարյանները ոչ միայն ուսուցիչներ էին, այլև գիտնականներ, պատմագիրներ և թարգմանիչներ։ Այս շրջանում «ուսուցիչ» հասկացությունը արդեն ազգային մշակույթի պահպանման ու տարածման հիմնական գործոնն էր։ 19-20-րդ դարերում Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո հայերը բացեցին բազմաթիվ ազգային դպրոցներ։ Ուսուցիչը համարվում էր ազգային գաղափարախոսության կրող, հայապահպանության հիմնական գործիք։ Մանուկ Աբեղյան, Խաչատուր Աբովյան և ուրիշներ իրենց գործով բարձրացրին ուսուցչի դերը, Աբովյանը ուսուցչին ներկայացրեց որպես լուսավորիչ և ժողովրդին կրթության տանող առաջնորդ։
Խորհրդային Հայաստանում կրթությունը դարձավ համընդհանուր և պարտադիր։ Ուսուցիչը դիտարկվում էր որպես պետական գաղափարախոսության փոխանցող, միևնույն ժամանակ ուսուցիչները բարձր հեղինակություն ունեին հասարակության մեջ։ Անկախ Հայաստանի ժամանակաշրջան (1991-ից հետո) ուսուցչի դերը դարձավ ավելի բազմակողմանի․ նա ոչ միայն գիտելիքի փոխանցող է, այլև դաստիարակիչ, մեթոդիստ, տեխնոլոգիաների կիրառող։ Բացվեցին ուսուցիչների վերապատրաստման և որակավորման համակարգեր։
Այսպիսով՝ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ ուսուցիչը միշտ եղել է ազգային ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանման գլխավոր գործիչը։ Այսօր ուսուցիչների ընդհանուր թիվը Հայաստանում մոտ 30.200-31.300 էր նախորդ տարիներին՝ 2023-2024-ին։ Ուսուցիչների մեծամասնությունը` 89.5%-ը Հայաստանում կանայք են։ Մեր երկրում ամեն տարի նվազում է տղամարդ ուսուցիչների թիվը։ Ուսուցիչների տարիքային կառուցվածքում ևս կան խնդիրներ․ ավելի մեծ մասը բարձր տարիքային խմբերից են, երիտասարդ ուսուցիչների (մինչև 25 տարեկան) թիվը շարունակում է նվազել։
Այսօր էապես փոխվել են նաև դասավանդման պահանջները, հատկապես բժշկական և բարձրագույն կրթության ոլորտում՝ համընկնելով ժամանակակից կրթական ու առողջապահական համակարգերի պահանջներին։ «Բժշկագիտության ուսուցիչներ» ասելով՝ սովորաբար նկատի ունեն պատմության ընթացքում այն մեծ գիտնականներին ու բժիշկներին, որոնք ձևավորել են բժշկության գիտությունը և դարձել են «ուսուցիչներ» ոչ միայն իրենց աշակերտների, այլև ամբողջ աշխարհի համար։
Հիպոկրատը (Ք.ա. 460–370, Հունաստան) համարվում է գիտական բժշկության հիմնադիրը։ Նրա «Հիպոկրատի երդումը» մինչ այսօր էլ բժշկական էթիկայի հիմք է, Գալենոսը (Ք.հ. II դար, Հռոմ) մեծ գիտնական և բժիշկ, որի աշխատությունները դարեր շարունակ հիմք են ծառայել Եվրոպայի բժշկության համար։
Հայկական միջավայրում Մխիթար Հերացին (XII դար), ով հայ միջնադարյան բժշկության ամենահայտնի ներկայացուցիչն է, հեղինակն է «Ջերմանց մխիթարություն» գրքի։ Նրան հաճախ անվանում են հայ բժշկության ուսուցիչ, Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար) հայ բժշկության խոշոր գիտնական է, գրել է «Օգուտ բժշկության» և այլ կարևոր աշխատություններ։
Այսպիսով՝ «բժշկագիտության ուսուցիչները» տարբեր ժամանակներում եղել են այն մարդիկ, ովքեր ոչ միայն բուժել են, այլև ձևավորել են գիտելիքի փոխանցման ավանդույթ, դարձնելով բժշկությունը գիտություն։
Գիտելիքից՝ դեպի հմտություններ
Դասավանդման մեթոդաբանություն
Միջազգային չափանիշներ`
Այսպիսով, դասախոսների նոր դերը հետևյալն է`
Առանձնահատուկ կարևոր է բժշկական կրթության համար կլինիկական սիմուլյացիաները` մանեկենների և VR տեխնոլոգիաների կիրառումը, միջառարկայական մոտեցումը` բժիշկը պետք է նաև լավ հաղորդակցող, թիմի անդամ, էթիկայի պահպանում ունեցող մասնագետ լինի և կյանքի ընթացքում ուսուցում (lifelong learning) բժշկի կրթությունը չի ավարտվում դիպլոմով։
Այս բոլոր հմտությունները ներդրվել են բժշկական համալսարանի դասապրոցեսում և այս ոլորտի ուսուցչի և առհասարակ ուսուցչի ճկուն և բանիմաց մոտեցումը միայն կարող է կրթել համացանցային գիտելիքներով հարուստ նոր սերնդի ներկայացուցիչներին:
Ամփոփելով, այսօրվա պահանջն այն է, որ դասավանդումը լինի գիտելիք + հմտություններ + արժեքներ համադրություն։
Նշենք, որ բժշկական համալսարանի կազմում գործող «Հերացի» ավագ դպրոցը, որի հաջողությունները շարունակական են ու ակնառու բոլորիս համար, ունի 82 աշխատակից, որից 10-ը՝ վարչական, 62-ը՝ մանկավարժական և ուսուցչական, իսկ 10-ը՝ ուսումնաօժանդակ:
Ուսուցիչների 92%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝ նրանց 90%-ը ստանում է հավելավճար: Չորս ուսուցիչ ունի գիտությունների թեկնածուի կոչում, 2 ուսուցիչ արժանացել է «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչմանը, 1 ուսուցիչ ունի որակավորման տարակարգ:
Մաղթում ենք բոլորիդ առողջություն, ոգեշնչում և անձնական ու մասնագիտական բազում հաղթանակներ։
Նյութը` «Հերացի» վերլուծականի: