Առողջապահության և գիտության ոլորտի վառ ներկայացուցիչների հետ կյանքի տարբեր տարիներին արված լուսանկարները այսօր առանձնահատուկ արժեք են ստանում։
Դրանք պատմում են հայ սրտաբանության հիմնադիրներից մեկի՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի երկարամյա վարիչ Կառլեն Ադամյանի հարուստ և բովանդակալից կյանքի մասին։
Նրա մասնագիտական ուղին սկիզբ է առել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտից, որը նա ավարտել է 1959 թվականին։ Հետագա տարիներին անցնելով գիտական ու կլինիկական գործունեության բոլոր փուլերը՝ ասպիրանտից մինչև ինստիտուտի տնօրեն և ամբիոնի վարիչ, Կառլեն Ադամյանը կանգնած է եղել Հայաստանում սրտաբանական ծառայության ձևավորման և կայացման ակունքներում։ Նա եղել է ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ, եվրոպական մասնագիտական կառույցների անդամ։
Ակադեմիկոս Ադամյանի գիտական ժառանգությունը բացառիկ է․ շուրջ 500 գիտական աշխատանք, 4 մենագրություն, սրտաբանության կլինիկաֆունկցիոնալ ուղղության զարգացում, սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգի մշակում, սրտամկանի ինֆարկտի դիաստոլային խանգարումների և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմների ուսումնասիրություն։ Նրա ներդրմամբ կլինիկական սրտաբանության մեջ զարգացան նաև կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները։
Պարգևների և կոչումների շարքում առանձնահատուկ տեղ ունի Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալը՝ «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար», որը շնորհվել է աշխարհի ընդամենը մի քանի մասնագետների։
Բայց նրա մեծությունը միայն գիտական տիտղոսներով չէր պայմանավորված։ Նա բժիշկ էր, ուսուցիչ, մտածող, ում համար հաջողության բանաձևը մարդու ներսում էր՝ աշխատասիրության, սկզբունքայնության և առողջ ապրելակերպի մեջ։ Տասնամյակներ շարունակ նա համադրել է կլինիկական, մանկավարժական և գիտական գործունեությունը՝ ձևավորելով սրտաբանների սերունդներ, որոնք այսօր շարունակում են նրա գործը Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։
Կառլեն Ադամյանի կյանքն ու գործունեությունը մնացին որպես օրինակ՝ նվիրվածության, մասնագիտական ազնվության և հայրենասիրական ծառայության։ Նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել նրա սաների, գործընկերների և հայկական սրտաբանության զարգացման յուրաքանչյուր նոր քայլում։
89 տարեկանում կյանքից հեռացած պրոֆեսորին է նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի 2017 հրապարակումը (նվիրված նրա 80-ամյա հոբելյանին), որն առաջարկում ենք վերընթերցել։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ ուսուցիչ։