ԵՊԲՀ ուսանողը վերադարձել է Մալագայի համալսարանից՝ զինված նոր գիտելիքով և  միջազգային հարուստ ուսումնառությամբ

ԵՊԲՀ ուսանողը վերադարձել է Մալագայի համալսարանից՝ զինված նոր գիտելիքով և  միջազգային հարուստ ուսումնառությամբ

Լիլիթ Առաքելյանը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում։ Նա վերջերս է վերադարձել Իսպանիայի Մալագա քաղաքից, որտեղ 2025թ. սեպտեմբերի 3-ից փետրվարի 7-ը «Էրազմուս +» միջհամալսարանական գործակցության ծրագրով անցել է 5-ամսյա միջազգային ուսումնառության:

Նրան ուսման տարիներին միշտ հետաքրքրել է միջազգային փորձը և այն, թե ինչպես է կազմակերպվում բժշկությունը Եվրոպայում և աշխարհի տարբեր երկրներում։

«Ինձ համար կարևոր էր հասկանալ, տեսնել այլ երկրների մոտեցումները՝ բժշկական կրթության, հիվանդանոցային աշխատանքի կազմակերպման և բժիշկ-պացիենտ հարաբերությունների վերաբերյալ: Այդ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում դարձավ իմ մասնագիտական զարգացման կարևոր մաս, և ես նպատակ դրեցի հնարավորության դեպքում անպայման հաղորդակից դառնալ միջազգային փորձին։ Երբ համալսարանի պաշտոնական կայքում տեսա հայտարարություն, որը վերաբերում էր Մալագայի համալսարանում մեկ կիսամյակ տևող «Էրազմուս+» միջազգային փորձի ծրագրին, այն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը։ Հասկացա, որ սա այն հնարավորությունն է, որի մասին երկար ժամանակ մտածում էի։ Այդ ընթացքում ծրագրին պատրաստվելը համընկավ ուսումնական շրջանի ավարտի հետ։ Ես զուգահեռ պատրաստվում էի քննություններին, մասնակցում էի հիվանդանոցային պրակտիկային և, միաժամանակ, հավաքում էի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Նաև բարելավում էի իսպաներենի իմացության մակարդակը, որպեսզի կարողանամ լիարժեք մասնակցել ուսումնական գործընթացին։ Համալսարանի ուսումնամեթոդական վարչության, դեկանատի և միջազգային համագործակցության բաժնի հետ միասին փորձում էինք պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,-նշում է ապագա բժիշկը` հավելելով, որ ամենաբարդ հատվածը երկու համալսարանների միջև դասացանկի համապատասխանեցումն էր, քանի որ անհրաժեշտ էր համադրել առարկաները:

Լիլիթ Առաքելյանի խոսքով՝ ամիսներ տևած աշխատանքի և պատրաստության շնորհիվ ստացել է հաստատում թե՛ Երևանի պետական բժշկական համալսարանից, թե՛ Մալագայի համալսարանից։

«Հաստատվեց նաև իմ կրթաթոշակը, ինչը ինձ հնարավորություն տվեց լիարժեք մասնակցել ծրագրին։ Մեկնեցի Մալագա՝ մեկ կիսամյակ սովորելու և միջազգային փորձ ձեռք բերելու նպատակով։ Մալագայի համալսարանում ուսման ընթացքում լիարժեք ներգրավված էի կրթական գործընթացում։ Մասնակցում էի դասախոսություններին, որոնք անցկացվում էին եվրոպական կրթական համակարգին համապատասխան դասախոսությունների ձևաչափով, ինչպես նաև ծանոթացա նրանց գնահատման և քննությունների համակարգին և հաջողությամբ հաղթահարեցի այն»,-միջազգային կրթական ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում բժշկական մայր բուհի ուսանողը։

Նա հատկապես կարևոր է համարում ուսումնական պրոցեսի գործնական մասը, քանի որ հնարավորություն է ունեցել պրակտիկա անցնել չորս տարբեր հիվանդանոցի՝ տարբեր բաժանմունքներում, որտեղ շփումներ է ունեցել բժիշկների և պացիենտների հետ, մասնակցել կլինիկական քննարկումների և ներկա եղել վիրահատությունների։

«Այս փորձը ինձ թույլ տվեց տեսնել բժշկական աշխատանքի կազմակերպվածությունն այլ համակարգում և զարգացնել իմ մասնագիտական դիտողականությունը։ Բացի մասնագիտական ձեռքբերումներից, ես արժանացա դասախոսների բարեհամբույր և աջակցող վերաբերմունքին, ինչը շատ կարևոր էր նոր միջավայրում հարմարվելու համար։ Ձեռք բերեցի լավ ընկերներ ուսանողների շրջանում՝ ոչ միայն Իսպանիայից, այլ նաև Եվրոպայի տարբեր երկրներից: Մալագայի կրթական համակարգը շատ տարբեր էր այն համակարգից, որին ես սովոր էի Հայաստանում։ Սկզբում այդ տարբերությունը զգալի էր՝ թե՛ դասավանդման մեթոդների, թե՛ քննությունների ձևաչափի, թե՛ կլինիկական աշխատանքի կազմակերպման տեսանկյունից։ Սակայն հենց այդ տարբերությունն էլ դարձավ ինձ համար կարևորագույն փորձը։ Այն ինձ սովորեցրեց հարմարվել նոր միջավայրի, արագ կողմնորոշվել և վստահորեն ներկայացնել իմ գիտելիքը միջազգային հարթակում։ Ծրագիրը ինձ տվեց ոչ միայն գիտելիք, այլ նաև ինքնուրույնություն, միջմշակութային հաղորդակցման փորձ և վստահություն իմ ընտրած մասնագիտության հանդեպ։ Այն ցույց տվեց, որ հնարավոր է լինել փոքրիկ Վանք գյուղից, բայց ունենալ հստակ նպատակներ և հետևողական աշխատանքի շնորհիվ հասնել դրանց։ Այս փորձը ինձ համար դարձավ ապացույց, որ աշխարհը բաց է նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել և հավատալ իրենց ուժերին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևանի պետական բժշկական համալսարանին և Մալագայի համալսարանին՝ ինձ այս հնարավորությունը ընձեռելու համար։ Համոզված եմ, որ այս միջազգային գործակցությունն ինձ հետագայում կօգնի լինել ավելի ինքնավստահ, շարունակել ուսումը բարձր մակարդակով և գիտակցված ընտրություն կատարել նեղ մասնագիտացման հարցում»,-նշում է Լիլիթ Առաքելյանը։

Նա ծնունդով Մարտակերտից  է: «Իմ կրթական ու մասնագիտական ճանապարհը սկսել եմ այնտեղ՝ դեռ դպրոցական տարիներից՝ նպատակ ունենալով շարունակել ուսումը բժշկության ոլորտում։ Բժշկի մասնագիտությունը ընտրել եմ գիտակցված, քանի որ միշտ ինձ համար առաջնային է եղել մարդուն օգնելու գաղափարը և մարդկային կյանքի արժեքը։ Պատերազմի և դժվարությունների պայմաններում առավել ակնհայտ է դառնում բժշկի դերի կարևորությունը։ Այդ միջավայրում է ձևավորվել իմ համոզմունքը, որ պետք է ընտրեմ բժշկությունը և ծառայեմ մարդկանց»,-ընդգծում է ապագա մասնագետը:

Լիլիթը նշում է, որ դասերից զատ, մասնակցում է գիտական կոնֆերանսների, քննարկումների և սեմինարների, որտեղ հնարավորություն է ունենում ընդլայնել մասնագիտական հորիզոնը։

«Նույնիսկ որպես ուսանող, ակտիվ ներգրավվել եմ կամավորական աշխատանքներում՝ աջակցելով հանրային առողջապահության ծրագրերին։ Այս փորձառությունն ամրապնդում է  պատասխանատվության զգացումը, թիմային աշխատանքում հմտությունները և ցանկությունը՝ լինել օգտակար որպես ապագա բժիշկ»,-շեշտում է միջազգային կրթական ծրագրի մասնակիցը: