Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մեր մեծերը». Վահան Արծրունի

«Մեր մեծերը». Վահան Արծրունի

Բժշկագիտությունը Հայաստանում նոր վերելք է ապրել 1828 թվականից, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին։ 1833 թվականին Հայաստան է եկել մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ բժիշկը՝ Ս. Լոռու-Մելիքյանը։ Աշխատել են նաև բժիշկներ Գ. Տեր-Կարապետյանը (Կարապետով), Հ. Հովհաննիսյանը, Ա. Տեր-Ավետիքյանը և ուրիշներ։

19-րդ դարի 2-րդ կեսի անվանի բժիշկներ Դ. Ռոստոմյանը, Ա. Բաբայանը, Ա. Բուդադյանը, Մ. Առուստամյանը, Վ. Արծրունին և ուրիշներ իրենց աշխատությունները գրել են ռուս առաջադեմ բժշկագիտության սկզբունքներով։ Հայկական բժշկագիտությունը մեծ նվաճումներ է ձեռք բերել խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1922 թվականին հիմնադրվել է ԵՊՀ բժշկագիտական ֆակուլտետը (1930 թվականից՝ Երևանի Բժշկական ինստիտուտը, 1995 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարան), որը բժշկական կադրեր պատրաստելու հետ մեկտեղ դարձել է բժշկագիտության գիտահետազոտական կենտրոն, որտեղ մշակվում են կանխարգելիչ, տեսական և կիրառական (կլինիկական) բժշկագիտության բազմաթիվ խնդիրներ։

Այս ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից է Վահան Արծրունին: Նա ծնվել է 1857 թվականի հունիսի 10-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Մինչև 8-րդ դասարանը սկզբնական կրթություն է ստացել Թիֆլիսի Առաջին գիմնազիայում։ Քաղաքական ընդհատակյա աշխատանքներին մասնակցելու պատճառով հեռացվել է գիմնազիայից և զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու իրավունքից։

1880 թվականին մեկնել է Ֆրանսիա, 5 տարի անց ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների գծով և ընտրվել քիթ-կոկորդ-ականջաբանների ընկերության թղթակից անդամ։ Բացի կլինիկական գործունեությունից, նա ակտիվ զբաղվել է նաև կանխարգելիչ բժշկությամբ:

1889 թվականին Արծրունին վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվանդությունների բժիշկ, ըստ որում՝ աղքատ հիվանդներին բուժել է անվճար։ 1892-1893 թվականներին նա խոլերայի համաճարակի դեմ մղվող պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր։ Թիֆլիսում հրատարակել է շուրջ 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ («Հիպնոտիզմ», մաս 1-2, 1892-1895, «Ամուսնություն», 1901, «Նորածին երեխաների հիվանդությունները», 1903), ինչպես նաև խոլերայի, ժանտախտի, բնական ծաղկի, վեներական և այլ վարակիչ հիվանդությունների մասին բրոշյուրները։ Արծրունին 1902-1905 թվականներին իր միջոցներով հրատարակել է նաև «Առողջապահիկ թերթ» հանդեսը։

Հայկական դպրոցներում ներդրել է հիգիենայի դասավանդում։ Նա ուսումնասիրել է նաև ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքները։ Մարմնամարզական գործիքների վրա կատարվող վարժությունները Արծրունին համարել է անբավարար (ուսագոտու մկանները միակողմանի զարգացնելու պատճառով)։ Ըստ Արծրունու՝ աճող օրգանիզմի բնականոն զարգացմանն օժանդակող լավագույն միջոցը խաղերն են։ Նա խաղերը բաժանել է 2 ենթախմբի՝ աթլետիկական (ժամանակակից հասկացողությամբ՝ սպորտային՝ ֆուտբոլ, թենիս) և ազատ (շարժական)։ Վահան Արծրունին խաղերի թվին էր դասում նաև զինվորական և կրթական վարժությունները։ Նրա ջանքերով հայկական դպրոցներում առաջին անգամ սահմանվեց դպրոցական բժշկի հաստիքը և սովորողների առողջական վիճակի մշտական բժշկական հսկողությունը։

1918-1920 տարիներին Հայաստանի Հանրապետութեան Լուսաւորութեան նախարարութիւնում պաշտոնավարել է իբրև Բժշկա-առողջապահական բաժնի վարիչ։ «Յառաջ»  օրաթերթի 14 Մայիս 1920 համարում ստորագրած է երեք հաջորդական հոդվածներ՝ «Վահագնութիւնը Սկաուտիզմը» խորագրով։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Վահան Արծրունին Պյատիգորսկում կարմիրբանակայինների համար ստեղծված թիվ 15 վարակիչ հիվանդությունների հոսպիտալի գլխավոր բժիշկն էր։ 1920 թվականին նա Թիֆլիսի զինվորական հոսպիտալում աշխատել է որպես խորհրդատու և փորձագետ, եղել է Հայաստանի Կարմիր խաչի ընկերության վարչության փոխնախագահ, հետագայում՝ նախագահ։ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների մասնագետ։

Գրել է նորմալ անատոմիայի հայերեն առաջին դասագիրքը («Մարդակազմություն», 1923, ապակետիպ)։ Գիտական ասպարեզում նրա ամենամեծ ծառայությունը ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների մշակումը և բառարանի հրատարակումն է (1924)։ 1926 թվականին Վ. Արծրունուն շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականին նա ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։ Երկարամյա գիտա-հասարակական գործունեության համար 1943 թվականին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մի խումբ առաջավոր հայ բժիշկների հետ ձեռնամուխ է եղել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ստեղծմանը։ Ապա 1922 թվականին հիմնադրել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և ղեկավարել մինչև իր մահը։ Ինչպես նաև Երևանի բժշկական ինստիտուտում հիմնադրել է անատոմիայի թանգարան, որն այժմ կոչվում է նրա անունով:

Բժշկապետը Alma Mater-ին կտակել է իր ուղեղն ու սիրտը՝ իբրև գիտությանը ու կրթությանն անմնացորդ նվիրումի և անաչառ ծառայության խորհրդանիշ։

Վահան Արծրունու աճյունը հանգչում է Երևանի քաղաքային պատվո պանթեոնում։

Ներկայիս Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շնորհվում է Վահան Արծրունու անվանական կրթաթոշակ։