Բժշկական համալսարանում շարունակվեց Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR Outreach 2-րդ կոնֆերանսը:
ԵՊԲՀ-ի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և «Հերացի-100» հիմնադրամի հետ համատեղ անցկացվող երկօրյա ներկայացուցչական միջոցառման երկրորդ մասը հագեցած էր մասնագիտական կարևոր և արդիական թեմաներով:
Կոնֆերանսի առաջին մասում «Ռևմատոիդ արթրիտի ավանդական ռենտգենագրություն», «Բորբոքային ողնաշար» թեմաներով զեկույցներով հանդես եկավ մկանակմախքային և մանկական ռադիոլոգիայի ոլորտում միջազգային փորձագետ, պրոֆեսոր, դոկտոր Լեննարտ Յանսը՝ ներկայացնելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական մոտեցումներ, յուրահատուկ կլինիկական դեպքերի վերլուծություններ:
Լեննարտ Յանսը մկանաոսկրային ռադիոլոգ է, Գենտի համալսարանի պրոֆեսոր և Գենտի համալսարանական հիվանդանոցի խորհրդատու։ Նա մասնագիտացված վերապատրաստում է անցել մանկական ռադիոլոգիայի ոլորտում Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում՝ բերելով համաշխարհային մակարդակի փորձառություն հոդերի բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների պատկերավորման մեջ։
Որպես գիտական ոլորտի ակտիվ անդամ՝ հեղինակել է ավելի քան 125 գիտական հոդված, 4 գիրք և մի շարք միջազգային դրամաշնորհներ։ Պրոֆեսոր Յանսը ներկայումս ESSR-ի գանձապահն է և Rheumafinder.AI համահիմնադիրը։
Նա առաջատար մասնագետ է առաջադեմ ՄՌՏ, կրկնակի էներգիայի ՀՏ և արհեստական բանականության կիրառման մեջ կլինիկական հետազոտություններում։
Մասնագետի նվիրվածությունը գիտությանը, կրթությանը և կլինիկական գերազանցությանը նրան դարձնում են այս տարվա դասընթացի առանցքային մասնակիցներից մեկը։
Պրոֆեսորն անդրադարձավ հոդամկանային համակարգի ռադիոլոգիայի արդի խնդիրներին և զարգացումներին։ Հատուկ ուշադրություն էր դարձվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիային (ԿՏ) և դրանց կիրառմանը հոդամկանային հիվանդությունների ախտորոշման մեջ։
Զեկույցները ուղեկցվում էին լուսանկարներով, ինչը հնարավորություն տվեց ոչ միայն լսել, այլև տեսնել հիվանդությունների պատկերավոր դրսևորումները, ախտաբանական փոփոխությունները և ախտորոշիչ ուղիները։
Կոնֆերանսի երկրորդ մասում «Փափուկ հյուսվածքների ուռուցքների բազմամոդալ պատկերագրություն» «Ոսկրային ուռուցքների պատկերագրություն», «Բազմաֆոկալ ոսկրային և փափուկ հյուսվածքների ուռուցքներ», «Փափուկ հյուսվածքների ուռուցքների ուլտրաձայնային հետազոտություն» թեմաներով զեկույցներով հանդես եկավ դոկտոր Ջեյմս Թեհը։ Նա մկանահոդային ռադիոլոգիայի խորհրդատու է Օքսֆորդի Nuffield Orthopaedic կենտրոնում, որտեղ մասնագիտանում է սպորտային վնասվածքների, ռևմատոլոգիական հիվանդությունների և մկանահոդային ուռուցքների պատկերման մեջ։ Փորձառու դասախոսը հանդես է եկել միջազգային խոշոր կոնֆերանսներում և կազմակերպել ուսուցողական դասընթացներ ամբողջ աշխարհում։
Ավելի քան 100 գիտական հոդվածով և ամուր ակադեմիական գործունեությամբ դոկտոր Ջեյմս Թեհը նպաստում է մկանահոդային պատկերման զարգացմանը։ Նա զբաղեցնում է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Օքսֆորդի համալսարանի պատվավոր ավագ դասախոս, Nuffield Orthopaedic Fellowship ծրագրի տնօրեն, և 2018 թվականին արժանացել է Roentgen Professor կոչմանը Բրիտանական Ռադիոլոգների Թագավորական քոլեջի կողմից։
Ակտիվորեն մասնակցել է մի քանի հանձնաժողովների աշխատանքներին, այդ թվում՝ ESSR մկանահոդային ուլտրաձայնային և արթրիտի հանձնաժողովների, և մեծապես նպաստել է կրթական նախաձեռնությունների զարգացմանը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։
«Սա մեծ հնարավորություն էր ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետների համար։ Այսօր ռադիոլոգիան Հայաստանում զարգանում է բարձր մակարդակով։ Ունենք ժամանակակից սարքավորումներ, որակյալ մասնագետներ, բայց նման միջոցառումները հնարավորություն են տալիս նաև ամենափորձառու ռադիոլոգներին նորովի գնահատելու ոլորտի զարգացումները, ծանոթանալու նորամուծություններին»,-գնահատելով միջոցառման արդյունավետությունը ասաց բժիշկ-ռադիոլոգ, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Մարինե Ալոյանը։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն բան շատ արագ է զարգանում, նման ձևաչափով հանդիպումները կարևոր են։
«Բացի դրանից միջոցառումը կարևոր էր նրանով, որ ոլորտի մասնագետները, շարունակ գտնվելով աշխատանքի մեջ, չեն կարողանում հանդիպել: Այն ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև բացառիկ հնարավորություն տվեց փորձառու ռադիոլոգներին և սկսնակ մասնագետներին հավաքվելու, կիսվելու փորձով, ունենալ մարդկային շփվում»,-հավելեց նա:
ESSR Outreach 2-րդ երկօրյա գիտագործնական այս հավաքը կարևոր հարթակ էր ռադիոլոգիայի ոլորտում միջազգային փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների կիրառման համար, ինչը զգալիորեն կնպաստի մեր երկրում բժշկական կրթության և առողջապահական համակարգի զարգացմանը: