Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնն արդեն 5 տասնամյակ է կրթում է սերունդներ՝ կարևոր ներդրում ունենալով ապագա դեղագետների մասնագիտական հմտությունների զարգացման գործում:
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974 թվականին: Նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ:
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը երկար տարիներ է ղեկավարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը:
Բազմաթիվ սերունդներ կրթած մասնագետը մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ է խոսում ամբիոնի գործունեության մասին, որը ստեղծումից ի վեր բազում փոփոխությունների է ենթարկվել, բայց արդյունքում միավորվել է և այսօր, որպես բազմապրոֆիլ ամբիոն, մեծ դեր է կատարում Հայաստանում դեղագետ մասնագետների պատրաստման գործում:
1980 թվականին ամբիոնից առանձնացվել է ֆարմակագնոզիայի դասընթացը:
Մինչև 1990 թվականը ամբիոնում միավորվել են դեղագիտության ֆակուլտետում դասավանդվող քիմիական բոլոր դասընթացները՝ անօրգանական, օրգանական, ֆիզկոլոիդ, անալիտիկ, դեղագիտական և թունաբանական քիմիաները:
1996 -ին ամբիոնին են միացվել նաև համալսարանի քոլեջում դասավանդվող ընդհանուր և օրգանական քիմիաների դասընթացները:
Այսպիսով, 1996թ.-ից ամբիոնում տարվել են գիտահետազոտական աշխատանքներ ուսուցման հարացույցի փոփոխության և ավանդական, այսպես կոչված` ադապտիվ առարկայական ուսուցման մոդելից զարգացնող կրթական տեխնոլոգիաների անցման ուղղությամբ: 1996-2006 թվականն ամբիոնը ղեկավարել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը:
2006-ին ամբիոնը բաժանվել է երեք ամբիոնների` անալիտիկ, օրգանական քիմիայի և ֆարմացիայի: Օրգանական քիմիայի ամբիոնին է միացվել նաև նախապատրաստական բաժանմունքը և կրկին ամբիոնի վարիչ է նշանակվել պրոֆեսոր Լիդա Սահակյանը, իսկ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Դավիթի Կարապետյանը:
2011-ին օրգանական քիմիայի ամբիոնին է միացել նաև անալիտիկ քիմիայի ամբիոնը՝ կոչվելով դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն, որն առ այսօր ղեկավարում է Լիդա Սահակյանը:
Նրա խոսքով՝ ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ԵՊԲՀ քոլեջի, նախապատրաստական ֆակուլտետի և դեղագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար։
«Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով, որի ժամանակ կատարվում է դասախոսությունների քննարկում: Գործնական պարապմունքներից բացի ուսանողները կատարում են նաև անհատական լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր թեմա ավարտվում է յուրացման մակարդակի ստուգումով»,-նշում է նա՝ ավելացնելով, որ ամբիոնում ուսուսումը տաևվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Որոշ թեմաների առավել լավ յուրացման համար կազմակերպվում են համակարգչային անիմացիոն սլայդերի ցուցադրություններ։ Կատարվում են լաբորատոր աշխատանքներ` սովորողներին քիմիական լաբորատորիայում աշխատելու տարրական կանոններին, ընդհանուր սկզբունքներին և պարզագույն չափումներին ծանոթացնելու նպատակով։
2017 թվականին ամբիոնին է միացվել նաև քոլեջի դեղագիտական ֆակուլտետը, որտեղ ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական):
Կադրային համալրման հարցն օրակարգային է նաև Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի համար: «Ամբիոնականներն ընտրվում են խիստ չափորոշիչներով: Հաշվի է առնվում գիտելիքները, անցած ճանապարհը, մասնագիտական և մարդկային որակները»,-ասում է ամբիոնի վարիչը՝ փաստելով, որ տեսական ամբիոններն այնքան էլ գրավիչ չեն երիտասարդ մասնագետների համար՝ պայմանավորված ծանրաբեռնվածությամբ, վարձատրությամբ:
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի ղեկավարի խոսքով՝ սովորողին բժշկական բուհի ուսանողի կոչմանն արժանացնելն իրենց գլխավոր առաքելությունն է: «Տարիներ շարունակ ապահովել ենք ուսանողների ներգրավվածությունը միջազգային օլիմպիադաներին, պատվով ներկայացրել ենք մեր երկիրը, հպարտությամբ բարձրացրել մեր դրոշը և վերդարձել մեդալներով»,-նշում է շուրջ 2 տասնամյակ քիմիայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարած Լիդա Սահակյանը:
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնն արդեն կես դար է գերծում է իր առջև դրված խնդիրները կատարելու առաքելությամբ:
Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական տարբեր աշխատանքներ: Դրանցից են «Անօրգանական և օրգանական նյութերի որակական և քանակական որոշումը «գանգուր ավելուկ» բույսի տարբեր օրգանների հանուկներում, ակտիվ բաղադրիչների անջատումը, դրանց կենսաբանական ակտիվության որոշումը», ««Սելեն» միկրոտարրի գեոքիմիան: Օրգանիզմի օքսիդացիոն հավասարակշռության խախտումով պայմանավորված հիվանդությունների հաճախության կախվածությունը սելենի պարունակությունից՝ ՀՀ տարբեր մարզերի ընդերքում և սննդամթերքում» և այլն:
1974 թվականին հիմնադրված ԵՊԲՀ Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը կշարունակի իր գործունեությունը՝ ուսանողներին գիտելիք փոխանցելու և մասնագետներ պատրաստելու կարևոր առաքելությամբ: