Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտներն երկար սպասված ավարտական դիպլոմները ստացան հարազատ բուհում, որտեղ ձևավորվել է նրանց մասնագիտական ուղին։
Տոնական և հուզիչ մթնոլորտում ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը երեկ և այսօր ջերմ խոսքերով դիմեց ավարտողներին՝ մաղթելով նրանց բարի ճանապարհ, վստահություն սեփական ուժերի հանդեպ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին։
«Անվերջանալի թվացող ուսումնառության 6 երկար ու ձիգ տարին ակնթարթի պես անցավ: Հիշո՞ւմ եք առաջին օրերը բժշկականում, ձեր աչքերը փայլում էին բերկրանքից, ձեր սիրտն ալեկոծվում էր, որովհետև դուք այստեղ էիք բժշկականի դռներից ներս: Շնորհակալություն ձեզ, որ ընտրեցիք մեզ, միասին անցանք բժշկական կրթության դժվար, ուշագրավ, հետաքրքիր ամբողջ ընթացքը: Իսկ այսօր ավարտում եք: Այս օրը մասնագիտական վերելքներ տանող ճանապարհի սկզբնահատվածն է: Մենք ձեզ բժշկական կրթության ուղեգիր տալուց զատ, տվել ենք նաև հավատի ուղեգիր: Եղեք հաստատակամ ձեր գործունեության մեջ, որպեսզի չփշրեք այդ հավատը: Բժշկի մասնագիտությունը կոչում է: Դուք այսօր հազվագյուտ մասնագիտության տեր դարձաք, ձեզանից յուրաքանչյուրը յուրօրինակ արվեստագետ է: Չդադարեք երբեք չսովորելուց, որովհետև դուք առաջնագծում եք, ձեր ընտրությունը կյանքն է, մաղթում եմ ամենայն բարիք, բարի ճանապարհ դեպի նոր կյանք»,-նշեց Կարինե Բարոյանը՝ յուրաքանչյուր շրջանավարտի հանդիսավորությամբ հանձնելով ավարտական փաստաթուղթը:
Սիրելի շրջանավարտներ, դիպլոմների հանձնման միջոցառման առաջին օրվա ֆոտոշարքը` հղմամբ: