Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմը՝ ի դեմս Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանի օգոստոսի 15-ին ներկա գտնվեց Հնդկաստանի անկախության 79-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունեց Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նախքան մշակութային մասին անցնելը, հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգեցին կյանքից վաղաժամ հեռացած դեսպանատան աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանի վառ հիշատակը։
Այնուհետև դեսպան Նիլակշի Սահա Սինհան ընթերցեց հատվածներ Հնդկաստանի նախագահ Դրուփադի Մուրմուի շնորհավորական ուղերձից։ «Օգոստոսի 15-ն ամսաթիվ է, որը դրոշմված է մեր հավաքական հիշողության մեջ։ Երկար տարիներ գաղութացման մեջ գտնվող հնդիկ ժողովրդի սերունդները երազում էին անկախության օրվա մասին։ Կանայք և տղամարդիկ, երիտասարդ և ծեր, երկրի բոլոր մասերից պայքարեցին այդ օրվա համար ամուր լավատեսությամբ, ինչը շարունակում է նպաստել մեր առաջընթացին նաև անկախության ձեռքբերումից հետո։
Այսօր Հնդկաստանն աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկրների շարքում է։ Թվային գործարքների ընդհանուր թվի կեսից ավելին աշխարհում տեղի է ունենում Հնդկաստանում։
Հնդկաստանն արագորեն առաջ է ընթանում իր իրական ներուժն օգտագործելու ուղղությամբ», – մասնավորապես նշված էր Հնդկաստանի նախագահի ուղերձում։
Տոնական միջոցառումն ուղեկցվեց հնդկական ազգային երգերի և պարերի կատարումներով։ Բժշկական բուհի Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին հանդես եկավ արդեն ավանդական դարձած գեղեցիկ ասմունքով՝ արժանանալով ներկաների ծափողջույններին։