Դոցենտ Ռուբեն Բեկյանին բնորոշ էր ամենաբարդը պարզ ներկայացնելու դասախոսի հանճարը. այսօր նա կդառնար 77 տարեկան

Դոցենտ Ռուբեն Բեկյանին բնորոշ էր ամենաբարդը պարզ ներկայացնելու դասախոսի հանճարը. այսօր նա կդառնար 77 տարեկան

Անվանի դասախոս, Ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Բեկյանին նրա ուսանողներն ու գործընկերները հիշում են բարի ժպիտով:

Այսօր՝ օգոստոսի 16-ին, նրա ծննդյան տարեդարձն է, առաջին անգամ առանց նրա ֆիզիկական ներկայության: «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրվում է Ռուբեն Բեկյանի լուսավոր հիշատակին:

Բժշկական կրթություն ստացած բազում սերունդներ կփաստեն, որ նա բժշկական համալսարանի լավագույն դասախոսներից էր՝ հայտնի  գիտելիքի մատուցման որակով, աշխատանքի հանդեպ նվիրումով և անսահման մարդասիրությամբ:

Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանը ավագ կոլեգային բնութագրում է որպես ամբիոնի այցեքարտ, մանկավարժ, որը հստակ և կայուն գիտելիքով դաստիարակել է բժշկական բազմաթիվ սերունդներ:

«Շատ կարևոր առանձնահատկություններից էր նրա բարությունը, որի արտահայտությունն էր նաև նրա բարի ժպիտը: Որքան էլ վրդովված լինեինք, ունենայինք խնդիրներ, երբ խոսում, կիսվում էինք պարոն Բեկյանի հետ, թվում էր՝ ամեն ինչ տեղն էր ընկավ, հարթվեց: Այնքան իմաստուն էր, որ երբեմն զարմանում էինք, երբ տալիս էր այս կամ այն հարցի պարզ լուծումը. մտածում էինք՝ ինչպես չէինք մտածել նման պարզ լուծման մասին:  Ինձ թվում է՝ համալսարանի ցանկացած աշխատող միշտ հիշում է, որ Ռուբեն Բեկյանի հետ շփվելիս ունեցել է միմիայն տրամադրության բարձրացում, հարցերի լուծման բանալի, և որ ամենակարևորն է՝ մարդկային հարաբերություններում լիովին ներդաշնակություն: Նա զավակներ չուներ, բայց ուսանողներին սիրում էր այնպես, ինչպես կսիրեր սեփական երեխաներին: Ես եղել եմ նրա ուսանողը: Ռուբեն Բեկյանը զբաղվում էր ուղեղային արյան շրջանառության հարցերով: Ավելի շատ սիրում էր դասախոսական աշխատանքը, ուսանողների հետ շփումը: Հիմա ևս, երբ ամբիոնում ինչ-որ հարց ենք քննարկում, որոշում կամ ամբիոնի նիստ է լինում, անպայման մտածում ենք՝ պարոն Բեկյանն ինչպես կմտածեր այս հարցի շուրջ: Մեծի իրավունքով միշտ վերջին խոսքը նրանն էր: Սկզբում լուռ լսում էր, որևէ մեկին չէր ընդհատում, հետո, ընդհանրացնելով բոլորի կարծիքները, առաջարկում էր բացառիկ լուծում: Հանգիստ էինք, որ նա մեր կողքին էր»,-նշում է պրոֆեսոր Բալասանյանը:

Նրա գնահատմամբ` կան մարդիկ, որոնք իրենց ներդրումով, գիտելիքով, շրջապատի հետ ներդաշնակվելու կարողությամբ վերածվում են չափանիշի:

«Այդպիսին էր մեր սիրելի Ռուբեն Ստեփանովիչը: Մանկավարժ էր բառի բուն իմաստով, որը ոչ միայն առարկա էր սովորեցնում, այլև իր բանիմաց, մարդասեր, բարյացկամ և դիմացինին հասկանալու օրինակով ուսանողին հաղորդում էր նաև այն ամենը, ինչին պետք է ձգտի և հասնի «իսկական» բժիշկը: Պարոն Բեկյանի մանկավարժական հմտությունները չափանիշ են եղել նաև մեր համալսարանի բազմաթիվ դասախոսների համար, որոնք նախկինում նրա ուսանողներն են եղել: Նրան բնորոշ էր ամենաբարդը` պարզ ներկայացնելու դասախոսի հանճարը»,- հավելում է Մարինե Բալասանյանը:

Ռուբեն Բեկյանը 1976-1989 թթ. եղել է ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 1990-2010 թթ. դոցենտ, իսկ 2010-2011 թթ., ղեկավարել է այս ամբիոնը:

1980թ. նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Ֆարմակոլոգիայի ամբիոնի աշխատակիցների բնորոշմամբ՝ նրա ոգևորվածությունը և սերը մասնագիտության հանդեպ, անսահման մարդասիրությունն ու անմնացորդ տրվելու հատկությունները օրինակ են ծառայել շատերի թե՛ մասնագիտական ընտրության, թե՛ մասնագիտության մեջ կայանալու հարցում:

ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը ևս եղել է անվանի դասախոսի ուսանողը: Նրա բնորոշմամբ՝ առաջին հայացքից ամենախիստ հայացքով ու դիրքով դասախոսը լսարանում դառնում էր ամենաբարի, անվերջ բացատրող, խորհուրդ տվող, ժպտացող ու ժպտացնող դասախոսը:

«Շատ բարի էր, բայց միևնույն ժամանակ, անսահման գիտելիք էր տալիս և այդ բարության ներքո փոքրիկ խստության նոտա կար, որն ակամայից ձգում էր բոլոր ուսանողներին: Նա  ամենօրյա աշխատանքով փորձում էր ապացուցել, որ հնարավոր չէ արդյունք չունենալ: Ընկերանում էր ուսանողների հետ՝ կոտրելով ուսանող-դասախոս պատնեշը, որը մեր ուսանողության տարիներին առավել էր, քան հիմա, առավել ևս Ֆարմակոլոգիայի ամբիոնում, առավել ևս քեզնից տարիքով դասախոս լինելու դեպքում: Ինքն այդ պատնեշը կոտրող դասախոսներից էր: Հիշում, եմ՝ ինչպես էր անհանգստանում յուրաքանչյուր ուսանողի համար: Քննությանը ուսանողի՝ բանավոր պատասխանի ժամանակ, կարծես ինքն այդ գնահատականը ստանար, անհանգստանում էր, նաև ոգեշնչում ստանալ բարձր գնահատական: Հետագայում էլ տեսնելիս ոչ թե ընդունում էր որպես նախկին ուսանող, այլ որպես հարազատ մարդ, ժպիտով, հարցուփորձով, հետաքրքրվելով յուրաքանչյուրիս կյանքով, առօրյայով: Հրաշալի մարդ,  հրաշալի դասախոս, ափսոս, որ այսօր մեզ հետ չէ»,-իր դասախոսին սիրով է հիշում դոցենտ Սիմոնյանը:

Ռուբեն Բեկյանը կյանքից հեռացել է 2024 թ.-ի նոյեմբերի 25-ին` կոլեգաների հուշերում մնալով որպես պարկեշտ, իր գործի գիտակ մարդ, գիտնական, որին հեշտ չէ մոռանալը: