Բժշկությունը  չընդհատվող կրթություն է և կատարելագործում. ԵՊԲՀ շրջանավարտ

Բժշկությունը  չընդհատվող կրթություն է և կատարելագործում. ԵՊԲՀ շրջանավարտ

Ստոմատոլոգիական ֆակուլտետն այս ամռանն ավարտելուց հետո Դավիթ Խաչատրյանն ուսումնական նոր տարվանից կսովորի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում:

Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝  նա ընդգծում է, որ դեռ մանկուց  հետաքրքրություն է ունեցել բժշկության նկատմամբ, որն ավելի է ամրապնդվել գիտակից տարիքում և վերածվել  նպատակի՝ դառնալ բժիշկ՝ համատեղելով գիտելիքը, հմտություններն ու մարդկային կարեկցանքը:

«Հայրս մասնագիտությամբ ստոմատոլոգ է, մայրս՝  կենսաքիմիկոս: Կարծում եմ, որ մասնագիտական ընտրության մեջ շատ կարևոր նշանակություն է ունեցել այս հանգամանքը, քանի որ մարդու օրգանիզմի և կենսագործունեության նկատմամբ հետաքրքությունը պայմանավորված է նաև ծնողներիս մասնագիտությամբ, ընտանիքում գերիշխել են այս թեմաներով զրույցները»,-նշում է ապագա բժիշկը։

Նա ուրախ է, որ  համալսարանում ուսումնառության ընթացքում ձեռք է բերել  ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև մեծ կարողություններ։

«Առաջին հերթին ձեռք ես բերում համբերատարություն և պատասխանատվություն ուսման և ընտրած մասնագիտության նկատմամբ։ Ինչպես նաև օգնում է ձևավորել վերլուծական մտածողություն, հասկանալ պատճառահետևանքային կապերը, որոնք  բժշկության ոլորտում աշխատելու կարևոր նախապայմաններից են: Ինձ համար մեծ արժեք ունի նաև համակուրսեցիների հետ ընկերական շփումը, ովքեր հետագայում, վստահ եմ,  կդառնան նաև գործընկերներ, ինչպես նաև փորձառու բժիշկներից սովորելու հնարավորությունը, որը հետագայում կստեղծի առողջ և հուսալի հենարան մասնագիտական ոլորտում»,-ասում է Դավիթ Խաչատրյանը։

Սովորել բժշկություն, ըստ նրա, նշանակում  է  չընդհատվող կրթություն և կատարելագործում:

«Բայց հենց այդ դժվարության մեջ է այս մասնագիտության ուժն ու արժեքը։ Այս ոլորտում  յուրաքանչյուր քայլ ունի մեծ կարևորություն, սխալը կարող է ճակատագրական լինել։ Հենց այդ պատասխանատվության մեջ է այս մասնագիտության արժեքը: Պետք է հիշել, որ բժշկությունը ոչ միայն հիվանդությունը հաղթահարելու միջոց է, այլև կյանքի արժեքի գիտակցման հնարավորություն»,– ասում է ապագա բժիշկը:

Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները զարգանում են ակնթարթային արագությամբ, դրանց կիրառումը մեծ նշանակություն ունի նաև բժշկության մեջ:

 «Չպետք է մոռանալ, որ դրանք օժանդակ միջոցներ են ախտորոշման և բուժման համար, և որակյալ բուժումը մեծապես կախված է բժշկի իմացությունից, վերլուծական կարողություններից, պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումից»,-շեշտում է ԵՊԲՀ ուսանողը:

Դավիթը որոշել է  կլինիկական օրդինատուրան շարունակել ընդհանուր ստոմատոլոգիայի ուղղությամբ: Ապագայի ծրագրերի մասին խոսելիս, նշում է՝ ցանկանում է զարգացնել մասնագիտական հմտությունները՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները  ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալու համար: