Առաջին քայլը բժշկության պատասխանատու ու կարևոր ճանապարհին. ընդունեցինք առաջին կուրսեցիներին

Առաջին քայլը բժշկության պատասխանատու ու կարևոր ճանապարհին. ընդունեցինք առաջին կուրսեցիներին

2025-2026 ուսումնական տարում «Հերացի» մեծ ընտանիքին միացավ 709 առաջին կուրսեցի՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներից։

 Բժշկական մայր բուհը, բացելով դռները առաջին կուրսեցիների առաջ, նրանց ողջունեց բժշկի դժվարին, բայց վեհ առաքելության ճանապարհին։

 Ֆակուլտետների դեկանները՝ շնորհավորելով ուսանողներին կարևոր ընտրության առթիվ, ընդգծեցին գիտելիքի, նվիրումի և մարդասիրության կարևորությունը բժշկական կրթության մեջ՝ միաժամանակ ներկայացնելով ուսումնական գործընթացի հիմնական ուղղությունները, կառուցվածքն ու մոտեցումները։

«Դուք սկսում եք մի նոր ուղի, ձեր կյանքի կարևորագույն ուղին, ընտրել եք ամենապատվաբեր մասնագիտությունը: Բժշկությունը ոչ միայն անչափ կարևոր գիտություն է, այլև՝ արվեստ, իսկ դուք յուրովի արվեստագետներ եք, դա պահանջում է խիստ կարգապահություն, կարեկցանք, նվիրում և ինքնազարգացում: Այս ճանապարհը կձևավորի ձեր արժեհամակարգը և կտանի բժշկության ամենահետաքրքիր աշխարհը: Սիրելիներս, դուք այսօր բաբախող սրտի մի մասնիկն եք՝ գիտակցումով, նվիրումով և մեծ գաղափարներով ճանապարհի ուղեկիցը: Այսօր հերթը ձերն է: Բժշկական համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ Հայաստանում և ամբողջ աշխարհում որակյալ ու պահանջված մասնագետներ են, կարծում եմ, որ դուք շարունակելու եք այդ գործը: Բուհում ստեղծված են բոլոր պայմանները, որոնք կնպաստեն ձեր լավագույն ուսմանը»,-առաջին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը՝ ներկայացնելով ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, դասավանդվող առարկաների ցանկը, քննությունների անցկացման, կարգապահության, իրավունքների և պարտականությունների և այլ ընթացիկ հարցերը:

 Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը, շնորհավորելով նորեկների մուտքը բժշկական կրթօջախ, հաջողություններ մաղթեց ուսումնառության ընթացքում։

 «Այս օրը ձեր կյանքի կարևոր էջերից է․ դուք փակեցիք մանկապատանեկան տարիների գիրքը և բացեցիք նոր՝ ուսանողական կյանքի էջը։ Մեծ հաջողություն է հաղթահարել ընդունելության բարձր շեմը, և դա ձեր առաջին մեծ ձեռքբերումն է», – նշեց Լազար Եսայանը` կարևորելով ոչ միայն մասնագիտական գիտելիքի, այլև մարդկային արժեքների դրսևորումը՝ ընդգծելով, որ բժշկի կոչումն, առաջին հերթին, մարդասեր լինելու մեջ է։

Նա կոչ արեց առաջին կուրսեցիներին լինել կարգապահ, ազնիվ, ակտիվորեն մասնակցել ուսումնական գործընթացին, բայց նաև չմոռանալ երիտասարդության մասին՝ համատեղելով ուսումը և ուսանողական կյանքը։

Այնուհետև դեկանը ներկայացրեց ֆակուլտետի աշխատակազմը և ուսանողական ակտիվը՝ խոսքը փոխանցելով դեկանի տեղակալ Աննա Ավետիսյանին, որը մեջբերեց Հիպոկրատի պատգամը․ «Սերը դեպի բժշկական արվեստ հենց սերն է դեպի մարդկություն»։

«Լավ բժիշկ դառնալու գրավականը պատասխանատվության բարձր գիտակցումն է, լավ սովորելը և լավ մարդ լինելը: Բժշկի կոչումը ենթադրում է մեծ պատասխանատվություն, անսահման նվիրում և հետևողական աշխատանք։ Դուք հենց այսօր պետք է սկսեք ձեզ զինել այդ որակներով»,– ասաց նա` ներկայացնելով ուսումնական գործընթացին վերաբերող կազմակերպչական և կարգապահական հարցեր՝ առաջին կուրսեցիներին ուղղորդելով դեպի արդյունավետ ուսանողական կյանք։

Դեկանի տեղակալը հորդորեց առաջին կուրսեցիներին ՝ զգոն լինել մասնագիտական ճանապարհին՝ հիշեցնելով, որ բժշկության մեջ սխալներն անթույլատրելի են։

Առաջին կուրսեցի դեղագետներին, ավանդույթի համաձայն, ողջունեցին ակադեմիկոս, անվանի դեղաբան Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում` դեղագիտական ֆակուլտետի ղեկավար կազմով:

«Լինել բժշկական համալսարանի ուսանող՝ բացի պատվաբեր լինելուց, նաև մեծ պատասխանատվություն է: Այս պահից սկսում ենք աշխատանքը: Ուսանողները երբեմն մտածում են, որ կարևորն ընդունվելն է, բայց ուզում եմ, որ առաջին իսկ օրվանից լուրջ մոտենաք ուսմանը, լրջությունն այս հարցում կարևոր է, որովհետև դուք սովորելու եք և՛ հիմա, և՛ ավարտելուց հետո` հետդիպլոմային ուսուցման ընթացքում, և՛ ամբողջ կյանքում, այլապես միայն դիպլոմ ունենալը ձեզ որևէ հնարավորություն չի տա աշխատելու կամ աշխատանք գտնելու», – իր տեղակալներին ներկայացնելուց հետո, դիմելով առաջին կուրսեցիներին, ընդգծեց դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը:

Նախքան նորեկների համար դեղագետի մասնագիտությանն անդրադառնալը՝ նա հանգամանալից խոսեց համալսարանի կառուցվածքի, ուսումնական պրոցեսի ու ընթացակարգերի մասին, որոնց պետք է տեղյակ լինի յուրաքանչյուր սովորող` հետևելով ինչպես ԵՊԲՀ կայքում, այնպես էլ այլ առցանց կրթական հարթակներում, սոցիալական էջերում մշտապես թարմացվող տեղեկատվությանը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը, ողջունելով կուրսանտներին, ընդգծեց․ «Դուք բժշկական բուհի լիարժեք անդամ եք։ Բոլոր ամբիոնները, բոլոր լսարանները ձեր տրամադրության տակ են։ Ձեզնից պահանջվում է մեկ բան՝ լինել աշխատասեր և սովորել, բարձր պահել ռազմական բժշկի պատիվը։ Ձեր երկրորդ խնդիրը կարգապահությունն է»։

Զինվորական համազգեստը, նրա խոսքով, լրջորեն պարտավորեցնող է։ Մինչև համալսարանում կրթական պրոցեսի մեկնարկը ՌԲՖ կուրսանտները, որպես կանոն, անցնում են «Երիտասարդ մարտիկ» ծրագիրը։ «Այս տարի նրանք անցել են 3-րդ բանակային կորպուսի հիմքի վրա կազմված կուրսը, որը բավականին հագեցած էր։ Նրանք անցել են ֆիզիկական և զինվորական պատրաստության բոլոր  էլեմենտները, կրակային պատրաստություն, ինչպես նաև տարբեր տեսակի արգելապատնեշների հաղթահարում․ թե՛ ջրային, թե՛ ցամաքային, թե՛ երթեր ոտքով երկար տարածություններ՝ 10-15 կմ՝ ամբողջական հանդերձանքով։ Մեր կուրսանտները մեծ գովասանքի արժանացան տեղի հրամանատարության կողմից։ Նույնիսկ միջնորդել են ինձ, որպեսզի շատ կուրսանտների շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեմ», – նշեց Վարդան Ծատուրյանը։