Ուսանողները մասնակցել են Չինաստանի Վեսթլեյք համալսարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին

Ուսանողները մասնակցել են Չինաստանի Վեսթլեյք համալսարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արփի Մկրտչյանը և «Պատիվ ունեմ» ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Համլետ Խաչատրյանը մասնակցել են Չինաստանի Վեսթլեյք համալսարանի կողմից կազմակերպված երկշաբաթյա ամառային դպրոցին՝ «Բնական գիտությունների սահմաններ» խորագրով։

Ծրագրի նպատակն էր մեկ հարկի ներքո համախմբել 149 ուսանողի աշխարհի 25 երկրից՝ ստեղծելով միջավայր համատեղ ուսուցման, միջազգային փորձի փոխանակման և բնական գիտությունների բնագավառում գիտելիքի ու հմտությունների զարգացման համար։
Միջոցառումը ներառում էր արդի գիտության առանցքային ուղղություններ՝ ուռուցքաբանություն, իմունաբանություն, մոլեկուլային կենսաբանություն և գենետիկա, կառուցվածքային կենսաքիմիա, կորոնավիրուս և նեյրոդեգեներատիվ հիվանդություններ։

Ամառային դպրոցի ընթացքում հերացիականները մասնակցել են դասախոսությունների՝ անցկացված Վեսթլեյքի, Տորոնտոյի, Յեյլի, Սթենֆորդի, Չիկագոյի, Կալիֆորնիայի Սան Դիեգոյի և այլ համալսարանների նշանավոր պրոֆեսորների կողմից։

Ուսանողները ներգրավվել են նաև լաբորատոր աշխատանքներում, ծանոթացել համալսարանական քաղաքի ենթակառուցվածքներին, մասնակցել մշակութային և ճանաչողական էքսկուրսիաների Հանջոու քաղաքում։

Ապագա բժիշկները նշում են, որ մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը և բժշկական մայր բուհը միջազգային այս հարթակում։

Նրանց խոսքով՝ ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքն ու հմտությունները կարևոր դեր են ունեցել՝ հնարավորություն ընձեռելով բարձր ակտիվություն և ներգրավվածություն ցուցաբերելու ամառային դպրոցի ողջ ընթացքում և ծանոթանալու գիտության վերջին ձեռքբերումներին ու զարգացման միտումներին։