«Հերացի» համալսարանական հիվանդանոցում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում պացիենտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը» թեմայով։
Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝ կատարելագործել ղեկավար կազմի կարողությունները և գործնական հմտությունները արտակարգ իրավիճակներում, ստուգել հիվանդանոցային համալիրի արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի (ԱՌԿ պլան) իրագործելիությունն ու իրատեսությունը։
Ուսումնավարժությանը մասնակցեցին ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբը, աղետների ռիսկի կառավարման խորհուրդը, աղետների բժշկության խումբը, բուժանձնակազմը և պացիենտները։ Վարժանքների ընթացքում իրականացվեցին տարհանման, հրդեհաշիջման և առաջին օգնության ցուցաբերման գործնական գործողություններ։
Հատուկ ակտիվություն ցուցաբերեցին հիվանդանոցի պահպանության ծառայությունն ու աղետների բժշկության խումբը։
Պահպանության ծառայության աշխատակիցները համակարգված իրականացրին տարհանումը՝ ապահովելով աշխատակիցների և պացիենտների անվտանգ տեղաշարժը։
Աղետների բժշկության խմբի անդամները օպերատիվ արձագանքեցին իրավիճակին՝ տրամադրելով անհրաժեշտ առաջին օգնություն տուժածներին։
Ուսումնավարժության ամփոփմանը տրվեցին համապատասխան հանձնարարականներ, որոշում կայացվեց անցկացնել լրացուցիչ ուսուցումներ՝ աշխատակիցների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար։
Այսպիսի վարժանքները նպաստում են առողջապահական հաստատությունների կայունության և դիմակայունության բարձրացմանը՝ բնական կամ տեխնածին աղետների դեպքում։