ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտներ Սեյրան Նաղդալյանն ու Տիգրան Հարությունյանը ստացել են ենթասպայի զինվորական կոչում և պայմանագրի համաձայն 3 տարով մեկնել զորամասային օղակ ծառայության որպես գումարտակի բուժակ:
Սովորելով բժշկական համալսարանի քոլեջում` տղաներն ավելի հաստատակամ են եղել հետագայում բարձրակարգ բժիշկ դառնալու իրենց որոշման մեջ, ուստի, ստանալով միջին մասնագիտական կրթություն և պայմանագրային ծառայության մեկնելուց առաջ, ընդունվել են Ընդհանուր բժշկության ֆակուլտետ:
Որոշումն արտացոլում է երիտասարդների գիտակցված ընտրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը` ինչպես կրթության, այնպես էլ հայրենիքի պաշտպանության հանդեպ։
«2019 թվականին ընդունվել եմ բժշկական համալսարանի քոլեջի «Բուժական գործ» մասնագիտությամբ: Ի սկզբանե հետաքրքրված եմ եղել և բժշկությամբ և զինվորական գործով, միշտ ցանկացել եմ համատեղել: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել եմ Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ ուղղությունս տալով քաղաքացիական բժշկությանը: Համալսարան ընդունվելուց հետո նշանակվել եմ Գեղարքունիքի մարզի N զորամասի գումարտակի բուժկետի պետ, արդեն 2 տարի ծառայության մեջ եմ, մեկ տարի հետո կզորացրվեմ և կգամ բուհ սովորելու»,-նշում է Սեյրան Նաղդալյանը՝ շեշտելով, որ իր հիմնական նպատակը հնարավորինս շատ մարդկանց օգնելն է, ինչը և զինվորական ծառայության մեջ, առավել ևս զինվորական բժշկի, բուժակի համար մեծ պատասխանատվություն և պարտավորություն է:
Տիգրան Հարությունյանի խոսքով՝ ուսումը բժշկի մասնագիտության մեջ անքննարկելի դեր ունի: «Քոլեջի բուժական գործ ֆակուլտետում չորս տարի ուսումնառությունից հետո, ավարտական քննություններին զուգահեռ, ընդունվել եմ Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, իսկ մեկ ամիս հետո մեկնել եմ ծառայության՝ նշանակվելով Տավուշի մարզի N զորամասի դիվիզիոնի բուժկետի պետ, այնուհետև տեղափոխվել եմ երկրորդ հրաձգային գումարտակի բուժկետի պետ, որից հետո առաջին հրաձգային գումարտակի բուժկետի պետ, որտեղ ներկայումս շարունակում եմ ծառայությունս: Մեկ տարի հետո ավարտելով ծառայությունս կներկայանամ ուսում ստանալու: Մեր մասնագիտության հիմնական գործը առաջին օգնությունն է: Առաջին բուժօգնության սխալ ցուցաբերումը ավելի վատ ելքի կարող է հանգեցնել, քան դրա բացարձակ բացակայությունը»,-հավելում է Տիգրանը: