Բժշկական համալսարանում մեկնարկեց «Հայ-գերմանական Ուռուցքաբանության դպրոցի» (ArGOS-Armenian German Oncology School) 7-րդ հանդիպումը։
Սեպտեմբերի 4-6-ը նախատեսված հերթական գիտաժողովը համախմբել է հայ և գերմանացի ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետներին, հայազգի և օտարերկրացի ապագա բժիշկներին։
Միջոցառման բացման խոսքում Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ Հայ-գերմանական Ուռուցքաբանության դպրոցի հանդիպումներն անցկացվում են ամեն տարի․ այս տարի շեշտը դրված է քաղցկեղի և կյանքի որակի բարելավման կարևորության վրա։ Կքննարկվեն քաղցկեղ ունեցող պացիենտների կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, դրան նպաստող գործոնները։
«Ելույթ կունենան ինչպես գերմանական կողմից հրավիրված մասնագետները, այնպես էլ մեր Համաճարակաբանության, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնների դասախոսական կազմի ներկայացուցիչները։ Զեկույցներով հանդես կգան նաև երիտասարդ դասախոսները, որոնք նոր են ներգրավվել ամբիոնների և դպրոցի աշխատանքներում», – ընդգծեց Մարինե Հովհաննիսյանը։
ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերը նկատեց, որ սա արդեն 12-ամյա համագործակցության պատմության շարունակությունն է։ «Մենք նախաձեռնեցինք ծրագիրրը դեռևս 2013 թվականին՝ որպես կլինիկական փոխգործակցություն։ Քայլ առ քայլ ծրագիրն ընդլայնվեց, և սկզբում ներառեցինք հանրային առողջության ոլորտը, արդեն 3 տարի է, ինչ ներառել ենք նաև ուռուցքաբանությունը։ Այսօր մենք նշում ենք հայ-գերմանական համատեղ նախաձեռնության 7-րդ տարեդարձը։ Ծրագիրը նաև ենթադրում է մասնագետների փոխանակում․ մենք կարող ենք հրավիրել հայ բուժքույրերին Գերմանիա, որոնք կփոխանցեն ձեռք բերված գիտելիքը։ Այս տարի առաջին անգամ հանրային առողջության մասնագետները 4-շաբաթյա դասընթացի արդյունքում կմիանան մեր հետազոտական խմբերին Գերմանիայում, և կմեկնարկեն համատեղ հետազոտական նախագծերը», – տեղեկացրեց գերմանացի պրոֆեսորը։
Մասնագիտական զեկույցների շարքը բացեց Համաճարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Գևորգ Նալբանդյանը՝ «Քաղցկեղի համաճարակաբանական միտումները Հայաստանում» զեկույցով։
Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս Անահիտ Աբրահամյանն անդրադարձավ Երևանում 7-9-րդ դասարանների աշակերտների շրջանում համացանցի օգտագործման հետ կապված ճանաչողական գործառույթների փոփոխություններին։ Հաննովերի բժշկական դպրոցի առաջատար մասնագետ Քրիստիան Քրաութը խոսեց ուռուցքաբանության կանխարգելման և խնամքի վերաբերյալ առողջապահության տնտեսական տեսանկյունից։ Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Գուլիա Օհանն անդրադարձավ Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութի նկատմամբ երկմտանքի հաղթահարմանը, մարտահրավերներին և դրա կիրառման բարելավման ռազմավարությանը։ Պրոֆեսոր Յորգ Հայերն արծարծեց էթիկական մարտահրավերները քաղցկեղի պերսոնիֆիկացված բժշկության մեջ։
Հանրային առողջության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արփի Մկրտչյանը «Ֆիզիկական ակտիվության ազդեցությունն առողջության վրա» թեմայի շուրջ խոսեց:
Բոննի համալսարանի առաջատար մասնագետ Նիկոլոզ Գամբաշիձեն հանգամանալից ներկայացրեց EUnetCCC (the European network of Comprehensive Cancer Centers) ծրագիրը և քաղցկեղի եվրոպական հեռանկարը։ Իսկ շարքն ամփոփեց Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ Անի Արմենակյանը՝ ներկայացնելով աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների ընտանիքների կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումները։
«Հայ-գերմանական Ուռուցքաբանության դպրոցի» (ArGOS-Armenian German Oncology School) 7-րդ հանդիպումը կշարունակվի սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում։