Քննարկում-սեմինարը, որը վարում էր միջազգային ճանաչում ունեցող նյարդաբան և էպիդեմիոլոգ, պրոֆեսոր Պիեռ-Մարի Պրյոն (Pierre-Marie Preux, MD, PhD) համալսարանականներին հնարավորություն ընձեռեց շուրջ երկու ժամ ունկնդրել կլինիկական և գիտական հարուստ փորձի վրա հիմնված մասնագիտական նյութ:
Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի հրավերով է Ֆրանսիացի կոլեգան առաջին անգամ հյուրընկալվում Հայաստանում, բժշկական բուհում: Պրոֆեսորն աշխատում է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի համալսարանում, նա Նյարդաբանության և համաճարակաբանության ինստիտուտի ղեկավարն է։
Պիեռ-Մարի Պրյոն ճանաչված մասնագետ է նյարդաէպիդեմիոլոգիայի, հատկապես՝ զարգացող երկրներում էպիլեպսիայի և դեմենցիայի տարածվածության ու կանխարգելման հարցերում։
«Բավականին մեծ փորձ ունենք համագործակցության: Ծանոթացել ենք և հանդիպել ենք մի սեմինարի ընթացքում, հաստատել ենք կապեր, որից հետո շարունակվում է գործակցությունը: Պրոֆեսոր Պիեռ-Մարի Պրյոն մեր թեմատիկ ֆինանսավորմամբ ծրագրի արտասահմանյան խորհրդատու-մասնակիցն է, համաշխարհային մասշտաբի նյարդաբան և համաճարակաբան»,- նշեց պրոֆեսոր Թադևոսյանը:
«Ես ուրախ եմ այստեղ գտնվել իմ հայ կոլեգաների հետ, ծրագիրը նվիրված է նյարդաէպիդեմիոլոգիայի բնագավառի հետազոտություններին: Դրանք կարևոր են հանրային առողջապահական տեսակետից, հատկապես հետագայում այդ հիվանդությունները կանխարգելելու համար»,- դասախոսությունից առաջ ասաց պրոֆեսոր Պիեռ-Մարի Պրյոն, ով նախքան բուն նյութին անցնելն անդրադարձավ իր անցած ուղուն, խոսեց այն հաստատությունների մասին, որտեղ աշխատում է:
Սեմինարի ընթացքում քննարկվեց Capture – Recapture մեթոդաբանությունը, որը կիրառվում է համաճարակաբանական հետազոտություններում՝ տվյալների թերի հավաքագրման դեպքում հիվանդությունների իրական տարածվածության գնահատման համար։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ստանալ առավել հուսալի պատկեր հիվանդությունների բեռի մասին և օժանդակում է առողջապահական քաղաքականությունների մշակմանը։
Դասախոսությունների նման շարքը Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնում շարունակական է` նպատակ ունի տարբեր նեղ մասնագետներին հաղորդակից դարձնել արտասահմանյան գործընկերների փորձին, ձևավորել նոր կապեր: