Հանրային առողջության ֆակուլտետում մեկնարկեց «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական կրթական ծրագիրի հերթական փուլը: 2025-2026 ուսումնական տարում կրթական ծրագիրն ունի 35 մասնակից՝ ընտրված 80 դիմորդից՝ մրցութային ընդունելության արդյունքում։
Մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների և առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների համար, բուհում կազմակերպվում է արդեն 9-րդ անգամ:
Այն նպատակ ունի պատրաստելու մասնագետներ, ովքեր կկարողանան արդյունավետ ղեկավարել բուժհաստատություններն ու առողջապահական կազմակերպությունները՝ միաժամանակ նպաստելով համակարգի շարունակական զարգացմանը։ Այն տևում է մեկ տարի և առաջարկում է գիտահեն, ժամանակակից, նորարարական կրթություն՝ համադրված գործնական գիտելիքի և իրական փորձի հետ։\
«Բոլորիդ համար համոզված եմ այս ամիսները կդառնան ջերմ հարաբերություններ հնարավորություն՝ կառուցելու գործընկերային միջավայր, բայց դրա հետ մեկտեղ դուք այստեղ կստանաք այնպիսի ակադեմիական շերտեր, որոնք թույլ կտան նոր ոճի կառավարել այն հարթակները, որոնք կառավարելու եք: Բացի բուժական և գիտական աշխատանքներից, մեզ այսօր խիստ անհրաժեշտ են նոր որակի կառավարիչներ տարբեր ոլորտներում՝ ներառյալ առողջապահությունում: Երկար մտորումներից հետո մենք ընտրեցինք մեր տարիների հուսալի գործընկեր «Մենեջմենթ Միքս» կազմակերպության հիմնադիր ղեկավարին՝ պարոն Սեմերջյանին և Հանրային առողջության ֆակուլտետի դեկան տիկին Հովհաննիսյանին, որպեսզի կարողանանք այսպիսի հարթակ ձևավորել: Ծրագիրն արդեն շուրջ 250 շրջանավարտ ապահովեց մեր ժողովրի, պետության համար, կարողացավ ձևավորել այնպիսի հարթակ, որտեղ դուք ստանալու եք համակարգված ակադեմիական գիտելիք, դառնաք ոչ միայն փորձառու ղեկավարներ, այլեւ լինեք միջազգայնորեն ճանաչված ծրագրի շրջանավարտներ:
Ցանկանում եմ, որ տարվա ավարտին տեսնեմ կայացած կառավարիչների, համագործակցության սկզբունքներով ընկերացած գործընկերների, այնպիսի մարդկանց, ովքեր վստահելի կարող են կառավարել այն ոլորտները, որոնք իրենց կվստահեն: Շնորհավորում եմ ձեզ, բարի գալուստ բժշկական համալսարան,- մասնակիցներին ողջունելով ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի 80 դիմորդից 35-ը կարողացավ ունենալ ծրագրին մասնակցելու հնարավորություն:
«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մուրադյանին և տիկին Հովհաննիսյանին, ովքեր վստահեցին «Մենեջմենթ Միքս» ընկերությանը և միասին կարողացանք կյանքի կոչել մի ծրագիր, որը ծառայում է մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկին՝ կառավարմանը, որովհետև մասնագիտությունն է կառավարում այսօր»,-ընդգծեց նա:
Հավելենք, որ մագիստրոսական այս կրթական ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվում է բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում: