Առցանց համաժողով՝ նվիրված Հայաստանի բուհերում թվային կարողությունների շրջանակի մշակմանը

Առցանց համաժողով՝ նվիրված Հայաստանի բուհերում թվային կարողությունների շրջանակի մշակմանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որպես Erasmus+ eCAMPUS նախագծի առաջին աշխատանքային փաթեթի պատասխանատու գործընկեր, նախաձեռնել է առցանց համաժողով՝ նվիրված «Հայաստանի բուհերում թվային կարողությունների շրջանակի մշակման քաղաքականության» քննարկմանը։

Համաժողովը կայացավ 2025թ. օգոստոսի 27-ին՝ ընդգրկելով շուրջ 90 գրանցված մասնակից, որոնցից մոտ 60-ն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին։ Քննարկման հիմնական թեման էր թվային կրթական բարեփոխումների ռազմավարությունը և թվային կարողությունների զարգացման քաղաքականությունը։

Համաժողովի առաջին հատվածում իրենց փորձով կիսվեցին եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները՝

  • Ջովանի Ադորնին (Ջենովայի համալսարան),
  • Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան),
  • Խուակին Լաբրան (Մադրիդի համալսարան),
  • Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ)։

Նրանք ներկայացրին իրենց երկրներում թվային կարողությունների շրջանակների մշակման և գործարկման փորձը։

Համաժողովի երկրորդ հատվածում ելույթ ունեցան հայաստանյան բուհերի ներկայացուցիչները՝

  • Արամ Հայրապետյան (ԵՊԲՀ),
  • Արթուր Ավագյան (ԵՊՀ),
  • Մարիաննա Հարությունյան (ԵՊՄՀ),
  • Լուսինե Ֆլջյան (Հյուսիսային համալսարան)։

Նրանք ներկայացրին թվային կարիքների գնահատման արդյունքները։ Քննարկման առանցքային մասը վերաբերում էր «Թվային կարողությունների շրջանակի» ներդրման քաղաքականությանը, որը ներկայացրեց ԵՊԲՀ կրթության որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը։