Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ղազարյանը բացահայտում է, թե ինչպես որոշեց ընտրել բժշկի մասնագիտությունը:
Բժշկի մասնագիտությունն ու գործը նրան գրավել են փոքր տարիքից:
«Փոքր հասակից դեռևս զարմացել եմ, թե ինչպիսի անթերի և ճշգրիտ է կառուցված մարդու օրգանիզմում ամեն ինչ, և մինչև օրս այդ զարմանքը կա: Մանկուց առաջացած այդ հետաքրքրությանն ու հիացմունքին ժամանակի և տարիքի հետ ավելացան կյանքեր և ճակատագրեր փրկելու, մարդկանց ժպիտ և երջանկություն պարգևելու ձգտումը: Չէ՞ որ մեր և մեր հարազատների կյանքից և առողջությունից թանկ ոչինչ չկա»,-ընդգծում է ապագա բժիշկը:
Նա խոստովանում է, որ բժշկությունից զատ, երբևէ որևէ այլ մասնագիտական ոլորտում իրեն չի տեսել և չի պատկերացնում: Դավիթ Ղազարյանի հորեղբայրը ևս բժիշկ է: Թեև շատ հարցերում իրեն ուղղորդել, խորհուրդներ է տվել, բայց Դավիթը վստահ է՝ ուսանողն ինքը պետք է ձգտի սովորել, իմանալ ավելին:
«Երևանի պետական բժշկական համալսարանը գիտելիքից բացի, մեզ տալիս է շփումների լայն հնարավորություն: Այստեղ ուսանելիս ես հասկացա, թե որքան կարևոր է կարողանալ լսել և աջակցել դիմացինին: Պացիենտի բուժումը միայն բժշկական միջամտություններով չի սահմանափակվում, կարևոր է աջակցել, խրախուսել, լինել հոգատար և հետևողական նրա բուժման հարցում: Մեծ պատասխանատվություն է ընկած բժշկի ուսերին, և ամեն մարդ չէ, որ պատրաստ է կրել այն: Բժիշկ դառնալը, գուցե, ամենահեշտն է, կարևոր է մասնագիտական ճանապարհին անընդհատ կատարելագործվելը, դառնալ լավագույններից մեկը. չէ՞ որ խոսքը կյանքերի փրկության մասին է: Դժվար է լինել անսխալական, բայց, կարծում եմ, բժիշկը այն մարդն է, ով պետք է լինի այս կանոնի բացառությունը: Հենց դա է ընկած մեծ պատասխանատվության հիմքում»,-նշում է ԵՊԲՀ ուսանողը:
Դավիթը որոշել է դառնալ կրծքավանդակային վիրաբույժ: «Մտքերը, ցանկությունները տարբեր տարիներին տարբեր են եղել, բայց որևէ նեղ մասնագիտական այլ ճյուղ ինձ չի հետաքրքրել այնպես, ինչպես կրծքավանդակային վիրաբուժությունը»,-վստահեցնում է ապագա մասնագետը:
Նրա ցանկությունն ու նպատակն է իր հետքը թողնել բժշկության մեջ, անընդհատ զարգանալ, կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները, մեծացնել մասնագիտական կարողությունները, ինչպես ինքն է ասում, ամեն օր դառնալ ավելի լավը, քան նախորդ օրը: