Հոկտեմբերի 14-15-ը կայացավ «Սթրեսը, գեներն ու վիրուսները. եռամիասնություն մարդու քաղցկեղում» խորագրով սիմպոզիումը:
Երկօրյա սիմպոզիումի ընթացքում միջազգային փորձագետների նախաձեռնությամբ քննարկվեց վիրուսաբանության, գենետիկայի և շրջակա միջավայրի սթրեսի դերը մարդու քաղցկեղի առաջացման գործընթացում:
Փարիզի Պաստյորի ինստիտուտի Վիրուսաբանության բաժնի ղեկավար, մեր հայրենակից Ժան-Պիեռ Վարդանյանի խոսքով` մասնակիցներին ներկայացվեց ինստիտուտի գործունեությունը, որը նպատակ ունի քննարկումների և գաղափարների փոխանակման միջոցով գործող և ապագա բժիշկներին հնարավորություն ընձեռել վերապատրաստվելու Ֆրանսիայի առաջատար հաստատություններից մեկում: Ուսանողների փոխանակման ծրագրերը, նրա համոզմամբ, կնպաստեն ԵՊԲՀ-ի և Փարիզի Պաստյորի ինստիտուտի միջև համագործակցությանը ոչ միայն կլինիկական, այլև կրթական ոլորտում։
«Մեր նպատակն է նպաստել կրթության որակի բարելավմանը, այդ թվում` որոշակի դասընթացների կազմակերպման և անցկացման միջոցով», – ընդգծեց Ժան-Պիեռ Վարդանյանը` պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունը բժշկական բուհի հետ։
Փարիզի Պաստյորի ինստիտուտի միջուկային կազմակերպման և ուռուցքաբանության բաժնի գիտահետազոտական տնօրեն Պասկալ Պինոն արդեն երկրորդ անգամ էր Հայաստանում: Ֆրանսիացի մասնագետն ընդգծեց գիտական դիվանագիտության կարևոր դերը միջինստիտուցիոնալ փոխհարաբերությունների հաստատման գործում: «Մենք ներկայացնում ենք մի հնագույն հաստատություն, որը պարբերաբար զարգացնում է կապերն արտասահմանյան երկրների հետ: Սա մեր աշխատանքի մի մասն է: Մենք դասավանդում ենք և հետազոտություններ իրականացնում. դա մեր ինստիտուտի առաքելության անբաժան մասն է: Հետևաբար մեզ համար շատ կարևոր է Հայաստան գալը՝ համատեղ ծրագրեր մշակելու և իրագործելու նպատակով», – նշեց Պասկալ Պինոն:
Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի համոզմամբ` այս մակարդակի գիտնականների հետ շփումն ուսանողների համար ոգեշնչող է: «Նրանք շրջում են ամբողջ աշխարհով: Սա պետք է ուսանողի կամ երիտասարդ բժշկի համար բացահայտի աճելու ճանապարհներ և օգնի հասկանալու, որ գիտությունը շատ լայն, միջազգային, սահմաններ չճանաչող է: Այս մակարդակի մարդիկ շատ լավ օրինակ են, և նրանց լսելը կարևոր է նաև այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը, լինելով անհատականություն, ներկայացնում է իր ուրույն ոճը, դասավանդման մեթոդները: Ուսանողը պիտի լսի տարատեսակ դասախոսություններ, որպեսզի կարողանա լայնացնել աշխարհայացքը», – հավելեց համալսարանականը:
Նշենք, որ Բաց բժշկական ինստիտուտի հետ ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի և միջոցառումների ազգային համակարգողն է Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Աստղիկ Մարկոսյանը, որի անմիջական ջանքերով էլ հնարավոր դարձավ ֆրանսաբնակ գիտնականների հանդիպումը համալսարանականների հետ:
Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Բաց բժշկական ինստիտուտի և Փարիզի Պաստյորի ինստիտուտի հետ գործակցությամբ և նախատեսված էր բժիշկների, հետազոտողների, ինչպես նաև ուսանողների համար:
Մասնակիցներին տրվեցին վկայականներ։