Ներկայացվեցին 2025-2026 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդները

Ներկայացվեցին 2025-2026 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդները

Ռեկտորատի հոկտեմբերի 20-ին հրավիրված նիստում ներկայացվեցին  2025-2026 ուսումնական տարում  անվանական կրթաթոշակի հավակնող ուսանողները:

Ֆակուլտետների դեկանները ռեկտորատի անդամների երաշխավորությանը ներկայացրին կրթաթոշակի հավակնող ապագա բժիշկներին` հաջորդիվ Գիտական խորհրդի նիստում հաստատման համար:

Բժշկական բուհն այս տարի կունենա Մխիթար Հերացու անվան երեք անվանական կրթաթոշակառու:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող  Լիանա Գասպարյանը (գնահատականների միջին թվաբանությամբ ամենաբարձր միավորով),  նույն կուրսից Մարիա Գրիգորյանը և Հայկ Բարսեղյանը  այս ուսումնական տարում կկրեն բուհական այս պատվաբեր կոչումը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից  Բարդուղիﬔոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակի է հավակնում Լևոն Խառատյանը, Լևոն Հովհաննիսյանի անվան` Գայանե Աղաբաբյանը, Վահան Արծրունու անվան` Հասմիկ Պետրոսյանը և Գրիգոր Արեշյանի  անվան`  Լևոն Գասպարյանը:

Նույն ֆակուլտետի կրկին 6-րդ կուրսի ուսանող Լիա Խաչիկյանը Վիկտոր Ափոյանի անվան կրթաթոշակի հավակնորդ է:

Ինչպես բժշկագիտության բնագավառի անվանի բժիշկ-գիտնականների բոլոր կրթաթոշակների, այնպես էլ  բժշկական բուհի այս նոր կրթաթոշակի դեպքում սահմանված են համապատասխանության հստակ պայմաններ:

Ստոմատոլոգիական ֆակուլտետից  Ռուբեն Յոլյանի անվան կթաթոշակի հավակնորդ է Հասմիկ Բերբերյանը, իսկ  Դեղագիտական ֆակուլտետից` Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակի հավակնորդ է  Մարի Մարտիրոսյանը, Էմիլ Գաբրելյանի անվան («Լիկվոր» ՓԲԸ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում)` մագիստրատուրայի ուսանող Մադլենա Ծատուրյանը:

Ռազմաբժշկական ֆակուլտետից` Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակի հավակնորդը 6-րդ կուրսի կուրսանտ Գարիկ Աղաջանյանն է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորեց անվանական կրթաթոշակի հավակնորդներին որպես բժշկական բուհի լավագույն այցեքարտ ճանաչելը՝ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսական կազմի կողմից։

Ըստ ոլորտների՝ պրոռեկտորներին նա հանձնարարեց Կարիերայի զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ բարձր առաջադիմություն ունեցող այս երիտասարդների համար դիտարկել աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ ըստ նրանց նախապատվություն տրված ուղղվածության, որպեսզի զբաղվածության առաջին առաջարկը նրանք ստանան հենց բուհի կողմից։

Թեկնածուներից ռեկտորը հետաքրքրվեց նեղ մասնագիտացումներով և կարևոր մասնագիտական ընտրության շեմին կանգնած հերացիականներին մաղթեց թե՛ տեսական, թե՛ կլինիկական, թե՛ գիտական հետագա ուղղություններում շարունակական հաջողություններ։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Մինասյանը նշեց, որ այս տարի աննախադեպ բարձր է անվանական կրթաթոշակի հավակնորդ ուսանողների ոչ միայն առաջադիմությունը, այլև օտար լեզվի իմացության մակարդակը։  Ֆակուլտետը ռեկտորատի հաստատման համար ներկայացրել է 7 անվանական կրթաթոշակի թեկնածու, մինչդեռ մրցութային գործընթացի ընթացքում նրանց թիվը կազմել է 16-ը։

Ռեկտորատի անդամները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարված  աշխատանքների մասին։

«Հերացի» ավագ դպրոցը արձակուրդային շրջանում նախաձեռնել է դպրոցականների այցեր համալսարանական երեք բուժհաստատություն, նախատեսվում են նաև մշակութային այցելություններ մոտակա մարզեր։

Ուսանողական խորհրդարանի գործունեությունն այս օրերին կկենտրոնանա առաջին բուժօգնությանը նվիրված դասընթացների կազմակերպման վրա։