Այս ուսումնական կիսամյակի սկզբին Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Կուլիյա Օհանն անցել է վերապատրաստում Եվրոպական Կլինիկական Միկրոբիոլոգիայի և Վարակիչ Հիվանդությունների Միության (ESCMID) համագործակցային կենտրոնում՝ Լազարո Սպալլանզանիի անվան Վարակիչ Հիվանդությունների Ազգային Ինստիտուտի (INMI Spallanzani) հիվանդանոցում՝ Հռոմում:
Վերապատրաստման ընթացքում նա հնարավորություն է ունեցել խորացնել գիտելիքն ինչպես համաճարակաբանության, այնպես էլ վարակիչ հիվանդությունների ոլորտներում:
SERESMI-ում նա ուսումնասիրել է Իտալիայի համաճարակաբանական դիտարկման համակարգերն ու Լացիո շրջանի վարակի հսկողության առանձնահատկությունները։
Նա նաև մասնակցել է պացիենտների այցելություններին և խորհրդատվություններին՝ ներառյալ միգրանտների և ճանապարհորդների դեպքերը, ինչպես նաև դիտարկել է հետաքրքիր կլինիկական իրավիճակներ խիստ մեկուսացման բաժանմունքում, որը մասնագիտացված է արևադարձային բժշկության մեջ։ Այս վերապատրաստումը մեծապես ընդլայնել է նրա մասնագիտական աշխարհհայացքը և խթանել՝ իր աշխատանքում առավել արդյունավետ կերպով համատեղելու հսկողությունը, կանխարգելումը և պացիենտի համապարփակ խնամքը, ինչը կարող է կիրառվել ամբիոնի գիտաուսումնական աշխատանքում: