ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական ընկերության կողմից նոյեմբերի 5-ին իրականացվեց «ECG 2.0 – Decode the Leads» միջոցառումը, որի նպատակն էր խորացնել ուսանողների գիտելիքը էլեկտրասրտագրության (ԷՍԳ) վերծանման և դրա կիրառման ոլորտում։
Միջոցառումն ընդգրկում էր երկու հիմնական մաս՝ տեսական դասախոսություն և գործնական քննարկումներ։
Տեսական հատվածում Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի ասիստենտ Անի Ռափյանը ներկայացրեց ԷՍԳ-ի մեկնաբանման սկզբունքները, վերլուծության փուլերը և այն կլինիկական իրավիճակները, որտեղ ճիշտ վերծանումը կարող է վճռորոշ լինել պացիենտի ախտորոշման և բուժման համար։
Գործնական հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ստացած գիտելիքը՝ ուսումնասիրելով տարբեր կլինիկական օրինակներ, համեմատելով արդյունքները և քննարկելով բժշկական որոշումների ընդունման գործընթացը։
«ECG 2.0 – Decode the Leads» միջոցառումը նպաստեց ուսանողների մասնագիտական մտածողության ձևավորմանը, ախտորոշման հմտությունների զարգացմանը և տեսական իմացության գործնական կիրառմանը՝ միաժամանակ խթանելով թիմային համագործակցությունն ու ակտիվ մասնակցությունը։