Նոյեմբերի 14-ը` շաքարային դիաբետի իրազեկման միջազգային օր

Նոյեմբերի 14-ը` շաքարային դիաբետի իրազեկման միջազգային օր

Շաքարային դիաբետի (ՇԴ) իրազեկման միջազգային օրը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, առողջապահության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների և հասարակության համար գլոբալ հնարավորություն է համախմբվելու` հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դրա հետ կապված գործողությունների հրատապ անհրաժեշտությունը մատնանշելու համար: Շաքարային դիաբետ ունեցող միլիոնավոր մարդիկ ամեն օր բախվում են աշխատավայրում իրենց վիճակը կառավարելու դժվարությունների հետ, այդ թվում՝ խտրականության, կարծրատիպերի և մեկուսացման։ Սա բացասաբար է անդրադառնում նրանց բարեկեցության վրա։

Այդ իսկ պատճառով այս տարի՝ նոյեմբերի 14-ին, միջազգային առողջապահական կառույցներն ու կազմակերպությունները կոչ են անում ակտիվ մասնակցություն ունենալ արշավին և հնարավորինս աջակցել «Իմանալ ավելին և ավելին անել աշխատավայրում շաքարային դիաբետի դեմ պայքարելու համար» հասարակությանն ուղղված կոչին:

  • Շաքարային դիաբետով ապրող 10 մարդուց 7-ը գտնվում են աշխատունակ տարիքում:
  • Շաքարային դիաբետով ապրող 4 մարդուց 3-ն իրենց հիվանդության պատճառով զգում են անհանգստություն, դեպրեսիա կամ հոգեկան առողջության հետ կապված այլ խնդիրներ են ունենում:
  • Շաքարային դիաբետով ապրող 5 մարդուց 4-ը իրենց կյանքի ընթացքում զգում է, թե ինչ է հուզական այրումը` շաքարային դիաբետի պատճառով:

Հիմնական փաստեր շաքարային դիաբետի մասին.

  • 1-ին տիպի շաքարային դիաբետը կանխարգելելի չէ։
  • 2-րդ տիպի դիաբետը հաճախ կանխարգելելի է առողջ սննդակարգի, կանոնավոր ֆիզիկական ակտիվության, մարմնի նորմալ քաշի պահպանման և ծխախոտի օգտագործումից խուսափելու միջոցով։
  • Դիաբետը կուրության, երիկամային անբավարարության, սրտի կաթվածի, ինսուլտի և ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից մեկն է։
  • Հիվանդությունը կարող է բուժվել, և դրա բարդությունները կարող են կանխվել կամ հետաձգվել կանոնավոր սկրինինգային և բուժական հետազոտությունների միջոցով։
  • Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար անցնեն հետազոտություններ՝ հնարավոր բարդությունների վաղ հայտնաբերման համար։ Սա ներառում է երիկամային հիվանդությունների համար սկրինինգներ, աչքերի կանոնավոր հետազոտություններ և ստորին վերջույթների հետազոտություն։
  • Ծխելը թողնելը 30-40%-ով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։
  • Շաքարային դիաբետը կապված է տուբերկուլոզ հիվանդության առաջացման կրկնակի ռիսկի և բազմադեղակայուն տուբերկուլոզի առաջացման ավելի բարձր ռիսկի հետ։ Տուբերկուլոզով և դիաբետով ապրող մարդիկ երկու անգամ ավելի հավանական է, որ մահանան տուբերկուլոզի բուժման ընթացքում և կրկնակի ռիսկ ունեն տուբերկուլոզի կրկնության՝ բուժման ավարտից հետո։
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց միայն գրեթե 50%-ն է ստանում անհրաժեշտ ինսուլինը, հաճախ այն պատճառով, որ իրենց երկրի առողջապահական համակարգերը չեն կարող դա թույլ տալ։

Վերջին երեսուն տարիների ընթացքում ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով ապրող մարդկանց թիվը 108 միլիոնից հասել է 420 միլիոնի. 62 միլիոն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ապրում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանում: 1980 թվականից ի վեր տարածաշրջանում այս թիվն աճել է ավելի քան երեք անգամ և կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քանի որ մարդկանց 40%-ը տեղյակ չէ իր վիճակի մասին և չի ախտորոշվում:

Շաքարային դիաբետի հետ կապված հիվանդությունների բեռը հսկայական է և շարունակում է աճել. ընդամենը 20 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում շաքարային դիաբետից մահացությունն աճել է ավելի քան 50%-ով:

Հայաստանում, ըստ վիճակագրական կոմիտեի 2024թ.-ի տվյալների, 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետի հիվանդացությունը կազմում է 121.386` 15 և ավելի բարձր տարիքային խմբում, որը 100.000 բնակի հաշվով կազմում է 4928.4, այս ցուցանիշը 2.4 անգամ գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշին և 1.5 անգամ 2015թ.-ին գրանցված ցուցանիշին:

0-14 տարեկանների խմբում 2024թ.-ի տվյալների համաձայն ընդհանուր հիվանդացության բացարձակ արժեքը կազմել է 623, կամ 109.2` 100.000 բնակչի հաշվով: Ցուցանիշը գերազանցում է 2010, 2015  և 2020թթ.-ին գրանցված ցուցանիշներին` համապատասխանաբար 2.8, 2.9 և 1.3 անգամ:

ՇԴ-ից մահացությունը մեր երկրում 2024թ.-ին կազմել է ընդհանուր մահերի 1.4%-ը (բացարձակ արժեք` 365 կամ 12.03` 100.000 բնակչի հաշվով), որն ակնհայտ նվազում է` համեմատած 2005թ.-ի 6%-ի (բացարձակ արժեք` 1570),  2010թ.-ի 5%-ի (բացարձակ արժեք`1395) և 2015թ.-ի 4.6%-ի հետ (բացարձակ արժեք` 1276):

Արձանագրված 365 մահվան դեպքերից 243-ը կանայք են եղել, 122` տղամարդիկ, իսկ մահերի գերակշիռ մասը գրանցվել է 70 և ավելի բարձր տարիքի անձանց մոտ` կանանց 71%-ը և տղամարդկանց 49%-ը:

2024թ.-ին ՀՀ բնակչության կյանքում առաջին անգամ ախտորոշված շաքարային դիաբետի դեպքերը 15 և բարձր տարիքային խմբում կազմել են 11.152` 100.000 բնակչի հաշվով, այս ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2005թ.-ի ցուցանիշին (5439), 1.7 անգամ 2010թ.-ի ցուցանիշին (7052) և 1.3 անգամ` 2015թ.-ի ցուցանիշին:

0-14 տարեկանների խմբում առաջին անգամ ախտորոշված շաքարային դիաբետի դեպքերի թիվը 99-ն է, որը զիջում է 2022 և 2023թթ.-ին գրանցված դեպքերին (համապատասխանաբար 133 և 106 դեպք):

Շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է  նաև պահպանել առողջ սննդակարգ, հնարավորինս քիչ ածխաջրերով սնունդ, ունենալ բարձր ֆիզիկական ակտիվություն և խուսափել ծխելուց: Սրանք են կարևորագույն  գործոնները: 50-55% դեպքերում  այս հիվանդությունը պայմանավորված է սխալ ապրելակերպով, որի կանխարգելումը սակայն պարզ է: Դեղորայքային  բուժումը վերջին տեղն է զբաղեցնում։ Առաջին տեղում է ֆիզիկական ակտիվությունը, երկրորդ տեղում` ռացիոնալ սննդակարգը:

Ակտիվ և առողջ ապրելակերպը խրախուսելով և ակտիվ ֆիզիկական կյանք վարելով, բալանսավորված սնունդ օգտագործելով, ինչպես նաև սթրեսները կառավարելով, սթրեսակայունություն և սթրեսների կանխարգելման  հմտություններ ձեռք բերելով, հնարավոր է  խուսափել ինչպես դիաբետից, այնպես էլ նրա բարդություններից: