«ԲՑԺ պատվաստում» դասընթացը` բժշկական բուհում

«ԲՑԺ պատվաստում» դասընթացը` բժշկական բուհում

Բժշկական համալսարանում նոյեմբերի 14-ին անցկացվեց «ԲՑԺ պատվաստում. տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով վարպետաց դաս:

Տեսական և գործական դասընթացի շրջանակում մասնակիցները` մանկաբարձուհիները, բուժքույրերը, ծանոթացան ԲՑԺ պատվաստման տեխնիկային, մոտեցումներին, Մանթու թեստի տեխնիկային, գնահատման տարբերակներին, սառցե շղթայի պահպանման առանձնահատկություններին:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը մասնակիցներին հիշեցրեց ԲՑԺ կամ Կալմետ-Գերինի բացիլ (Bacillus Calmette–Guérin – BCG) կոչվող պատվաստանյութի ծագման և նշանակության մասին: «Սա ամենահին պատվաստանյութն է, որը ներառված է ազգային օրացույցում: 2021 թվականին նշվել է պատվաստանյութի 100-ամյակը», – հայտնեց մասնագետը:

ԲՑԺ-ով հասնել տուբերկուլոզի գլոբալ վերացման, նրա փոխանցմամբ, պրակտիկորեն անհնար է, որովհետև այն ոչ թե տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ է, այլ տուբերկուլոզի բարդությունների կանխարգելման համար է: «ԲՑԺ-ն կանխում է տուբերկուլոզի տարածուն ձևերը, մասնավորապես` տուբեկուլոզային մենինգիտը մինչև 1 տարեկան երեխաների մոտ», – մանրամասնեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Նրա խոսքով` ԲՑԺ-ն, անուղղակիորեն խթանելով իմունային համակարգը, մնացած ինֆեկցիաների առնչությամբ նույնպես ունի որոշակի պաշտպանիչ հատկություն: «Պատվաստանյութն ուներ որոշակի արդյունավետություն նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման առումով: Չկա այնպիսի հասկացություն, որ պատվաստումից հետո օրգանիզմը թուլանում է», – շեշտեց շուրջ 50 հազար պատվաստում հսկած համալսարանական մասնագետը:

Համաճարակաբանության ամբիոնի վարիչը դասընթացի շրջանակում անդրադարձավ պատվաստանյութի ճիշտ ներարկման տեխնիկային, առանձնացրեց երկրները, որտեղ այն լայնամասշտաբ կիրառվում է, ներկայացրեց պատվաստումների էվոլյուցիան, տուբերկուլոզի նոր դեպքերի թիվը` 100 հազար բնակչի հաշվով:

Խոսելով աշխարհում տուբերկուլոզի բեռի մասին` Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ 2021 թվականին աշխարհում տուբերկուլոզի դեպքերի թիվը կազմել է 10.6 մլն, ինչը 4.5%-ով ավելացել է 2020 թվականի համեմատ: «Տուբերկուլոզի մահվան դեպքերի թիվը նույն տարում կազմել է 1.6 մլն, ինչը 6.7%-ով ավելացել է 2020 թվականի համեմատ: 2022 թ. աշխարհի բնակչության մոտ ¼-ը վարակված էր տուբերկուլոզով», – տեղեկացրեց նա:

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարն ամփոփեց ելույթը հետևյալ տեղեկատվությամբ. «Իմունականխարգելման շնորհիվ  վերջին 50 տարվա ընթացքում աշխարհում փրկվել է առնվազն 154 միլիոն մարդու կյանք:  Պատվաստումները կանխում են ավելի քան 6 մահ մեկ րոպեում»:

Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Նաիրա Մելքոնյանը վարպետաց դասի երկրորդ մասում ներկայացրեց Մանթու թեստը: Այն մաշկային ախտորոշիչ թեստ է, որն օգտագործվում է տուբերկուլոզի հայտնաբերման համար, իրականացվում է տուբերկուլինի ներմաշկային ներարկման միջոցով: